ԿարևորՀասարակություն

Կարևորը ոչ թե առարկայի, այլ սովորողի շահն է

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել հանրակրթության նոր չափորոշիչը։ Հենց այս չափորոշիչներով էլ սահմանվելու են հանրակրթության բովանդակությունը, չափելի վերջնարդյունքների հիման վրա էլ ստեղծվելու են առարկայական ծրագրերն ու դասագրքերը, մշակվելու գնահատման մեթոդաբանությունը։

Փաստաթուղթը միանշանակ չի ընդունվում։ Դեմ ու կողմը՝ մեկում։

Ձևակերպել, թե ինչ է պահանջում պետությունը դպրոցից. սա է հանրակրթության պետական չափորոշիչի  հիմնական նպատակը։ Իսկ առանցքային փոփոխությունը, որ առաջարկում է կրթության գերատեսչությունը, մեկն է՝ մոտեցման սկզբունքների փոփոխություն։

Այս հիմնական նպատակն ու առանցքային փոփոխությունը քննարկումների թեմա է արդեն մի քանի օր։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մինչ փաստաթղթի հիմնական դրույթների ու վիճահարույց կետերի մասին խոսելը կարեւորում է ծավալված քննարկումները։

Պետք է վերափոխել դպրոցն այնպես, որ դառնա ստեղծագործ միջավայր, որտեղ ուսուցիչները որոշում կայացնելու դաշտ, իսկ ստեղծագործ աշխատանքի համար նման հնարավորություն կունենան․ «Եվ կձևավորեն մանկավարժական այն ճիշտ միջավայրը, որի արդյունքում 12 տարվա ավարտին կկարողանանք ասել, որ մեր շրջանավարտներն ունեն այն առանցքային կարողունակությունները, որոնք նկարագրված են չափորոշիչում»:

Հանրակրթության բովանդակային այս փոփոխությունը խնդիր է դնում փոխվել մեր ուշադրության կենտրոնը. պետք է պաշտպանենք ոչ թե այս կամ այն առարկայի, այլ սովորողի շահերը, բացատրում են կրթության գերատեսչությունից։ Վստահեցնում են, որ այս չափորոշիչով կրճատվում են սովորելու գործընթացը ծանրացնող ավելորդ դասաժամերը։

«Չափորոշիչը նկարագրում է առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, տալիս է ուսումնական բնագավառների սահմանումները, դպրոցներին և ուսուցիչներին՝ իրենց ուսումնական պլանները ձևավորելու հնարավորություն»,– ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։

Իսկ պետությունն ասում է, որ շրջանավարտը ամեն կրթական աստիճանի ավարտին ունենա սահմանված վերջնարդյունքներ, իսկ ինչպես ապահովել դրանք՝ յուրաքանչյուր ուսուցչի ու դպրոցի մոտեցման հարցն է։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի կարծիքն է, որ բարեփոխումն ինչքան անհրաժեշտ, այնքան էլ ուշացած է։ Ընդհանուր կետերով կողմ է փաստաթղթին, բայց խնդիրներ էլ է առանձնացրել․ վերջնարդյունքների կապը կարողունակությունների հետ այնքան էլ հստակ չէ․ «Այսինքն՝ փաստաթղթի այս վիճակում չի երևում, թե որ վերջնարդյունքը որ կարողունակությանն է ի վերջո հանգեցնելու. կապը չի երևում»։ Լուսինե Խառատյանի դիտարկմամբ՝ խնդիր կա նաև մայրենի լեզվի դասաժամերի քանակի հետ կապված։

Ամենամեծ խնդիրը, սակայն, ինչպես ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մինչ փաստաթուղթը գրելը երկու կարևոր քայլ բաց թողնել է եղել։ Առաջինը՝ կարիքների գնահատումն է, որն արվել է 2015–ին, իսկ դրանից հետ իրավիճակն այլ է. «Երկրորդ փաստաթուղթը, որ պետք է հետևեր կրթության ռազմավարությունն է և տեսլականը, որը կարող էր լուծել շատ հարցեր, որոնք, այսպես ասած, թափվեցին այս փաստաթղթի գլխին»։

Գալով բուն հասկացությանը՝ Խաչատրյանն ասում է՝ կարողունակություն բառի հետ համաձայն չէ։ Իր տարբերակն է առաջարկում՝ գործունակություններ․ «Ինչո՞ւ, որովհետև կոմպետեցիոն կրթությունը ենթադրում է ավելի գործնական և ոչ թե տեսական կրթություն»։

Չափորոշիչի փորձարկումը կանեն այս ուսումնական տարում, որ մինչև 2022-2023 ուսումնական տարին ժամանակ լինի հասկանալու, վերանայելու փաստաթղթում եղած խնդիրները։

Միավորման գնահատումը կլինի հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, մինչ այդ` կլինեն ձևավորող գնահատման մեթոդներ, որ կշեշտեն սովորողի գիտելիքը, այլ ոչ թե ստացած գնահատականը։

Back to top button