Հասարակություն

Գայլերը հարձակվում են նաեւ ամռանը

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում մեկ ու կես ամսվա ընթացքում արձնագրվեց գայլերի հարձակման երկու դեպք: Մի  ընտանիք գայելրի հարձակումից  տուժել է  6-7 մլն դրամի չափով՝ կորցնելով 122 գլուխ գառ և ոչխար, մյուսը ՝ 13 գառ , մոտ 600 000 դրամի չափով:  Հաշվարկն արել է գյուղապետարանը, արձանագրությունն ուղարկվել է մարզպետարան, այնուհետև՝ կառավարություն: Առաջիկա օրերին սպասում են համապատասխան որոշմանը:

Մելքոնյանների բազմանդամ ընտանիքը գայլի  հասցրած վնասներն է հաշվում.

«Մեր գյուղապետը հաշվեց, ասաց 6-7 մլն դրամի վնաս է, ներկա պահին այդքան էր, որ մինչև աշուն  պահեինք կդառնար 10 մլն-ի: Գառներ չենք ծախել, չենք խուզել, պանիր չենք ստացել, էտ հըմեն փող չի՞»:

Մոտ մեկ ու կես ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում  գայլերի ոհմակը հոշոտել է  Հայկուշ Մելքոնյանի ընտանիքին պատկանող 120 գառը:

«122 գլուխ, հենց առավոտ շուտ դուռը բացել ենք, որ պետք է եթան չոլ , տեսնենք ինչ, սաղ փռվուկ, կոտորվուկ,  մի հատ միս պիտանի չի եղել, ընենց էին խփել, որ ծանրախ ոչխարների փորի միջից գառները դուրս էին եկել»,- պատմում է Հայկուշ Մելքոնյանը:

Գյուղացին  եկամուտը հաշվում է միայն  աշնանը: Սակայն այս աշուն Մելքոնյանները  չհասցրեցին եկամուտ հաշվել:

Ճակատագրի հեգնանքով ՝ մեկուկես ամիս անց՝ ընդամենն օրեր առաջ, գայլերի ոհմակը ներխուժեց  Մելքոնյանի եղբոր՝ Արարարտ  Մելքոնյանի անասնագոմը՝ հոշոտելով  վերջինիս ամբողջ  կարողությունը՝ 13 գառ: Արարատ Մելքոնյանն ասում է, թե չգիտի ինչ անի, ինչով ապրի, ինչով կերակրի բազմանդամ ընտանիքը.

«Այսօր յոթ շունչ ենք , շուտով կլինենք ութը,ե ս ինչո՞վ ապահովեմ իմ երեխեքին: 13 հատ գառ էր, էտքանն էլ տարել են: Բացի գյուղսովետից, ում կանչեցինք չեկան»,- դժգոհում է Արարատ Մելքոնյանը:

Հուսահատ գյուղացին չգիտի էլ ում դիմի, ասում է՝ չի բառացվում, որ նորից հարձակվեն, հիմա էլ մեկ ուրիշի  ապրուստը  գայլերի բաժին կառնա: 

Գայլերի հարձակումը  նոր չի սկսվել, ասում է  բնապահպան Սիլվա Ադամյանը: Նրա խոսքով՝ թեև հարձակումներն ամենից շատ գրանցվում են գարնանն ու ձմռանը, սակայն, ընդհանուր առմամբ, հիմա խնդիրը սրված է և կենդանիները գոյատևման հարցն են լուծում.

ՍՍ «Հայաստանում  իրավիճակը սրվել է կենդանիների ապրելատեղերի պատճառով, որովհետև այնտեղ որտեղ որս  էին կատարում գայլերը  և որտեղ փորձում էին բնակվել,  այդ վայրերի մեծ մասում էկոհամակարգը քանդված է և կենդանիները կեր չգտնելով , չկարողանալով որս կատարել ստիպված գնում են այն տարածքները, գյուղերը, որտեղ հնարավոր է կերակրվել: Սա է խնդիրը, այլ ոչ թե գայլերի գլխաքանակի ավելացումը»: 

 Ամեն դեպքում, նախկինում անասունների կորստի նման զանգվածային դեպք Նորակերտի համայնքապետ Գերասիմ Սարգսյանկ չի հիշում։ Գյուղապետարանը կազմել է վնասների համապատասխան ակտը և այժմ սպասում է կառավարության որոշմանը:

«Գայլերի շատացումն է ,որ անասնագլխաքանակի նման կոտորում է եղել: Նաև ասեմ, որ դեպքի օրը  գյուղապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից կազմվել է ակտ, արձանագրություն և ուղարկվել է մարզպետարան, մարզպետարանն էլ ուղարկել է կառավարություն: Բայց դեռ ոչ մի պատասխան չենք ստացել կառավարությունից, թե ինչպիսի օգնություն պետք է տրվի տուժած գյուղացիներին»,- տեղեկացրեց համայնքապետը:

Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի բաժնից  ճշտեցինք, որ  արձանագրությունն ուղարկվել էր ՀՀ ԱԻՆ, էկոնոմիկայի նախարարություն և ստացել են պատասխան.

«Մարզպետարանին պատասխանել են, որ ընդունում ենք և Ձեր կողմից ուղարկված գրությունը կուղղվի ՀՀ կառավարություն։ Նույն պատասխանը տրվել է Նորակերտի համայնքապետանին։ Թե ինչ ընթացք կտա կառավարությունը՝ դեռ պարզ չէ»,- ասաց Գեղարքունիքի մարզպետարանի մամուլի խոսնակը:

Եթե լրացուցիչ ուսումնասիրություն չի պահանջվում, Կառավարությունը կարձագանքի հնգօրյա ժամկետում, տեղեկացրեցին մարզպետարանից:  Այսինքն՝ առաջիկա օրերին  կարող ենք սպասել կառավարության համապատասխան որոշմանը:

Back to top button