ԿարևորՀասարակություն

Լայն թափով ընթանում է հայկական բնակավայրերի հրետակոծումից վնասված բնակելի տների վերանորոգումը

Գիշերը հայ-ադրբաջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը: Հակառակորդը սահմանի առանձին հատվածներից  խախտել է կրակի դադարեցման ռեժիմն 9 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 137 կրակոց: Ճամբարակում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ  հակառակորդը կիրառել է նռնականետ: Այս նաև Պարույր Սևակ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ  հակառակորդի ակտիվությունը լռեցվել է հայկական կողմի պատասխան կրակով: Ներկայացնելով օպերատիվ իրավիճակը՝ այս մասին Տեղեկատվական միասնական կենտրոնում Տավուշի մարզից հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է նաև, որ հայ վիրավորներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ճեպազրույցի մյուս մասնակիցը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, որ լայն թափով ընթանում է հայկական բնակավայրերի հրետակոծումից վնասված բնակելի տների վերանորոգումը և նախատեսնում է, որ այսօրվանից վերանորոգման ծրագրերին կփոխարինեն զարգացման ծրագրերը:

«Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները։

Գույքագրման և հաշվարկման գործընթացներն ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը կավարտենք մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև հայտարարել ենք, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտների։ Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ»,- նշել է մարզպետը:

Back to top button