Անկախության պատմություն

Անկախ Հայաստանի մամուլը. «Անկախություն»

Անկախություն հռչակելուց հետո կարճ ժամանակ անց Հայաստանում արդեն կային ամենաբազմազան թերթեր, որոնց մի զգալի մասը այս կամ այն քաղաքական կուսակցության պաշտոնաթերթերն էին։ Դրանցից մեկը Ազգային ինքնորոշում միավորման՝ ԱԻՄ-ի «Անկախություն» թերթն էր։ Մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանն լրագրողական իր գործունեության սկզբում Անկախություն թերթի մարզական թղթակիցն էր։ Մեր զրույցը սկսեցինք վաղուց մոռացված մամուլի կրպակներից, որի դիմաց երկար հերթեր էին գոյանում. այն հեռավոր ժամանակներում մամուլը տեղեկության գրեթե միակ աղբյուրն էր, դե՛հ, իսկ մենք էլ սիրում էինք թերթ կարդալ։

Մայրաքաղաքի թերթի կրպակները հրո ճարակ են դառնում։
Երկիր, 1993թ., 6 հունվարի, 1(343)

Մեր զրուցակցի նշած բոլոր թերթերը նույնպես կուսակցական էին։ Որքանո՞վ էին նրանք պահում լրագրողական օբյեկտիվությունը՝ մի հասկացություն, որն առանց այն էլ հստակ չէ, առավել ևս՝ կուսակցական թերթերի դեպքում։ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ 90-ականների կուսակցական թերթերում տարանջատված էին կուսակցական տեսակետները, հաղորդագրությունները, ընթերցողին հասկանալի էին և շփոթություն չէին առաջացնում։

Անկախություն, 11 հոկտեմբերի, 1991թ.

Թաթուլ Հակոբյանը պատմեց, որ ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը չէր միջամտում թերթի բովանդակային աշխատանքներին, իր կարծիքը չէր պարտադրում։ Մեր զրուցակիցը պարոն Հայրիկյանին բնութագրեց որպես հանդուրժող, իսկապես ազատական համոզմունքներ ունեցող և քննադատությանը հանգիստ վերաբերվող մարդու։

Թերթելով «Անկախություն» էջերը՝ տեսնում ենք բազմաթիվ քաղաքական ծաղրանկարներ, որոնց հեղինակը Ժիրայր Մնացականյանն է։ Իշխանության հետ ԱԻՄ-ի անհամաձայնությունները վերաբերում էին անկախության հանրաքվեին, նախագահական ընտրություններին, Սահմանադրության ընդունմանը և այլ սկզբունքային հարցերի։ Որքան մոտենում էին վճռորոշ իրադարձությունները, այնքան ավելի սուր էին դառնում ծաղրանկարները։ Թաթուլ Հակոբյանի հետ մենք զուգահեռներ անցկացրինք նաև ժամանակակից լրատվական դաշտի հետ՝ արձանագրելով, որ ծաղրանկարի ժանրը ժամանակակից մեդիայում գրեթե չի կիրառվում։

Անկախություն, 9 հոկտեմբերի, 1991թ.
Բացառիկ թողարկում

Այսօր շատերն են նշում, որ մեդիայում և սոցցանցում այսօր երբեմն օգտագործվող անընդունելի բառապաշարը ոչ մի ընդհանրություն չունի խոսքի ազատության հետ, և հետաքրքիր է, թե երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մասնագետներն ինչով են բացատրում այս փոփոխությունը։ Թաթուլ Հակոբյանի կարծիքով այն առավելապես պայմանավորված է տեխնոլոգիական զարգացումով և տեղեկատվական հասարակության ձևավորումով։

Ցուցադրել ավելի
Back to top button