Սեզոնը նոր է սկսվում, բայց արդեն ջրահեղձության 6 դեպք է գրանցվել Հայաստանի վերահսկվող և չվերահսկվող ջրային ավազաններում։
Հունիսի 26-ի առավոտյան 49-ամյա ձկնորսը Սևանա լճի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում նավակով լիճ է մտել ու չի վերադարձել: Փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել, խորությունը մեծ է, գերազանցում է 40 մետրը, ջուրը սառն է, տեսանելիությունը՝ գրեթե զրոյական։ Արդեն 10 օր որոնողական աշխատանքները ապարդյուն են։
Նման խորությամբ սառը ջրում, մինչև 5 մթնոլորտ ճնշման տակ սուզորդները ջրահեղձի դին փորձում են շոշափելով գտնել, քանի որ պղտոր ջրում որևէ բան տեսնելն անհնար է։ Լճում իր նավակով կորած տղամադը հմուտ ձկնորս էր, տեղանքին քաջածանոթ, գիտեր, որ իր ընտրած ուղղությունը տանում էր ավելի մեծ խորություն. ինչու՞ դիմեց այդ քայլին։ Մտածված ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ժողովրդի ասած՝ «ծովը ծնկներից» զգալու փորձ, որ ավարտվեց փորձությամբ։


Մեր հաղորդաշարի ընթացքում հաճախ ենք պատմել սուզվելու հաճելի պահերի և ջրում ունեցած հրաշալի տպավորությունների մասին, ինչը չես ասի փրկարար սուզորդների համար։ Նրանք նաև հոգեբանորեն են լավ պատրաստված: Երկու ամգամ ականատես եմ եղել ջրահեղձվածի որոնողական աշխատանքներին լճերում, հպարտացել՝ փրկարար ընկերներիս պատրաստվածությամբ։
Հայաստանում ունենք 120 ջրանցք, 74 ջրամբար, ավելի քան 100 լճեր ու լճակներ, չհաշված՝ գետերն ու գետակները, իսկ մեր ջրափրկարարների թիվը 13-ն է։
Զգուշացե՛ք ջրից
Ինչպիսի՞ն է ջրահեղձության վերջին տարիների վիճակագրությունը: Ինչպե՞ս անել, որ ջրի հետ շփումը չորս րոպեում անդառնալի հետևանքի չհանգեցնի: «Ծովահայեր»-ի տաղավարում են ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապոխի պետ Գարրի Արմաղանյանը։