ԿարևորՀասարակություն

Բացահայտվեց ՍԴ հարցում ՀՀ նախագահի կեցվածքի շարժառիթը

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և սահմանադրական բարեփոխումների մեծածավալ փաթեթի մշակումը ի հայտ են բերել նոր զարգացումներ։ Աստիճանաբար հասկանալի է դառնում, թե ինչն է պատճառը, որ սահմանադրական դատարանին առնչվող օրենքի ստորագրման հարցով հապաղում է առաջացել ՀՀ նախագահի մակարդակում։ Մի քանի օր է, ինչ որևէ բացատրություն չի տրվում, թե ինչու նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրում «ՍԴ մասին» օրենքում արված փոփոխությունները։  Նախագահ Արմեն Սարգսյանը վերջապես բարձրաձայնել է այն դժգոհությունները, որոնք կուտակվել են։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համբերատար սպասում է այն պահին, երբ հնարավորություն կստանա իր իսկ խոսքերով «մեծ հաճույքով» ստորագրել այն օրենքը, որը հրաժարվել է ստորագրել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել սահմանված ժամկետները։

Ընդամենը 8 օր է անցել, ինչ Աժ–ում ընդունվեցին Սահմանադրական դատարանին առնչվող օրենքի փոփոխությունները, ինչով փաստաթութը համապատասխանեցվում է վերջին սահմանադրական փոփոխություններին։ Հանրապետության նախագահը առաջին պահից խորհրդարանի ղեկավարին տեղեկացրել է՝ չի ստորագրելու այդ օրենքը, բայց չի հստակեցրել՝ վիճարկելո՞ւ է հարցը ՍԴ–ում, թե՞ ոչ։ Որևէ պայմանավորվածություն այս հարցով երկու ինստիտուտների ղեկավարների միջև չկա։  

«Ես Հանրապետության նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել»։  

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետևում է բոլոր իրավական քննարկումներին՝ կապված օրենքը ստորագրելու ժամկետների և այդ հարցում իր իրավունքների հետ։

 «Հնչել են երկու տարբեր կարծիքներ: Մի մասը պնդում է, որ այն պահից սկսած, երբ ՀՀ նախագահը գրությամբ ինձ տեղեկացրել է, թե չի ստորագրելու՝ ես կարող եմ ստորագրել: Մյուս մասը, կարծում եմ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը, ընդ որում քաղաքական տարբեր ճամբարներից, կարծում են, որ անկախ այդ գրությունից, նախագահը ունի իրեն տրված 21 օրը, նախագահը կարող է փոշմանել, կարող է վիճարկել ՍԴ-ում, եւ ահա 21- օրյա ժամկետից հետո ԱԺ նախագահի համար առաջանում է իրավական հնարավորություն՝ ստորագրել կամ չստորագրել այդ օրենքը»,- ասաց Միրզոյանը։

Այս մի քանի օրերի ընթացքում այդպես էլ անհասկանալի էր, թե ինչ հիմքով է  հանրապետության նախագահը հրաժարվում ստորագրել «ՍԴ մասին» օրենքում արված փոփոխությունները։ Նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ նախագահի որոշումը մեկնաբանության և պարզաբանման ենթակա չէ։

Նախագահ Արմեն Սարգսյանի շարժառիթները հասկանալի դարձան միայն երեկ երեկոյան՝ սահմանադրական մեծ բարեփոխումները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։  Այդ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստովանել է՝ նախագահության 2 տարվա ընթացքում փորձարկումներ է արել՝ հասկանալու, թե լավ խորհրդարանական պետության պայմաններում ինչ է անհրաժեշտ լավ նախագահի ինստիտիտուտ ունենալու համար։ Հավաքագրած օրինակները շատ են, որոնցից «ամենապարզը և բացահայտը», ինչպես ասում է Արմեն Սարգսյանը, առնչվում է հենց ՍԴ դատավորների ընտրությանը։

«Իրականում ՍԴ դատավորին ընտրում է Աժ–ն և հանրապետության նախագահի ֆունկցիան այստեղ ձևական է։ Կներեք ինձ այս արտահայտության համար»։

Նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ բախվել է խնդրին, երբ ստիպված է եղել զբաղվել ՍԴ դատավորի այսպես ասենք «ցանկալի» թեկնածուի փնտրտուքով։ Արդեն եղել են դեպքեր, երբ Աժ մեծամասնությունը մերժել է Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին, մինչև նա չառաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։   

«Այս փորձի, էքսպերիմենտի արդյունքը ի մի բերելով ես առաջարկում եմ, որ հանրապետության նախագահը ապագայում չպետք է թեկնածուներ տա։ Պատկերացրեք՝ ես հանրապետության նախագահ եմ, որը չի ուզում տա այն թեկնածուին, որին որ ԱԺ–ն ուզում է, և սա շարունակվում է անվերջ։ Ընդհուպ մինչև որ ՍԴ գործունեությունը կանգնի, որովհետև թեկնածուները չբավարարեն։ Կամ սա փայլուն է աշխատում, երբ ԱԺն, ՍԴ–ն, բոլորը պատկանում են նույն սկզբունքին՝ այդ դեպքում ընդհանրապես ինչո՞ւ ենք խոսում հավասարակշռությունների և զսպումների մասին։ Եկեք մոռանանք դրա մասին։ Սա իշխանություն չի, սա ընդամենը հարգանք է նախագահական ինստիտուտի նկատմամբ և ընդամենը սկզբունքային հարցերի, որոնք մեր օրենքներում պետք է լինեն՝ զսպումների և հավասարակշռության էլեմենտար, պարզ, փոքր կիրառություն։ Եթե ինձ հարցնելու լինեք՝ լուծման ճանապարհը շատ պարզ է»,- ասում է Սարգսյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է, որ ՍԴ դատավորները ոչ թե ընտրվեն Աժ–ում երկրի նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի ներկայացրած թեկնածուներից, այլ նույն մարմինները՝ հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը իրենց հասանելիք 3–ական թեկնածուներին պարզապես նշանակեն։

Քանի որ առաջարկն արդեն հնչել է, իսկ առարկայական որևէ քննարկում դեռ չկա, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռ չի գնահատում իր ղեկավարած կառույցից լիազորություններ վերցնելու փորձը, նա պարզապես հղում է տալիս Սահմանադրությանը։

«Ինչ որ առաջարկում է հանրապետության նախագահը ենթադրում է նորից Սահմանադրության փոփոխություններ։ Գիտեք, որ գործում է Սահմանադրության փոփոխությունները մշակող, քննարկող հանձնաժողով, և կարծում եմ, որ հանրապետության նախագահը թերևս պաշտոնապես կամ բանավարո դիմի հանձնաժողովին։ ԱԺ–ից ևս կան մարդիկ այդ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված։ Քննարկում են, որքանով որ տեղեկացված եմ, ամենատարաբեր առաջարկներ։ Վերջնարդյունքում ինչպիսին կլինի հանձնաժողովի առաջարկը՝ Աստված գիտի։ Ես կարծում եմ, գործող մեխանիզմը բավականին հաջող է»։  

Նախագահ Արմեն Սարգսյանը հանձնաժողովին արդեն տեղեկացրել է՝ նախագահի աշխատակազմն ամենայն լրջությամբ է մոտենալու սահմանադրական փոփոխությունների գործընթացին և պետք է մասնակցի դրան։ Միաժամանակ՝ հանրապետության նախագահը հստակեցրել է՝ համամիտ է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության առնչությամբ վարչապետի մի շարք հայտարարությունների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close