ԿարևորՄշակույթ

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար» կենտրոնում բացվել է նոր ցուցադրություն

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, հնատիպ գրքերի ցուցադրությանը կից, բացվել է բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ և բանաստեղծ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցադրություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակությային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն ասել է, որ ցուցադրությունը ներառում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանի հավաքածուից՝ Ղևոնդ Ալիշանի աշխատություններից 15 անուն գիրք:

«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և Գրականության ինստիտուտները, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, հոբելյանական այս տարեթիվը պատեհ համարելով, այսօր անդրադառնում են հայ մտքի հսկաներից մեկի՝ Մեծն Ալիշանի թողած ժառանգությանը։ Այս տարի նշվում է մեծ բանաստեղծի, նշանավոր գիտնականի, վաստակաշատ աշխարհագրագետի, բանասերի ու թարգմանչի ծննդյան 200-ամյակը: Հայոց Նահապետին նվիրված ցուցադրություն է բացվել նաև մայր կառույցում` Երևանի Մատենադարանում»,- մասնավորապես նշել է Ա. Թորոսյանը՝ հայտնելով որ ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ:

Նա տեղեկացրել է, որ, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված, այցելուներ չկան, և կենտրոնի թանգարանային մասն առայժմ փակ է: Ցուցադրությունն այցելուներին հասու կդառնա հեռուստատեսության, լրատվամիջոցների ու սոցցանցերի ընձեռած հնարավորությունները օգտագործելով: Այս պահին թանգարանների, այդ թվում` Մատենադարան-Գանձասարի թանգարանային մասի աշխատանքը թվային հարթակում է:

Back to top button