ԿարևորՀասարակություն

«Հանուն հանրապետության» նախաձեռնությունը կոչ է անում շուտափույթ սկսել ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրումը

«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները կոչ են անում հանրապետության նախագահին, կառավարությանը և Դատավորների ընդհանուր ժողովին հնարավորինս  շուտ սկսել  ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման գործընթացը։

Հունիսի 22-ին  Ազգային Ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները  երկամսյա ժամկետ են  նախատեսել  այդ գործընթացի համար։ Փոփոխություններով դադարեցվել են ՍԴ երեք դատավորների լիազորությունները և նախատեսվել է, որ թափուր տեղերի համար առաջադրումներ  պետք է անեն հանրապետության նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը։

Ըստ նախաձեռնության անդամ , ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ թեկնածուների առաջադրման գործընթացն ու մասնագիտական խորհրդակցություններ  սկսելը էականորեն կլիցքաթափի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ուղերձը նախագահի նստավայրի մոտ հնչեցնելը Արման Բաբաջանյանը հիմնավորել է գործընթացում նախագահի առանցքային դերակատարմամբ․

 «Հեղափոխության ժամանակ Արմեն Սարգսյանի քայլը՝ հրապարակ գալը, էապես լիացքաթափեց և հանգուցալուծեց իրավիճակը, վճռեց հեղափոխության հաղթանակը։ Ես կոչ եմ անում, որպեսզի նախագահն անմիջապես ձեռնամուխ լինի այս գործընթացի մեկնարկին։ Հանրապետության հրապարակում այս պահին էլ սպասում է ՀՀ քաղաքացին։ Խցանումը եղել է նախագահի կողմից, և նա իր քայլով պետք է լիցքաթափի ներքաղաքական լարված իրադրությունը»,- հայտարարել է  պատգամավորը։

Հանրապետության նախագահ ի աշխատակազմը հունիսի 30-ին տեղեկացրել էր, որ  Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում Ազգային ժողովի կատարած փոփոխությունների նախագիծը և այդ մասին տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Փոփոխությունները կատարվել էին Սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած օրենսդրական հակասությունները վերացնելու նպատակով։

Back to top button