Հասարակություն

Վեդիի ջրամբարի համար կառուցված ամբարտակի ճակատագիրը

Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների բարձրությունը խանգարում է կենդանիների տեղաշարժին:  Այն խոչընդոտում է ձկների ձվադրմանն ու բազմացմանը, արդյունքում ՝ Վեդի գետի ձկնատեսակների գոյությունը  վտանգված է:

«Մենք հիմա գտնվում ենք Վեդի գետի ջրընդունիչ կայանի մոտ, որը  ջուրը հավաքելով  տալիս է կառուցվող Վեդի ջրամբար…»

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտության, էկոտուրիզմի եւ էկոկրթության բաժնի պետ  Սմբատ Ղարիբյանն է, ցույց է տալիս Վեդի գետի վրա կառուցված շուրջ երեք  մետր բարձրություն ունեցող  ամբարտակի թերությունները։ Դրանք խոչընդոտում են գետի ձկնատեսակների տեղաշարժն ու ձվադրումը.

Ջրընդունիչ կայանով ձուկը չի կարողանում բարձրանալ վերև: Կա կառուցված ձկնուղի, բայց ձուկը չի կարողանում բարձրանալ, քանի որ կողքը մեծ ամբարտակ կա՝ մոտ երեք մետր բարձրության, և գետի հիմնական հոսքը ամբարտակով է անցում: Խնդիրը նա է, որ  ձուկը իջնում է  ներքև դեպի ձվադրավայրեր, հետո չեն կարողանում բարձրանալ ոչ մայրական կազմը, ոչ էլ մալյոկը: Իսկ  ամռան այս  սեզոնին գետը ցամաքում  է, մալյոկն էլ մնում է այնտեղ ու  լրիվ ոչնչանում է»,-ասում է Ղարիբյանը:

Ամբարտակը  կառուցվել է Վեդիի ջրամբարին ջուր հասցնելու նպատակով: Խնդիրները շատ են, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ձկնաբան Սամվել Պիպոյանը: Պարզ է, որ ցանկացած ձկնատեսակ չի կարող հաղթահարել երեք և ավելի մետր բարձրության պատվարը, որտեղից մեծ քանակությամբ ջուր է գալիս:

Բացի այդ.

 «Ձկնուղին, որը սարքված է, չի համապատասախանում ձկնատեսակների կենսաբանական և ֆիզիկական հնարավորություններին, որպեսզի ձկնատեսակը ձվադրելու հնարավորություն ունենա: Բացի այդ, գետից առհելի քանակությամբ ջուր են վերցնում և ջուրը լցվում է խողովակի մեջ և չի հոսում բնական հունով: Սա ավելի մեծ աղետ է, քանի որ գետում ջրի քիչ քանակությունը բերում է ոչ միայն ձկների, այլև ողջ էկոհամակարգի խաթարմանը: Դա էլ  հանգեցնում է բոլր օրգանիզմների ոչնչացմանը, այդ թվում՝ բույսերի»,- նշում է Պիպոյանը:

Նոր լուծում է անհրաժեշտ, ասում է Ղարիբյանն ու առաջարկում.

«Երեք մետրի փոխարինեն մեկ մետրանոց ամբարտակներով կասկադատիպ, որպեսզի  ձուկը կարողանա  կասկադներով անցնի»:

Իր հերթին Պիպոյանը շեշտում է, որ լուծումներ կան, նաև գիտական հոդվածներում: Մասնավորապես.

«Ձկնանցարանների նոր տիպ է առաջարկվում, որը ամենանվազ վնասը կտա ձկնաշխարհին: Իսկ պատվարի մասով  գետը կարելի է բաժանել երկու մասի, մի մասը կարող  է գալ ճնշումային խողովակ, մյուս մասը բնական հունով գնալ»:

Լուծումները կարծեք թե պարզ են, սակայն ինչու նախագծող ընկերությունը չի պահպանել այն կամ ստեղծված իրավիճակում ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել պատկան մարմինները:

Այս խնդիրը  ՇՄՆ  օրակարգում է, համապատասխան կառուցների ներկայացուցիչների հետ  քննարկվել է հարցը, այդ թվում՝ նախագծող ընկերության, և այժմ  փորձում են գտնել լուծման ուղիները, ասաց ՇՄ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը.

«Այժմ քննարկման փուլում է, կքննարկենք նաև նախագծային փոփոխությունների լուծումները։ Ջրպետկոմի  հետ ևս քննարկում ենք: Այս պահին վերջնական լուծումներ տալու մասով զերծ կմնամ որևէ բան ասել, բայց  որոշ ժամանակ հետո հարցի լուծումը կունենանք»,-հավելում է Ջիլավյանը:

Գետում Կարմիր գրքում գրանցված տեսակներ չկան, սակայն դա չի նշանակում , որ պետք է վերացնել տեսակները: Չէ, որ  երկրի պարենային անվտանգության դիտանկյունից  ձուկն ունի մեծ նշանակություն:

Back to top button