ԿարևորՀասարակություն

Շիրակում նախագծվել է Հայաստանի ամենաերկար էկոզբոսաշրջային արահետը

Շիրակում նախագծվել է  Հայաստանում ամենաերկար՝ 118 կմ երկարությամբ  էկոզբոսաշրջային արահետը՝ ամերիկյան  հանրահայտ «Ապալաչյան էկոարահետ»-ի նմանությամբ։ Ամենաբարձր կետը 2104 մ է, ամենացածրը՝ 1429 մ:

Քայլելով արահետով՝ զբոսաշրջիկները կանցնեն երեք կլիմայական և չորս լանդշաֆտային գոտիներով, կայցելեն  2 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ,  կհետևեն Ախուրյանի հովտի զարմանահրաշ թռչուններին, որոնցից շատերը Կարմիր գրքում են գրանցված: Երթուղու կահավորումը ներդրողների համար բիզնես հնարավորություններ կբացի, ասում է նախագծի հեղինակը։ Վստահ է, որ համավարակն անցնի արտասահմանից քայլարշավի սիրահարների պակաս չի լինի։

Վոլկերն  ու Վերան ամուսիններ են  Գերմանիայից։ Տուրիստական հերթական ուղղությունը դարձյալ Շիրակի մարզն է։

«Ես և կինս Գերմանիայից ենք, արդեն չորրորդ անգամն ենք Գյումրիում։ Ամեն անգամ մեծ սիրով ենք գալիս, տեսնելու շատ բան կա Շիրակի մարզում»։

«Ձմռանն էլ ենք եկել,  շատ հետաքրքիր էր, դահուկներով արշավներ կազմակերպեցինք։ Անցած անգամ՝ Հոռոմի բրոնզեդարյա հուշարձան էինք գնացել, շատ տպավորիչ էր։ Վաղը արշավ ենք նախատեսել Արփի լիճ, հետդարձի ճանապարհին Սուրբ Հովհաննես ենք այցելելու»։

Գերմանացի ամուսինները Շիրակի մարզում ամեն անգամ քայլարշավային նոր երթուղիներ են ընտրում, բնության ու պատմության նոր հուշարձաններ բացահայտում։ Էլի են գալու։

Գերմանացի զբոսաշրջիկների տրամադրություններին ու Շիրակի զբոսաշրջային գաղտնիքներին քաջածանոթ է Գյումրիում Գերմանիայի պատվավոր հյուպատոսը՝ Ալեքսան Տեր-Մինասյանը։ Նա նաև «Շիրակ տուր»-ն է ղեկավարում։  

Գերմանիայից մեծ թվով տուրիստների էր սպասում, համավարակը խանգարեց, բայց չի դժգոհում․ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներն են պարբերաբար արշավների գալիս։

default

«Նույնիսկ գերմանական ամենամեծ տուրիստական կազմակերպություններից մեկի հետ ենք համագործակցում՝ Շտուդիոզես Ռայզենի  (Shtudioses Reisen)։   Իրենց ծրագրում ընդգրկել ենք 2 քայլարշավներ։ Գերմանացիները 2 գիշերով են գալիս Գյումրի։ Առաջինը Տիրաշեն-Մարմաշեն ուղղությունն  է, երկրորդը՝ Հոռոմը, երկուսն էլ մոտավորապես 6 կիլոմետր են» ,- ասում է Տեր-Մինասյանը։  

Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մարտիրոսյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է Շիրակի  տեսարժան վայրերը, գիտական ուսումնասիրություններ արել և կազմել  118 կմ երկարությամբ էկոզբոսաշրջային արահետի քարտեզը։ Այն կլինի ամենաերկարը Հայաստանում։

« Արահետը բաժանված կլինի տարբեր հատվածների, ամեն հատված կունենա իր, այսպես ասենք, կահավորումը։ Սկզբունքները  կարող են տարբեր լինել, բայց ամբողջ երթուղու համար առաջնայինը անվտանգության սկզբունքն է»,-պատմում է Մարտիրոսյանը։

Ամենաբարձր կետը 2104 մ է, ամենացածրը՝ 1429 մ: Քայլելով արահետով՝ զբոսաշրջիկները կանցնեն երեք կլիմայական և չորս լանդշաֆտային գոտիներով, կայցելեն  2 տասնյակից ավելի պատմամշակութային հուշարձաններ,  կհետևեն Ախուրյանի հովտի զարմանահրաշ թռչուններին, որոնցից շատերը Կարմիր գրքում են գրանցված: Երթուղու կահավորումը ներդրողների համար բիզնես հնարավորություններ կբացի, ասում է Լևոն Մարտիրոսյանը։ Վստահ է, որ համավարակն անցնի արտասահմանից քայլարշավի սիրահարների պակաս չի լինի։

«Նախագծել եմ ամերիկյան հանրահայտ  «Ապալաչյան էկոարահետ»-ի տարբերակով, ճիշտ է, չափերն անհամեմատելի են, ամերիկյանը 3000 կմ է, բայց մեր երկրի համար սա էլ է մեծ ճանապարհ։ Ներդրողներին կարող ենք առաջարկներ մտածել ճանապարհի տարբեր հատվածների համար, մասնավորապես՝ Ախուրյանի միջին հոսանքում, Գյումրու մերձակայքում՝ Մարմաշենից դեպի Գյումրի ընկած հատվածում»,- նշում է ասում է Լևոն Մարտիրոսյանը։

Ալեքսան Տեր-Մինասյանը նկարագրում է  էկոզբոսաշրջային երթուղիներից մի հատված, որը  հաճախ են ընտրում արտասահմանցի տուրիստները։

«Ամենատպավորիչն ինչն է, որ իջնում ես լիճ, ներքևում՝ դեպի Ախուրյանի կիրճ, սկսվում են ժայռափոր խաչքարերը, որոնք Հայաստանում շատ քիչ վայրերում են հանդիպում։ Խաչքարերից հետո հրաշալի տեսարաններով՝ մի կողմից գետ, փոքր լճակներ, բարձրանում ենք մի փոքր բարձրավանդակ, որտեղ հին գերեզմաններ են։ Գերեզմանաքարերին նկարված պատմությունները քիչ են, բայց այստեղ մասնագիտությունները կարելի է տեսնել գերեզմանաքարերի վրա։ Հետո՝ քրիստոնեությունից կամաց-կամաց գնում ենք դեպի նախաքրիստոնեական շրջան՝ հասնելով Տիրաշենի ամրոց։ Հենց բերդի տարածքում նաև Արգիշտի 2-րդի ամենահայտնի արձանագրությունն է։ Մարդիկ չեն պատկերացնում, որ այդ հրաշքը կարող է այդպես բաց ու այդքան հասանելի լինել։ Եթե այն մեկ ուրիշ վայրում լիներ, մի գուցե շուրջը թանգարան կառուցվեր»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը։

Ալեքսան Տեր-Մինասյանը դժգոհում է․ մենք՝ հայերս չունենք արշավների մշակույթ, մեր հիմնական ժամանցը պատմական հուշարձանների մոտ կերուխումն է, իսկ օրինակ՝ Գերմանիայում դեռ մանկապարտեզում, հետո՝ դպրոցում են երեխաները արշավների մասնակցում և բնության հետ ներդաշնակվում։ Եթե արշավները՝որպես դասընթաց , նաև Հայաստանի կրթական համակարգում  ներդրվեին, մենք ավելի հայրենաճանաչ ու առողջ քաղաքացիներ կունենայինք, վստահ է Տեր-Մինասյանը։ 

Հայաստանի ամենաերկար էկոզբոսաշրջային նախագծի հեղինակ Լևոն Մարտիրոսյանին էլ անհանգստացնում է հետազոտող մասնագետների հետ ոլորտի պատասխանատուների համագործակցության պասիվությունն ու զբոսավարների պատրաստվածությունը։

Back to top button