ԿարևորՀասարակություն

Հպարտ եմ քեզնով, զինվոր. բժշկի գրառումը մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած սպայի մասին

«ԼՈՌԻՄԵԴ» բժշկական կենտրոնի տնօրեն, քիթ-կոկորդ-ականջաբան Կարեն Ադամյանը բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է արել վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած մի սպայի մասին: Նրան կայազորի հոսպիտալի պետի զանգից հետո ընդունել է ու բուժզննման ընթացքում պարզել, որ թմբկաթաղանթի պատռվածք ունի:

Կարեն Ադամյանը գրում է. «Այդ օրվա կայազորի հոսպիտալի պետի զանգը մի քիչ  անսովոր էր՝պետք է բուժզննում կատարեի մի սպայի: Եկավ, հանգիստ նստեց ընդունարանում, հրավիրեցի, զննեցի և անմիջապես նկատեցի ականջի ակուստիկ տրավման՝ թմբկաթաղանթի պատռվածքով…Վերջինս արկի շատ մոտ պայթյունի նշան էր, ուստի հետաքրքրությունս շարժելով սկսեցի հարցեր տալ…

Պարզ էր, որ տղան վերջին օրերի պատերազմի մասնակիցներից էր և վիրավորում ստացել էր այնտեղ: Եվ սկսվեց իմ համառ հարցերի տարափը և նրա՝ դժվարությամբ հարցերի պատասխանների շարքը… Արդյունքը ցնցող էր. պարզվում է սա այն տղան է, որի հրետանին դիակ էր թռցնում, շտաբ և հենակետ կործանում…

Հասկանալի պատճառով անուն և այլ մանրամասություն չեմ ներկայացնում, հաղորդագրությունն էլ ուշ եմ տալիս, սակայն չեմ կարող այդ համեստագույն և պրոֆեսիոնալ, հանգիստ և անվրդով տղային չասել՝ ցավդ տանեմ տղաս, հպարտ եմ քեզնով զինվոր, Հայրենիքի, պետության և պետականության լոկ պաշտպան չես, դու սիրում ես քո ԵՐԿԻՐԸ, քո հողն ու ջուրը, ու սահմանն անսասան է քո տեսակով: Մենք քո տարիքում հաղթեցինք, հիմա քիչ բանով կարող ենք մասնակից լինել, բայց հոգուս հանդարտություն է գալիս մեր զինվորների պատճառով: Մատդ փուշ չմտնի, մազդ չծռվի, Աստված քեզ պահապան, պինդ կաց հզորս»:

Back to top button