Ստարտափ Հայաստան

«Տոտիկ-տոտիկ». ինչպես երկու ընկերուհի բիզնեսը սահմանապահ գյուղեր հասցրեցին․ «Ստարտափ Հայաստան»

Ասում են՝ սատանան մանրուքներում է։ Ասում ենք և հաճախ չենք էլ փորձում մեդալը շրջել և տեսնել, թե ինչ կա մյուս կողմում։

Հակառակ կողմում, սովորաբար, լինում են շատ մանրուքներ, որոնց մեջ կան միայն այնպիսի պատմություններ, որոնք պատմելու հաստատ արժանի են։ Ամեն ինչ սկսվեց մի փոքր սենյակից և ձեռագործ պայուսակից։

Մարիամ Ալեքսանյանը մասնագիտությամբ ռուսերենի ուսուցչուհի է, իսկ Սիլվա Չոբանյանը՝ ռեժիսոր-դերասանուհի։
Աղջիկների մեջ ձևավորված քիմիական նյութերը մի օր ռեակցիա են տվել և երկու գրեթե անծանոթ մարդկանց կապել իրար։

«Տոտիկ» սոցիալական ձեռնարկատիրության նպատակն է համախմբել և համագործակցության հիմքեր դնել ձեռագործությամբ զբաղվող կանանց միջև:

Մարիամի ու Սիլվայի ճանապարհներն հենց սկզբից թեքվել են դեպի Հայաստանի մարզեր: Աղջիկները հստակ նպատակ են ունեցել իրենց բիզնեսը մարզերի կանանց և երեխաների հետ կապելու։

Մարիամ Ալեքսանյանն աշխատում է սահմանապահ Ներքին կարմիրաղբյուր համայնքում։ Ծնվել և ապրել է Երևանում։ Մյուս գյուղերի հետ կապ պահելը կարևոր հարց է, իսկ Մովսես գյուղի հետ կապը յուրահատուկ ամուր է։

Այնտեղի կանանց սովորեցրել են գործել, ցույց են տվել իրեց հնարավորությունները:

Մեր զրույցի ժամանակ, Մարիամը պատմում էր, թե սահմանապահ Մովսես գյուղի կանայք ինչ մեծ ոգևորությամբ են զբաղվել այս գործով, ինչպիսի նոր մտքեր են առաջարկել, որից հետո գործն ավելի է հեշտացել։

Մարիամն ու Սիլվան իմացածով չեն սահմանափակվում, անընդհատ սովորում են։

Օրինակ՝ անցած տարի սովորել են թաղիքագործություն։ Աղջիկների գլխավոր նպատակներից մեկն էլ այն է, որ ցանկանում են մարդկանց վարակել իրենց գործով, բացի դա, հիմա մեկ այլ ծրագիր են իրականացնում մարզերում։

Ինչքան նոր բան սովորեն, այդքան շատ կարող են մարզերի մարդկանց օգնել։

Ինչո՞ւ են քաղաքում ծնված և մեծացած երիտասարդները ձգտում Երևանից դուրս գնալ և իրենց կյանքը հիմնովին փոխել մարզերում։

Եթե բրիտանացի գիտնականներին տայինք այս հարցը պարզելու առաջադրանքը, գուցե կստանայինք բարդ տերմիններով և անհասկանալի բառերով շարադրված պատասխան, բայց իուրախություն բոլորիս, բրիտանացի գիտնականների կարիքն այս հարցում ոնց որ թե չունենք, որովհետև ամեն բան պարզից էլ պարզ է հայի համար։

Մենք սիրում ենք մեր Հայաստան աշխարհն ամբողջությամբ, իսկ Մարիամն ու Սիլվան այսօր իրենց առջև խնդիր են դրել այդ սերն այլ ռակուրսով ցույց տալու։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close