ԿարևորՀասարակություն

COVID-19-ը հարվածում է ոչ միայն թոքերին, այլև նյարդային համակարգին

Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայությունը այն նվազագույն դրսևորումներն են, որոնք վկայում են կորոնավիրուսի նյարդաբանական ախտահարումների մասին։  Արտահայտված թուլությունն ու մկանացավերը ևս այդ ցանկին  են դասվում։

Կորոնավիրուսային հիվանդության 7-րդ սերնդի ներկայացուցիչ COVID-19-ը, պարզվում է,  կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ սիրտը, երիկամները, արյունատար անոթները, և ամենակարևորը՝ կենտրոնական նյարդային համակարգը։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ասում է, որ կորոնավիրուսը կարող է ներթափանցել ցանկացած օրգան, նաև ուղեղի հյուսվածք և ախտահարել կենտրոնական նյարդային համակարգը։

«Կորոնավիրուսային ինֆեկցիայի 80 տոկոսը ընթանում է թեթև և ասիմպտոմ, 20 տոկոսը՝ ծանր և կրիտիկական ծանր ընթացքով։  Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները առավել քան բնորոշ են ինֆեկցիայի ծանր ընթացքին»,- նշում է Ղազինյանը։

Գլխացավ, գլխապտույտ, համի և հոտի զգացողության կորուստ. ախտանշաններ, որոնք ըստ բժշկուհու, բնորոշ են  հիվանդության   նևրոլոգիական դրսևորումներին։  «Կորոնավիրուսը լի է անակնկալներով, ուսումնասիրություններն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեն, բայց այս պահին գոնե ակնհայտ է, որ այն նաև հոգեբանական խնդիրներ է առաջացնում, և որքան շատ հոգեբաններ ներգարվված լինեն բուժման գործընթացում, այնքան լավ»,-կարծում է «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանը։

«Առաջին իսկ օրվանից մեզ մոտ գործում է սոցիալ-հոգեբանական կենտրոնը, ունենք թեժ գիծ, որտեղ աշխատում է հինգ հոգեբան։ Մինչ օրս ունեցել ենք 12 հազար զանգ՝ 1/3-ը հոգեբանական բնույթի»,- ասում է Զախարյանը։

Զանգահարողների զգալի հատվածը վարակակիրներ են, որոնք մեղքի, անհանգստության զգացողություն ունեն՝ արդյո՞ք չեն վարակել կամ չեն վարակի մտերիմներին, հարազատներին։ Ըստ հոգեբանի, ընդհանուր առմամբ  հասարակության մեջ կա  տագնապի բարձր մակարդակ։

«Կորոնավիրուսը համավարակ էր, որը նոր էր և նորի հետ անորոշ էր։ Տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից բավականին շատ էր։ Եվ տեղեկատվական հորձանուտի մեջ՝ որին հավատալ, որին՝ ոչ, մարդկանց մեջ սրվեց տագնապայնության զգացողությունը»,- ասում է հոգեբանը։

Վարակի հանդեպ հանրության շրջանում երկու հիմնական մոտեցում կա՝ ընդգծված վախ, տագնապ և մյուս ծայրահեղությունը՝ չեն հավատում COVID-19-ի գոյությանը և վերջ։ Ոմանք վարակից զերծ մնալու համար անգամ հեռախոսային շփումներից են հրաժարվել, ոմանք էլ ՝ ընդհանրապես պատրաստ չեն փոխելու իրենց կյանքի բնական ընթացքը, ասում է հոգեբանը։

Ինչ ազդակներ կուղարկեին այս իրավիճակում մասնագետները ․

«Մենք վաղուց փաստում ենք, որ պետք չէ տագնապել, պետք է հավատալ, ենթարկվել  հակահամաճարակային միջոցառումներին, ճիշտ ժամանակին դիմել ճիշտ մասնագետին։ Չինքնաբուժվել, խնդրում եմ»,- նշում է Հասմիկ Ղազինյանը։

COVID-19-ի գոյությանը  չհավատալը ձեր իրավունքն է, բայց  ձեր պարտականությունն է ազգաբնակչության խոցելի խմբերին վարակից պաշտպանելը, հավելում է Հասմիկ Ղազինյանը։ Նրա կարծիքով Հայաստանում արտակարգ իրավիճակը կարող է ձգվել մինչև դեկտեմբեր, քանի որ արտակարգ իրավիճակի պահանջները մնացել են ձևական և թղթի վրա միայն։ Մեկ անգամ ևս բժշկուհին կոչ է անում՝  ցուցաբերել զգոնություն և պատասխանտվություն, քանի  որ

«Բոլորս ենք հոգնել, բոլորս, առավել ևս առաջին գծում պայքարող  բուժաշխատողները»։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close