Ծովահայեր

Հայոց լեռնաշխարհի ջրերի զորությունը. «Ծովահայեր»

 Կիրակի՝ հուլիսի 19 –ին, Վարդավառ էր՝ բնապաշտական ժամանակներից եկած, քրիստոնեությամբ վերաարժևորված և ժողովրդական բանահյուսությամբ համեմված։  Ջրին զորություն վերագրելու սովորույթը ձևավորվել է անհիշելի ժամանակներից և պահպանվում է մինչ օրս։ Հայկական շատ ակունքներ համարվում են սրբազան կամ բուժիչ՝ հազար ու մի ցավի դարման։

«Ծովահայեր»-ի հյուրն է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան  Դևրիկյանը։

  Ջուրը կազմում է մարդու օրգանիզմի 60-70 %ը։

Ջուրը համարվել է կյանքի աղբյուր դեռ անհիշելի ժամանակներից։ Ինչպես hույն փիլիսոփա Արիստոտելն է դասակարգել՝ բնության կարևորագույն 4 տարրերից մեկի` ջրի կենսապարգև բնական հատկանիշների շնորհիվ հմայական ուժ ու հատկություն են վերագրել դրան։ Ջրի հրաշագործ ու մոգական հատկանիշների մասին գրեթե բոլոր երկրների առասպելազրույցներում են պատմում։

 Հայկական առասպելազրույցներում և դյուցազնավեպում էական դեր ունի ջուրը։ Սասնա ծռերի նախնիները պատումների մեծ մասում սերում են ջրից, զորանում են ջրով։

Պատմաբան Վահե Լոռենցն է պատմում. «Ջրի պաշտամունքի հետ կապված շատ հետաքրքիր պատումներ ունենք։ Հին՝ հեթանոս հայերի մոտ, կենարար ջրի աստվածուհին եղել է Աստղիկ դիցուհին, նաև հայոց հեքիաթն է մեզ ավանդում․ «Վիշապն եկավ ջրի ակ կապեց, 7 կույս աղջիկ պահանջեց»։ Հեքիաթի հերոսը, որը հայոց հավատալիքներում Վահագնն է՝ ռազմի աստվածը և Աստղիկի սիրեցյալը, սպանում է վիշապին և ազատում թէ՛ ջուրը, թէ՛ 7 կույսերին»։ 

«Ջրի պաշտամունքը կապվում է նաև Ծովինարի պաշտամունքի հետ։  Ծովինարը բնական տարերքի դիցուհին էր նաև։ Իմ տատը ծնվել էր 1929 թ. ին, Վրաստանի հայաբնակ Դամիա բնակավայրում։ Նա աթեիստ էր, ոչ հեթանոսության հետ կապ ուներ, ոչ քրիստոնեության։ Երբ անձրև ու ամպրոպ էր լինում, տատս ասում էր՝ «Ծովյանն է պտտում»։ Ունի նաև պտղաբերության խորհուրդ, Ազգային էպոսն է ասում, որ մեկ բուռ ու կես ջուր խմեց և հղիացավ», — պատմում է Վահե Լոռենցը:

«Հետաքրքիր է նաև մայր Անահիտի հետ կապված պատումը։ Արևմտյան Հայաստանում՝ Դերսիմի շրջանում, Անահիտի աղբյուրներ կան, որ սրբազան են համարվում ոչ միայն ալևի հեթանոս հայերի համար, նաև տեղի քրդերը աղբյուրների ակունքների մոտ մոմեր են վառում՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից։ Ավանդույթը պատմում է, որ այդ աղբյուրները բխում են Անահիտի քառասուն ստինքներից։ Այդ ջուրը կարելի է խմել, լվացվել, բայց ոչ երբեք լողանալ,»- հավելում է պատմաբանը:

Ջրին զորություն վերագրելու սովորույթը պահպանվել է մինչ օրս։ Հայկական շատ ակունքներ սրբազան կամ բուժիչ են համարվում ։ Օրինակ՝ Սառնաղբյուրի «Զաղա» կոչվող քարանձավը սրբատեղի են համարում, տեղի ջուրն էլ՝ հազար ու մի ցավի դարման, գալիս են հեռվից, որ մի կում տանեն, բժշկվեն։

«Շատ մարդու է փրել, հիվանդ ունենք Արմավիրում, զանգեցին՝ թե այդ ջրից բերեք։ Նույնիսկ մաշկի վերքերն է բուժել»,- ասոմ է Լոռենցը։

Մի հրաշագործ ու աննկատ աղբյուր էլ Ախուրյանի կիրճում է բխում, տարածքին անծանոթ մեկը դժվար թե նշմարի, բայց բնիկները լավ գիտեն և՛ տեղը, և՛ զորությունը։

«Լեգենդներ են պատմում ջրի առողջարարության վերաբերյալ։ Մանկուց առ այսօր խմում ենք այս ջրից։ Մեր մեծերն ասում էին, ում կյանքը կարճ է՝ կերկարացնի, ով չբեր է՝ կբերրիանա»,- ասոմ է Լոռենցը։

 Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսներն ընթանում են միայն ջրային միջավայրում։

 Պապենական ու առասպեկլական հնամյա ավանդազրույցների իսկությունը գիտնականները մեր օրերում փորձում են ապացուցել գիտափորձերով։ 

splash water

 Գիտնականների համար դեռևս գլուխկոտրուկ է, թե ինչու է միայն ջուրը բնության մեջ հանդիպում 3 կարգավիճակով՝ հեղուկ, պինդ և գազային, թե ինչից է որ բնության մեջ հանդիպող բոլոր նյութերի ծավալը փոքրանում է 0-ից ցածր ջերմաստիճանում, տաքացնելիս՝ մեծանում, իսկ ջրի դեպքում հակառակն է։ 

 Շատ հետաքրքիր են ջրի դրսևորումների գիտափորձերը ֆիզիկայի ոլորտում։ Ռուս գիտնական Կոնստանտին Կորոտկովը լաբորատորիայում ջրի հետ կատարած գիտաձորձի արդյունքում հետաքրքիր եզրահանգման է եկել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն։

Հետաքրքիր են նաև երաժշտության ներքո ջուրը բյուրեղացնելիս ստացած տարաբնույթ պատկերները՝ կապված երաժշտության ոճից։

  Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Վոյեյկովն ասել է՝ մենք վերջապես մի խելացի քայլ ենք անում, խոստովանում ենք, որ գրեթե ոչինչ չգիտենք ջրի մասին։

  Հետաքրքիր է, մեր՝ Հայոց լեռնաշխարհի ջրերը, ինչպիսի հիշողություն են պահում, ինչ դրսևորումներով են առանձնանում համաշխարհային ջրերից, միգուցե գիտնականները շատ ավելի ուշ պարզեն, մինչ այդ Վարդավառ է՝ բնապաշտական ժամանակներից եկած, քրիստոնեությամբ վերաարժևորված և ժողովրդական բանահյուսությամբ համեմված։

Ցուցադրել ավելի
Back to top button