ԿարևորՀասարակություն

Կլինի արդյո՞ք գնանկում անշարժ գույքի շուկայում

Փորձագետները մինչև տարեվերջ անշարժ գույքի շուկայում 10-ից  20 տոկոս գների նվազում են կանխատեսում։ Մարտ-ապրիլյան սահմանափակումներից  հետո ոլորտը, նրանց գնահատականներով, դանդաղ քայլերով , բայց  փորձում է վերականգնել ակտիվությունը։  Վերջին հետազոտությունները   փաստում են նաև, որ  մեծացել է հետաքրքրությունը  գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ։       

Գերբեռնված տրանսպորտն ու մարդաշատ գրասենյակներն անցյալում են․ մի քանի ամիս առաջ անշարժ գույքի որևէ գործակալի մտքով դժվար անցներ, որ բնակարանի ցուցադրության չի գնա կամ կգնա խիստ անհրաժեշտության դեպքում։  Covid19-ը փոխել է այս ոլորտի կանոնները ևս․ վաճառվող բնակարանները կամ հողամասերը օն-լայն ցուցադրություններով են ներկայացվում՝ մարդկանց  հետ շփումը նվազեցնելու և վարակից խուսափելու համար։  «Ռեդ ինվեստ գրուպ» ընկերության  բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը  թվերով է ներկայացնում իրենց աշխատանքի փոփոխությունը։

«Եթե նախկինում  միջինացված տվյալով  հինգ  ցուցադրությունից էր բնակարանը վաճառվում, հիմա  այդ շեմը իջեցրել, հասցրել ենք մեկ կամ առավելագույնը երկուսի»,- ասում է մասնագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի  առաջնային շուկայի նկատմամբ գնորդների վերաբերմունքն անփոփոխ է։Կառուցապատողներից ձեռք բերվող  բնակարանները պահանջարկ ունեն, այս մասով փոփոխություն չկա։ Երկրորդային շուկան  սկսում է թափ հավաքել, դանդաղ տեմպով, բայց փոփոխությունները նկատելի են․

«Եթե երկու ամիս առաջ մեր գրասենյակը  շաբաթվա կտրվածքով,  պայմանական ասեմ, տասը զանգ էր ստանում, հիմա զանգերի քանակն ավելանում է։ Բնականաբար՝ նույն ծավալով ավելանալ չի կարող , քանի որ թե  գնորդը, թե վաճառողը, թե ռեալթորը զսպված  քաղաքականությունը կիրառում է,  բայց տեսնում ենք, որ տեմպը կամաց-կամաց վերականգնվում է»,- ասում է Ապրիյանը։ 

Արմենուհին արդեն մի քանի տարի ուզում է բնակարանը վաճառել, չի կարողանում. մեկ գնորդ չկա, մեկ էլ առաջարկվող գնի հետ չեն հարմարվում։

Վերջին ամիսներին էլ որևէ մեկը  բնակարանով չի հետաքրքրվել․ «Այս պահին մի քիչ վախենում եմ օտար մարդկանց հետ շփվել, որպեսզի գան, բնակարանս տեսնեն։ Երևի սպասեմ մի քիչ  իրավիճակը հանդարտվի, հետո նորից մտածեմ բնակարանս վաճառելու մասին, չնայած ասում են, որ գները իջնում են»։ 

Մինչև տարեվերջ  տարբեր հաշվարկներով    անշարժ գույքի գները կնվազեն  10-20 տոկսով։  Անշարժ գույքի  «Ակցեռն»  գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանն ասում է, որ գործարքները նվազել են, համավարակի ազդեցությունն այս ոլորտի վրա ակնհայտ է

«Ապրիլ ու մայիս ամիսներին ընդհանրապես կասեցված վիճակ էր շուկայում։ Մոտ 70-80 տոկոսով շուկան չէր գործում։ Հետագայում սահմանափակումները մեղմացան, բայց որպեսզի ոլորտը վերականգնվի, պետք է  նաև տնտեսության մյուս ճյուղերն աշխատեն, իսկ  դա երկար ժամանակ կպահանջի։ Շուկայում ունենք պահանջարկի անկում, նաև բացասական կանխատեսումներ»,- նշում է Հակոբ Բաղդասարյանը։ 

«Ամբերդ»  հետազոտական կենտրոնի  hրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանն արձանագրում է․  ապրիլին  շուկայում գործարքները նվազել են շուրջ  82 տոկոսով, գների փոփոխություն չի արձանագրվել, մայիսին արդեն գների նվազում  նկատվել է, իսկ գործարքները  սկսել են  ավելանալ․

«2020 թվականի մայիսին  իրականացվել է 11 507 գործարք, որը  նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է չորս անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից  պակաս է շուրջ 27․8 տոկոսով։  Առուվաճառքի գործարքները նույնպես նախորդ ամսվա համեմատ շուրջ երեք անգամ ավելացել են՝ 2925 գործարք, 2019-ի մայիսի համեմատ նվազել է 28․7 տոկոսով։ Առքուվաճառքի  185 գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրացիները, ինչը կազմել է  ընդհանուր գործարքների 6․3 տոկոսը»,- ասում է փորձագետը։

Մերի Հովսեփյանն ասում է, որ  Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն, մայիսին 112 նախագծման թույլտվություն է տրվել,   165  շինթույլտվություն, կայացվել է 10 ավատական ակտ,  հունիսին արդեն բոլոր ցուցանիշների մասով աճ է արձանագրվել։

Ուսումնասիրելով անշարժ գույքի շուկայի գնային ինդեսքը ՝ նշում է․ «Մայիսին Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի գինը ապրիլի համեմատ միջինում 1 տոկոսով նվազել են, իսկ նախորդ տարվա համեմատ  11․9 տոկոսով աճ է արձանագրվել։ Անշարժ գույքի շուկայում դեռևս պահպանվում են բարձր գները» ։

Վերջին հետազոտությունները ուշագրավ  մեկ այլ միտում են արձանագրել․  մեծացել է հետաքրքրությունը  գյուղատնտեսական նշանակության հողերի   նկատմամբ։ Փորձագետը սա բացատրում է գյուղատնտեսության զարգացման  տարբեր ծրագրերով։

Ցուցադրել ավելի
Back to top button