ԿարևորՀասարակություն

Համավարակը ստիպեց որևէ օգտակար բան անել՝ ստեղծված իրավիճակը միասին հաղթահարելու համար

«Ռադիոլուրի» հեռավար տաղավարում արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է: Նա կազմակերպել է հուլիսի 4-ին տեղի ունեցած «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական համերգը, որի նպատակն էր օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին:

Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակված համերգային երեկոյին միացել էին Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):

«Կորոնավիրուսի համավարակը ստիպեց ո՛չ միայն առերեսվել մարդկության դիմագրաված դժվարություններին, այլև՝ կանգ առնել, խորհել ու վերարժևորել շատ երևույթներ: Այն մղեց որևէ օգտակար բան անել՝ ստեղծված իրավիճակը միասին հաղթահարելու համար»,-խոսելով կայացած համերգի մասին՝ նշեց Լեոն ու հավելեց, որ երեկոյի միտքը ծագել է իր հեղինակային՝ «Ayres de Armenia» ռադիոհաղորդման ընթացքում:

«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվել է «Սիթի օֆ սմայլ/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close