ԿարևորՀասարակություն

Գյուղապահովագրության համակարգում ապագայում կարող են ընդգրկվել նաեւ խոշոր եղջերավոր կենդանիները

Աշնանացան ցորենի որակյալ սերմնացու, անհրապույր վայրերում  սպանդանոցների հիմնում ու համարակալված ու հաշվառված խոշոր եղջերավոր անասուններ։ Այս ամենը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կառավարության բարեփոխումների փաթեթում  են։ Ոլորտի պատասխանատուներն ամփոփում են նաև ընդհանուր պատկերը՝ ինչպես է իրականացվում  գյուղմթերքի արտահանումը, ինչպիսին են թվային ցուցանիշերը։

Գյուղոլորտում արտահանումն իրականացվում է  սահուն՝ առանց լուրջ խնդիրների: Ընդհանուր առմամբ՝ 58․000 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել, որը 2019-ի  նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 15 տոկոսով քիչ է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Արման Խոջոյանի փոխանցմամբ՝ 15 տոկոսով պակաս արտահանման հիմնական մասը խնձորի ցածր բերքատվությամբ է պայմանավորված։

Անդրադառնալով ոլուրտում իրականացվող պետական ծրագրերին՝ Խոջոյանը մանրամասնում է. «Համաձայն Կենտրոնական բանկի կողմից տրված տեղեկատվության՝ երկրորդ միջոցառման շրջանակներում տրամադրվել է 16․200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով: Միաժամանակ առաջին միջոցառման շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ: Մինչ օրս պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18․000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով: Համեմատական կարգով նշեմ, որ այս ցուցանիշը 3-ից ավելի անգամ գերազանցում է նախորդ տարի նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»:

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը համաձայն չէ, որ գյուղոլորտի սումբիդավորումն իրականացվում է բանկերի միջոցով։ Նրա համոզմամբ՝  գումարները պետք է փոխանցվեն  անմիջապես գյուղացուն, ինչը ժամանակին արել են ու  տվել է իր արդյունքը։ Փոխարենը՝ գյուղոլորտի փորձագետը դրական ակնկալիք ունի կառավարության այն ծրագրից, որի արդյունավետ իրականացման դեպքում վերջապես որակյալ սերմնացու կունենանք։

«Ընդառաջ գնալով այն մտահոգություններին, որ  մեկ հեկտարի հաշվով  ցորենի բերքատվությունը ցածր է, կառավարությունը հավանության արժանացրեց աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմի գնի մասնակի սուբսիդավորման  միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշերով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը»,- ասում է Բերբերյանը։

Գյուղոլորտին առնչվող ևս մեկ կարևոր թեմա՝ սպանդանոցներ․ նախ նկատենք, որ հուլիսի մեկից սպանդանոցային մորթը հանրապետությունում արդեն պարտադիր է։  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ մինչ այս ժամկետը ուսումնասիրել ու գույքագրել են այն վայրերը, որոնք սպանդանոցների հասանելիության խնդիր ունեն, բացահայտվել է հետևյալ  պատկերը․

«Այդ վայրերը թվով տասնչորսն են։ Տնտեսվարողների բողոքները հաշվի առնելով առաջարկեցինք մի ծրագիր, որը նախատեսում է սպանդանոցներ հիմնել այսպես կոչված անհրապույր վայրերում։  Դրա համար դիմողները պետությունից կարող են ստանալ  4․8 միլիոն դրամ»,- նշում է Տիգրան Գաբրիելյանը։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի  տվյալներով  գրանցված սպանդանոցների թիվն այս պահին 53-ն է։ Փոխնախարարի խոսքով՝ սպանդանոցներն առաջիկայում հասանելի կլինեն հանրապետության ամբողջ տարածքում։ Գյուղոլորտի նորույթներից է խոշոր եղջերավոր անասունների հաշվառման և համարակալման ծրագիրը։ 2օ2օ-2օ23 թվականների ընթացքում ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջեն կառավարությունն արդեն հաստատել է։

Ծրագիրը  հիմք կհանդիսանա հետագայում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրությանը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի խոշոր եղջերավոր անասուններին որպես գրավ դիտարկելու հնարավորությանը։

Back to top button