ԿարևորՀասարակություն

Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ․ Արման Թաթոյանը՝ Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզում Տեղեկատվական միասյական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ներկայացրել է ՄԻ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքները։

«Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների և գնդակոծությունների հետ:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասել է Թաթոյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Թաթոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի 30-ամյա բնակխի խնդրին։

Նա հայտնել է, որ երեկ ՄԻ պաշտպանի գրասենյակը զեկուցել է Կարմիր խաչին միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին։

«Քննարկել ենք այդ հարցը, այդ պահի դրությամբ ինձ փոխանցեցին, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը և դեռ չունեին պատասխան։ Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։ Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաև Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ»,- նշել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ 

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել է, որ ՀՀ քաղաքացի 30-ամյա Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և հրապարակել է նրա մասնակցությամբ տեսանյութ:

Ցուցադրել ավելի
Back to top button