ԿարևորՀասարակություն

ՍԴ նոր դատավորների շրջանառվող անունների 99% ճիշտ չեն․ Ալեն Սիմոնյան

Երեկվանից շրջանառվում է տեղեկությունը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

Մի կողմից սա մեկնաբանվում է իբրև ապացույց, որ սահմանադրական դատարան ճգնաժամը լուծելու հարցում հայաստանյան իշխանությունը ճիշտ լուծումներ է գտել, մյուս կողմից հստակեցվում է՝ ՄԻԵԴ–ում գործը դեռ ավարտված չէ։

Իր 50–ամյա հոբելյանի օրը Հրայր Թովմասյանը երեկ տեղեկություն ստացավ, որ ՄԻԵԴ–ը մերժել է  Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։ Եվրոպական կառույցին դիմել էին Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 դատավորները։ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից: Մինչդեռ ՄԻԵԴ–ը համարել է, որ Հայաստանում կիրառվող նոր կարգավորումները չեն պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ։

Այս պատասխանը իշխանական թևը միանգամից ընկալեց որպես այսպես ասենք «կանաչ լուս»՝ ՍԴ ճգնաժամի լուծման համար գտնված «գործիքների» կիրառման համար։ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ–ի երեկվա հայտարարությունից հետո նոր զարգացումներ չեն լինի։

Լուսանկարը՝ արխիվից

«Ոչ մի զարգացում։ Գործընթացը լիովին իրավական է և եթե դուք տեսնեք մերժման տեքստը, եթե տեսնեք մերժման տեքստի հիմնավորումները, կարող եք տեսնել, որ փաստացաի կրկնվում է այն ամենը, ինչ որ ասվում է իշխանության կողմից, ինչ գնահատական տրվում է դատավորների 12 տարուց ավելի պաշտոնավարելու հարցին, 6 տարուց ավելի ՍԴ չլինելու հարցին։  Այն ամենը, ինչ որ հենց նույն Հրայր Թովմասյանը գրել է Սահմանադրության մեջ և այսպես ասած իրեն դա չի վերագրում։ Ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի։ Դա պարոն Թովմասյանի և իրեն մերձ գործիչների ցանկությունն է մի փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են տարբեր տեղերից՝ «դրսից» մեզ վրա «տղա բերելու» տրամաբանությամբ՝ լինի դա Բրյուսելից, թե լինի դա Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»,- նշեց Սիմոնյանը։

Եվրոպական կառույցից ստացված նամակը այլ կերպ են մեկնաբանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները։ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ–ում ամբողջովին ավարտված չի համարում Անի Սամսոնյանը․

«Ես որևէ իրավասություն չունեմ այն էլ քաղաքական գնահատականներ տալ ՄԻԵԴ–ի որոշմանը, դա պատճառաբանված որոշում է եղել, բայց մենք չպետք է մոռանանք, որ այժմ մի փոքր խեղաթյուրվում է։ Բոլորը գիտեն, որ առհասարակ դիմումն է մերժվել ՍԴ նախագահ և դատավորների, բայց ընդամենը մերժվել է միջանկյալ միջոցի կիրառումը։ Իսկ ՄԻԵԴ–ը ե՞րբ է սովորաբար միջանկյալ միջոց կիրառում, երբ հարցը հրատապ է, կապ ունի մարդու կյանքի, անվտանգության հետ։ Այս դեպքում ՄԻԵԴ–ը չի գտել, որ անհրաժեշտություն կա միջանկյալ միջոց կիրառելու։ Իսկ ՍԴ դատավորների դիմումը ըստ ՄԻԵԴ–ում սահմանված ընթացարակգերի կընթանա»,- ասաց Սամսոնյանը։

Եվրոպական դատարանի երեկվա որոշման առնչությամբ տեսակետ է հայտնել նաև հայցվոր կողմը։ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ–ում հայցվորների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարության տեսքով է անդրադարձել հարցին։  

Նա տեղեկացրել է, որ «գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն»,– գրված է հայտարարության մեջ։ Սիրանուշ Սահակյանի ներկայացմամբ՝ Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է դիրքորոշում հայտնելու նոր ժամկետ՝ օգոստոսի 28, ինչը- ըստ Սահակյանի-հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին։

Մինչ ՄԻԵԴ–ում գործընթացը շարունակվում է, հայաստանյան մամուլում շրջանառվում են  հավանական թեկնածուների անունները ՍԴ դատավորների թափուր տեղերի համար։ Ամենաշատը նշվում է նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի և նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունները։ Այդ քննարկումները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը արժանահավատ չի համարում․  

«Ես կարող եմ ասել, որ մամուլում զետեղված, իմ կողմից տեսված անունների 99%–ը չեն համապատասխանում իրականությանը։ Պետք է սպասենք, տեսնենք կառավարությունը, նախագահը, ինչպես նաև ԲԴԽ–ն ինչ թեկնածու կառաջադրեն, բայց այդ անունների հետ կապված, անկեղծ ասած, բացի մամուլում եղած տեղեկություններից ես որևէ այլ տեղեկություն չունեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Գործող օրենքներով ՍԴ դատավորների թափուր տեղերը կարող են լրացվել երկամսյա ժամկետում, բայց ՄԻԵԴ դիմած կողմը դեռ հույս ունի, որ եվրոպական կառույցի միջոցով իրենք պաշտոններում վերականգնվելու հնարավորություն ունեն։    

Back to top button