ԿարևորՎերլուծական

Էրդողանի «արշավանքը» Սուրբ Սոֆիա

Գրեթե 1500 տարեկան տաճարի ճակատագիրը նրանք վճռեցին 17 րոպեում։ Համաշխարհային հոգեւոր մշակույթի գլուխգործոցներից  մեկը՝ Ստամբուլի սուրբ Սոֆիայի տաճարը փոխում է կարգավիճակը՝ թանգարանից կրկին վերածվելով մզկիթի։ Թուրքիայի գերագույն դատարանն օրերս վճռել է, որ այս հարցում վերջին խոսքը պատկանում է նախագահ Ռեջեբ Թայիպ  Էրդողանին։

 «Այստեղ ձեզ համար ոչ քրիստոնեական տաճար է, ոչ էլ մզկիթ․ սա թանգարան է». 1967- ին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն այս խոսքերով արգելեց Հռոմի պապ Պողոս VI- ին  Սուրբ Սոֆիայի տաճարում ծնկի իջնել և աղոթել։

Թուրքիայի համար Սուրբ Սոֆիայի տաճարը հոգեւոր մշակութային կառույց չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը Թուրքիայի համար Բյուզանդական կայսրությունը ոչնչացնելու եւ դրա ավերակների վրա Օսմանյան կայսրությունը կառուցելու վկան է, այդ տարածքներում է թուրքական ինքնիշխանության խորհրդանիշը։

Այսօր Էրդողանը նույն այդ ինքնիշխանության խրոհրանիշը մեկ անգամ եւս բարձրացնելու եւ նեսօսմանականության իր գաղափարներն առաջ տանելու համար պատրաստ է նորից Սուրբ Սոֆիան վերածել Այա Սոֆիայի՝ նմանվելով իր հերոսին՝ Մեհմեդ Ֆաթիհ Երկրորդին, որը 567 տարի առաջ գրավեց Կոստանդնուպոլիսն ու Սուրբ Սոֆիան վերածեց մզկիթի։

Վեցերորդ դարում Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր օրոք կառուցված հունական գլուխգործոցը՝ Սուրբ Սոֆիան մեկ հազարամյակ քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը լինելուց հետո 500 տարի մահմեդական  աշխարհի՝ իր նշանակությամբ երկրորդ տաճարն էր Մեքքայի Քաաբայի տաճարից հետո։

Այսօր Սուրբ Սոֆիան կրկին մզկիթի վերածելու համար Էրդողանը իրավական որեւէ խոչընդոտ չունի։  Թուրքիայի պետխորհուրդը այս շաբաթ վճռեց. ամեն ինչ կախված է Էրդողանի կամքից, ինչպես որ Օսմանյան կայսրությունում ամեն ինչ կախված էր սուլթանի կամքից։

Եթե տաճարը կրկին դառնա մզկիթ,  առաջին նամազը այնտեղ տեղի կունենա արդեն հուլիսի 15-ին։

Այա Սոֆիան  մզկիթի վերածելու գաղափարը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը վաղուց է փայփայում։ Նեոօսմանական նկրտումներն ու ներքաղաքական շահերն են  պատճառը․ պատահական չեն այս օրերին թուրքական բարձրագույն դատարանի որոշման մասին տեղական մամուլում տեղ գտած ամպագորգոռ  վերնագրերը․ «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը  Թուրքիայի ինքնիշխանության հարցն է»։

«Իհարկե, անակնկալ չէր այս որոշումը։ Թուրքիայիում Էրդողանի կառավարման տարիներին բազմիցս քննարկվել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը։ Անականկալ չէր, որովհետև Էրդողանը հայտնի է իր իսլամիստանական հայացքներով և երկիրը քայլ առ քայլ ավելի իսլամականացնելու ցանկությամբ»,— փաստում է թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ Էրդողանն ամեն գնով  փորձում է հավերժացնել իր անունը պատմության մեջ: Նվաճողի համբավ ունեցող սուլթանի փառքը հանգիստ չի տալիս Թուրքիայի ներկայիս ղեկավարին։ Պատահական չէ, որ Մեհմեդ Ֆաթիհ Երկրորդին հավերժացրել է ժամանակակից թուրքական կինոարտադրությունը․ սուլթանի  մասին պատմող   սերիալն այսօր  սիրված է ոչ միայն Թուրքիայում։ Փափուկ ուժի քաղաքականության հմտությունների շնորհիվ այն միլիոնավոր երկրպագուներ ունի  ամբողջ աշխարհում։

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1934-ին Այա Սոֆիան դարձրել է  թանգարան՝ բացելով 500 տարի փակ մնացած քրիստոնեական սրբապատկերները։ Թանգարան-տաճարը  դարձել է զբոսաշրջային ամենասիրված վայրերից մեկը։

Սակայն Թուրքիայի գործող իշխանությունների նեոօսմանական երազանքներն ամբողջությամբ փոխել են երկրի  քաղաքական ուղենիշը։ Սուրբ Սոֆիան, որի միջոցով վերջին տասնամյակներին  Թուրքիան փորձում էր ներկայանալ որպես քրիստոնեական և մահմեդական սրբությունների խաղաղ համակեցության երկիր, այժմ անհրաժեշտ է որպես օսմանյան նվաճումների խորհրդանիշ:

«Տաճարը մզկիթի վերածելու գաղափարն առաջացել է այնտեղ Ղուրանից ընթերցումներ կատարելուց հետո, ինչը նվիրված էր բյուզանդական մայրաքաղաքի գրավման 567-ամյակին։ Գաղափարի մասին Էրդողանը հայտարարել է հունիսի 3-ին՝ իշխող կուսակցության խորհրդի նիստի ժամանակ»,- ասում է Թուրքիայի հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ «Այա Սոֆիան» մզկիթի վերածելու`  Էրդողանի գաղափարը դիտարկելով այդ թվում՝ Աթենքի հետ Անկարայի լարված հարաբերությունների համատեքստում։

«Հունաստանի համար Սուրբ Սոֆիայի տաճարը զգայուն է այնքանով, որքանով մեզ համար զգայուն է Հայոց ցեղասպանության հարցը, և Էրդողանը շատ լավ գիտի դա։ Վերջին շրջանում շատ լարված են երկկողմ հարաբերությունները, և հստակ երևում է, որ Թուրքիայի նպատակը նաև Հունաստանն է»,-  շարունակում է   Կարեն Հովհաննիսյանը։

Հայկ Գաբրիելյանը համամիտ է․  այդ թվում  Հունաստանն է  Թուրքիայի այս որոշման թիրախը․ ամեն անգամ, երբ տաճարին կից մինարեթներում մահմեդականներն աղոթք են բարձրացնում, Աթենքն իր բողոքն է հայտնում, ինչն Անկարան համարում է միջամտություն իր ներքին գործերին։

Սուրբ Սոֆիան Թուրքիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկն է։ Հայկ Գաբրիելյանը հաշվում է․ մուտքի վճարը տասը դոլար է, միայն նախորդ տարի ունեցել է ավելի քան 3 մլն 700 հազար այցելու։ Տաճար-թանգարանը հսկայական եկամուտ է բերում թուրքական գանձարան, սակայն իր ավելի հեռուն գնացող նպատակներում Անկարան աչք է փակում այս հանգամանքի վրա։

Գործընկերուհիս՝ Ալիսան, Այա Սոֆիա այցելել է 2017 թվականին, ասում է՝ տաճարի  ներսում զգացողությունները շատ հակասական էին։

«Վեհություն, շքեղություն՝ միաժամանակ աղավաղման հետքերով։ Տաճարի վերևի մասում քրիտստոնեական սրբաբատկերներ են, բայց նաև տախտակներ, որոնց վրա Ղուրանից մեջբերումներ են, որոնցով փորձել են  առաջին պլան բերել մահմեդականությունը։ Այնքան անբնական էր այդ տեսարանը․․․ անարդարության զգացում ես ապրում՝ որպես քրիստոնյա, որպես հայ, հատկապես՝ մեզ ծանոթ է այդ տեսարանը, երբ Արևմտյան Հայաստանի եկեղեցիներից խաչերն իջեցնում են և կողքին  մինարեթներ կառուցում։ Ցավալի է շատ, բայց կարծում եմ՝ այս տաճարում հնչել են աղոթքներ Հիսուս Քրիստոսին, դժվար թե դրանք  այս տաճարի պատերից ներս Մուհամեդը լսի»։

Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես փաստում են մասնագետները, կարող է սադրել միջկրոնական  լարվածություն, որի ականատեսը պարբերաբար  դառնում ենք Երուսաղեմում՝ Տաճարի լեռան վրա։

«Կրոնների միջև, իհարկե,  կարող են խորանալ առկա հակասությունները։ Պոլսո Հունաց պատրիարքը խիստ  դատապարտել է թուրքական դատարանի որոշումը։  Մեր պատրիարքը ավելի զուսպ է գտնվել և առաջարկել է մի անկյուն ապագա մզկիթից տրամադրել քրիստոնյաներին։ Կարծում եմ՝ պատրիարք Սահակ Մաշալյանը ներքուստ համոզված է, որ տաճարը վերածվելու է մզկիթի և փորձում է մի փոքր տարածք «փախցնել» քրիստոնյաների համար, ինչը, սակայն գրեթե անհավանական է»,- նշում է Հայկ Գաբրիելյանը։

Հնարավոր է՝ Էրդողանը Թուրքիայի  ապագա մայրաքաղաք տեսնում է Ստամբուլը, որտեղ ծնվել և որի քաղաքագլուխն է եղել, շարունակում է Հայկ Գաբրիելյանը, և քրիստոնեական տաճարի առկայությունը ապագա  մայրաքաղաքում հանգիստ չի տալիս նորօրյա սուլթանին։ 

Քրիստոնեական աշխարհը լուրջ ասելիք ունի, զսպելու Էրդողանի նկրտումները, և այդ իմաստով միջազգային հանրության, հատկապես՝ տերությունների արդեն հնչած արձագանքը կարող է որոշիչ դառնալ․  վերցրած դադարից հետո Թուրքիայի նախագահը հնարավոր է՝ մերժի  դատական բարձրագույն ատյանի որոշումը։

Մյուս տարբերկան այն է, որ բացառիկ ճարտարապետական  գլուխգործոցը երկու շաբաթից  քրիստոնյաների առաջ կարող է փակվել ընդմիշտ․ եթե Թուրքիայի նորօրյա պատմության մեջ ոսկե տառերով իր անունը գրելու Էրդողանի անհագ ցանկությունը եւ Թուրքիային արդեն 500 տարի սիրաշահելու արեւմտյան քաղաքականությունը նորից խաչաձեւվեն։

Back to top button