ԿարևորՀասարակություն

Ջավախքի 13 հայկական գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում

Այս պահին Սամցխե-Ջավախեթիի նահանագապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում շրջանի 13 հայկական գյուղերի բնակիչներ։ Նրանք բողոքում են, որ ամռան այս օրերին Մառնեուլիից եկած ադրբեջանցիների ու թուշերի մանր և խոշոր եղջերավոր անասունները ոչնչացրել են գյուղերի արոտավայրերը, վնասել երեք գյուղի խմելու ջրի համակարգը։

Բնակիչները ավելի վաղ ևս մեկ բողոքի ակցիա էին անցկացրել, որից հետո շրջանի ղեկավարությունը հավաստիացրել էր, որ հաջորդ տարիներին նրանք այլևս չեն գա։

Լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է «Սամցխե-Ջավախք վերլուծական կենտրոնը»

Այսօրվա բողոքի ակցիան հաջորդում է օրեր առաջ Ախալցխայի Չեչերեկ գյուղի տարածքից 70 գլուխ կովի անհետացմանը։ Բնակիչները «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էին, որ «կասկած ունեն՝ գյուղի կովերը գողացվել են իրենց արոտավայրերում հաստատված թուշերի օգնությամբ»։

Ախլցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն քիչ առաջ հանդիպել է ցուցարարներին՝ վստահեցնելով, որ հարցը քաղաքային իշխանության օրակարգում է, այն քննարկվում է, սակայն բնակիչները շարունակում են ակցիան։  

Ի դեպ հայաբնակ գյուղերին պատկանող այդ տարածքները բնակիչներից շատերը, որ կորոնավիրուսի պատճառով չէին կարողացել մեկնել արտագնա աշխատանքի, որոշել էին այս տարի խոտհարքի վերածել, այդտեղ աշխատել։

Back to top button