ԿարևորՀասարակություն

Տավուշը՝ հայկական Իսրայել

Տավուշը թշնամու հետ ամենաերկար հանդիպումն ունի՝ 300 կմ երկարությամբ։ Ու հենց այդ պատճառով է նաև, որ Տավուշը հայկական Իսրայել դառնալու ամենամեծ շանսերն ունի։ Երկրորդ օրն է այստեղ ձայներ են լսվում՝ զենքի։ Այս օրերին՝ իրական։

Մարդիկ հանգիստ են, անհանգիստ են Տավուշից դուրս ապրողները։ Այստեղ ապրում են․ ամռան գործի են՝ դաշտ, տուն, այգի, խոհանոց։

Իրական կրակոցի ձայներ սահմանում ապրողները լսում են։ Ամեն օր։ Կամ ամեն շաբաթ։ Կամ գուցե ամիսը մեկ անգամ։

Ձայներին ծանոթ են այնքան, որ բակում կրկնօրինակում են երեխաները. տավուշցիները գիտեն՝ որ զենքից, ինչ ձայն է գալիս։

Այստեղ ձայները լինում են իրական, լինում նաև՝ բեմադրված։ Մեկ տարի էլ չկա, որ տավուշցի երեխաների բեմադրած խաղից զենքի ձայներն ականջիս են, իրականից չեմ տարբերի։ Ես հեռու եմ, իրենք՝ սահման պահող։

Մարզպետ Հայկ Չոբանյանին հիմա Տավուշի ռազմարդյունաբերական մեծ պոտենցիալի մասին չեմ հարցնում՝ փոխարենը` մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցին եմ գալիս. Տավուշում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը:

Մարզպետը դեռ մեկ տարի առաջ ու մինչև հիմա էլ հաստատ, վստահ է՝ հաջողելու համար համարձակություն ու հավատ է պետք, իսկ մարզի դիրքն ու տեղանքը առանձնահատուկ ճակատագիր է, որից կարելի է օգուտ քաղել, եթե ճիշտ ձեռքերում հայտնվի. «Դրա համար այսօրվա կրթական գործընթացներում մենք պետք է շեշտը հատկապես ինժեներիայի վրա դնենք: Ամենակարևորը մենք ունենք` տաղանդավոր էրեխեք, մնում է երեխաներին ուղղորդենք ու տանենք դեպի ինժեներիա: Մի քանի տարի հետո Տավուշում լինելու են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք համաշխարհային նշանակություն են ունենալու»:

Տավուշին Հայաստանի ռազմարդյունաբերական կենտրոն տեսնելուն, ասում են՝ քիչ էլ սպասենք, իսկ մինչ այդ «Պահապան» զարգացման հիմնադրամը չորս տարի է ամրացնում է Տավուշն ու մարդկանց կամքը։

Ինգա Մանուկյանը «պահապան» Տավուշի համար դարձավ ու սահմանային Ներքին Կարմիրաղբյուրում չորս տարի առաջ բացեցին առաջին խաղաթաքստոցի դռները։

Խաղաթաքստոցներում ապահով է՝ այստեղ երեխաները պատերազմին դեմ առ դեմ չեն նայում։ Սպասելու տեղ ունեն այնքան, մինչև իրական կրակոցի ձայները լռեն․

«Օգտագործվում են, բոլոր տեսակի զենքերը, սա նշանակում է, որ մարդիկ իրենց տներում ստիպված են օգտվել կա՛մ նկուղներից, կա՛մ գյուղի տարածքում գտնվող ապաստարաններից։ Այս իմաստով կարող ենք ասել, որ «Պահապանի» գործունեությունը որոշ չափով աջակցեց այս հարցի լուծմանը»։

Տավուշը փոքրիկ Իսրայել է հիշեցնում, ասում է Ինգան, այստեղ մարդիկ մի ձեռքով իրենց գործին են, մյուսով էլ՝ զենքով։

Բայց իրենց հայկական Իսրայելում կրակոցների ձայնի ու համեմատական խաղաության արանքում ազնավամորու սեզոնը հանկարծ չանցնի։

Մուրաբան ու չիրը կմնան։

Back to top button