Ստարտափ Հայաստան

Երիտասարդ աղջիկները Դվին գյուղում զրո դրամով բիզնես են սկսել․ «Ստարտափ Հայաստան»

Երբևէ մտածել ե՞ք, թե աշխարհում օրական ինչքան բիզնես գաղափարներ են ծնվում, որոցից ոմանց բախտը բերում է ապրում են, ոմանք էլ՝ մահանում։

Որոշ բիզնեսներ ծնվել են հենց անհրաժեշտությունից, օրինակ՝ կան մարդիկ, որոնք տանել չեն կարողանում նվերներ ընտրել: Չեն սիրում խանութներ այցելել, ոմանք էլ ժամանակ չունեն: Կան նաև անօգնական մարդիկ, ովքեր պարզապես չեն կարողանում նվերներ ընտրել:

Այս և նմանատիպ մտքերը երկու երիտասարդ աղջկա գլխում երկար են պտտվել։ Հենց սկզբից մտքերը բազմազան են եղել, վերջում հաղթել է այն գաղափարն, որն ավելի շատ շանսեր է ունեցել Արարատի մարզի ներքին Դվին գյուղում գոյատևելու։

Աղջիկները գինու շշերի և շոկոլադների տուփերի վրա տպագրությամբ հետաքրքիր գրություններ են կպցնում, այդպես նվեր ընտրելու նոր տարբերակ են առաջարկում համագյուղացիներին։

Այս բիզնեսի յուրահատկությունն այն է, որ աղջիկները գրեթե ոչնչից կարողանում են գումար վաստակել։ Նրանց օգնության է հասնում իրենց երևակայությունը։

Եթե մեդալի մի կողմում գրված է, որ մարզերում բիզնես գործունեություն սկսելը դժվար է հազար պատճառով, իսկ պատճառներից մեծամասնությունը հենց մարզում ապրելն է, մյուս կողմում էլ մեծատառերով և բոլդ տեսակով գրված է, որ մարզերը, գյուղերը բարենպաստ պայմաններ են ստեղծում բիզնես սկսող մարդկանց, հատկապես երիտասարդների համար։

Այս պարագայում, եթե աղջիկները նույնը սկսեին, օրինակ, Երևանում, գուցե դժվար հաջողեին, բայց իրենց մոտ ստացվեց։

Այս համավարակը շատ բան փոխեց բիզնես աշխարհում։ Առաքման ծառայությունների պահանաջարկը խիստ ավելացավ և ով ինչպես կարողացավ իրականացրեց իր առջև դրված խնդիրը։

Աղջիկների առաքման ծառայությունը շատ հետաքրքիր կերպ է աշխատում։ Բազմաթիվ հաջողված բիզնես ընկերություններ գուցե երկար ժամանակ մտածեին, թե ինչպես կարելի է ապրանքն այնպես առաքել, որ մարդիկ սկսեն խոսել դրանից, մարդկանց հետաքրքրի, զվարճացնի, օրիգինալ և կրեատիվ լինի, բայց աղջիկների պարագայում, օրինակ, ամեն ինչ պատահական է ստացվել, նրանք օգտագործել են այն, ինչ եղել է ձեռքի տակ։

Աղջիկներն առաքում իրականացնելու համար հետաքրքիր լուծում են գտել․ օգտագործում են գյուղի տրանսպորտային միջոցները:

Կա կարծրատիպային այնպիսի մոտեցում, որ բիզնեսում կարող են հաջողել միայն մարդիկ, ովքեր ունեն բազային գիտելիքներ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կանոնների մասին, «գլուխ են հանում» տնտեսության մեջ գոնե սկզբնական մակարդակում։

Այսպես կոչված «ձեռնարկատիրական ջիղ» ունեն։ Բայց արի ու տես, որ Հայաստանում կան երիտասարդներ, որոնք բիզնեսի մասին շատ քիչ գիտելիքներ ունենալով, կարողանում են թեկուզ շատ փոքր, բաց իրենց գործն ունենալ, եթե չասենք էլ բիզնես, ասենք այսպես՝ կարողանում են գումար վաստակել իրենց հնարամտությամբ և ճկունությամբ։

Back to top button