Ծովահայեր

Վերագտնված ջրային թագուհին՝ դեղին ջրաշուշանը. «Ծովահայեր»

 Ջրաշուշան (լատ.՝ Nymphaea)`հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, դեղին կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է ջրաշուշանի 50 տեսակ:

Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 3 տեսակ: Տեսակներից մեկը, որն աճում էր Ապարանում, անհետացավ անցած դարի կեսերին։

Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բարձրակարգ բույսը` սպիտակ ջրաշուշանն այսօր կարող ենք տեսնել Լոռու մարզի Տզրուկի, Ժանգոտ ու Տավուշի մարզի Պարզ լճերում։

 Շիրակի մարզում աճում է դեղին ջրաշուշանը, կամ՝ դեղին կոկոռը, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։

Արփի լիճ ազգային պարկի տնօրինութան ուղեկցությամբ ուղևորվեցինք ջրային դեղին թագուհուն այցելության, «Արփի լիճ» ազգային պարկի Արդենիս-Ալվար տեղամասում, Ախուրյան գետի հին հունի շրջակայքում, որտեղ աճում են դեղին ջրաշուշանները։ Սա մեր գեղատեսիլ վայրերից մեկն է. մաքուր օդ, թռչունների դայլայլ ու չքնաղ բնություն։

Այստեղ եկել էի 3 տարի առաջ, դեղին գեղեցկուհիները տարածվել էին երեք փոքր խմբերով։ Երեք տարի անց, ջրաշուշանների տարածքը գրեթե չի ավելացել,  կամ՝  գուցե շատ դանդաղ է տարածվում, որ անզեն աչքով տեսանելի չէ։  

 «Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում». գրականության մեջ այսպես է նշվում։  Կամ բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Արդյո՞ք հնարավոր չէ կոճղարմատից մի մասնիկ հանել, բազմացնել և սածիլի տեսքով վերընձյուղել տարածքում, որ այս տեսակին սպառնացող վտանգները մեղմվեն՝ մտածում եմ ու մի մեծ դանակ վերցնելով՝ ջուրը մտնում։

  Մեկ մետրից մինչև մետր ու կես է խորությունը, վերևում զուլալ ջուրն է, հատակին՝ ճահճային հատվածը։ Կոճղարմատը ջրում մեկ մետր խորությամբ էր, կամ ջրի ու տիղմի սահմանաբաժանին։  Քանի որ տիղմի ու ջրում եղած տորֆի մասնիկները պղտորել էին ջուրն ու ոչինչ չէր երևում, շոշափելով գտնում եմ կոճղարմատը, ցողունների միջանկյալ տարածքից, որ բույսի ցողունները չվնասեմ, մի փոքր կտոր եմ կտրում և դուրս բերում՝ ուսումնասիրության համար։

 Արդյո՞ք հնարավոր է աճեցնել այլ վայրում և վերընձյուղել նույն տարածքում, արդյո՞ք աճին նպաստում է նաև տորֆով հարուստ ջրի բաղադրությունը, արդյո՞ք աճի համար հարկավոր է նաև ջրի ճնշումը, քանի որ 1 մետր խորությամբ կոճղարմատն իր վրա զգում է 0,2 մթնոլորտ ջրի ճնշում, այս և շատ այլ հարցերի պատասխանները պարզելու համար «Ծովահայեր»-ի տաղավարում հրավիրեցինք  Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող Իվան Գաբրիելյանին։

 Տեսանյութում ծանոթացե՛ք նաև.  

  • Հայաստանի վտանգված լճերի, վերացող կենդանիների ու բուսատեսակների, ինչպես նաև մեր բնական հարստությունը պահպանելու ուղիների մասին։
  • Ստորջրյա բույսերի ուսումնասիրության անհրաժեշտության և այս տարվա նոր ծրագրերի մասին։
  • Սևանա լճում վերջերս հայտնաբերված ստորջրյա սպունգի և դրա հետազոտության անհրաժեշտության մասին
  • Հայկական՝ հատկապես ստորջրյա ֆլորայի ու ֆաունայի զբոսաշրջային գրավչության մասին։
Back to top button