ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է օսկարակիր իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

91 տարեկանում կյանքից հեռացել է նշանավոր իտալացի կոմպոզիտոր, երկու անգամ  «Օսկար» մրցանակի արժանացած Էնիո Մորիկոնեն:

Մորիկոնեն Իտալիայի ազգային՝ Դավիդ դի Դոնաթելլո կինոմրցանակի իննակի դափնեկիր է, «Ոսկե գլոբուսի» եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի վեցակի մրցանակակիր։

Մորիկոնեն հայտնի է որպես կինոնկարների համար երաժշտության հեղինակ: Նա գրել է soundtrack-եր տասնյակ ֆիլմերի համար, այդ թվում «Լեգենդ դաշնակահարի մասին», «Պրոֆեսիոնալը», «Մի անգամ Վայրիկ Արևմուտքում» և այլ հայտնի ֆիլմերի:

2016թ-ին կոմպոզիտորն արժանացել է «Օսկար» մրցանակի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի՝ «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իսկ առաջին «Օսկար»-ը նա ստացել է 2007թ-ին կինոարտադրության մեջ ցուցաբերած մեծ ծառայության համար։

Ֆիլմերի համար երաժշտություն սկսել է գրել 1961 թվականից, երբ նա 33 տարեկան էր։ Նա  մեծ ճանաչում է ստացել նախկին համադասարանցու՝ ռեժիսոր Սերջիո Լեոնեի ֆիլմում աշխատելու ժամանակ: Ավելի ուշ սկսում է աշխատել Իտալիայի հայտնի ռեժիսորներ՝ Բեռնարդո Բերտոլուչիի, Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի, Սալվատորե Սամպերիի և այլոց հետ:

Հայտնի դառնալով Եվրոպայում՝ Էնիոյին հրավիրում են աշխատելու Հոլիվուդի կինեմատոգրաֆիայում: 

ԱՄՆ-ում երաժշտություններ է գրում հայտնի ռեժիսորների ֆիլմերի համար՝ Ռոման Պոլանսկի, Օլիվեր Սթոուն, Բրայան դե Պալմա, Մայք Նիքոլս, Ջոն Կարպենտեր, Բարի Լևինսոն, Թերենս Մալիք և այլն:

Back to top button