ԿարևորՀասարակություն

Ռեստորանները Сovid-19-ի ճգնաժամից ելք են փնտրում

Վերջին շրջանում համացանցում հայտնվում են լուրեր  սպառողներին հայտնի ու արդեն սիրելի ռեստորանների փակման մասին։  Դրանց փակվելու պատճառը այցելուների հոսքի  ու շրջանառության  կտրուկ նվազումն է։  Դրանց մի մասը խոստանում է վերաբացվել հուլիսի կեսերից, մյուս մասն  էլ դեռ սպասում է։

Ուղիղ մեկ տարի առաջ ամռան տապից շատերը փրկություն էին գտնում սրճարաններում, ընտանեկան եւ ընկերական հանդիսություններ կազմակերպում ռեստորաններում, աշխատանքային ընդմիջումն անցկացնում հանրային սննդի կետերում։ Այսօր արդեն  շատերի համար սրանք վաղ անցյալի քաղցր հուշեր են։

Մոտ  5 ամիս է շատերը որևէ սրճարան կամ ռեստորան չեն այցելում։ Պատճառը  զգուշավորությունն է,  ինչու չէ նաև վախը՝ կորոնավիրուսից։ Այսօր բացառություն են կազմում ռեստորան կամ  սրճարան այցելողները։

Կորոնավիրուսի համավարակից հետո ոլորտը տուրիզմի հետ ամենախոցելին է, ասում է Ռեստորանների հայկական միության  գործադիր տնօրեն Վահե  Գևորգյանը։ Նաև նշում է, որ վիճակը ծանր է  հատկապես այն ռեստորաններում, որտեղ  հիմնական շեշտը  հայկական  խոհանոցի վրա է։  Բացատրում է՝  այստեղ  այցելում էին  արտասահմանցի  զբոսաշրջիկները, նրանք չկան,  պակասել են նաև ներքին սպառողները։ Շրջանառությունը նախորդ տարվա այս օրերի համեմատ 10-15 տոկոս է հիմա կազմում։

«Եթե անցյալ տարի մեկ  օրվա շրջանառությունը  1 մլն դրամ էր, ապա այժմ 100-150 հազար դրամ է, սա շահույթը չէ, եկամուտը չէ։ Մենք ունենք ռեստորաններ, որ փակվել են, քանի որ  շատ վատ էր վիճակը։ Հաճախորդների հոսքը նույնպես 15 տոկոս է  կազմում։ Այլ ազգերի խոհանոցներում, սրճարաններում  շրջանառությունը մոտ  25 տոկոս է կազմում՝ անցյա տարվա հետ համեմատած»,- ասում է Վահե Գևորգյանը։

Նա ասում է, որ ռեստորանի գոյատևման համար  70 տոկոս շրջանառություն է պետք, որպեսզի կարողանան  ծախսերը փակել, աշխատավարձ վճարել,  շահույթն այստեղ  30 տոկոս է կազմում։  Ոլորտում  ավելի քան 35 հազար մարդ է  աշխատում։ Եթե հաշվի առնենք նաև անուղղակի աշխատատեղերը, ռեստորանային բիզնեսն աշխատանքով  ապահովում է մոտ 70 հազար մարդու։

Ռեստորանների մոտ  30 տոկոսն արդեն փակվել է, վիճակագրական տվյալներն է ներկայացնում Վահե Գեւորգյանը.

«Ոլորտը խորը ճգնաժամի մեջ է, և եթե  անգամ մեկ ամսից մենք վերադառնանք  բնականոն կյանք, այս ճգնաժամը կտևի  մինիմում մոտ մեկ տարի, քանի որ շրջանառության լուրջ փոփոխություն չի լինելու,վնասով են աշխատելու։ Շատ ռեստորաններ կփակվեն, աշնանն  այդ շղթան կերևա։ «Շերեփն» այժմ փակ է, հայտարարել են, որ հուլիսի 15-ին կբացվի։  Բայց դա կախված կլինի  թվերից ու իրավիճակից։ Փակվել են նաև «Չինարին», «Ծիրանի տունը»,- նշում է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը։

Այս պահին  հատկապես լուրջ խնդիրներ ունեն այն ռեստորաններն ու սրճարանները,  որոնք բացօթյա հատված  չունեն։ Իրենց աշխատանքը   ժամանակավոր  դադարեցրել են  նաև սպառողներին   հայտնի  ռեստորաններ ու  հանրային սննդի ցանցեր։  Ռեստորանները  սննդի մի մասը բաժանում են կարիքավարներին, մյուս մասն էլ  թափում, իրավիճակն է ներկայացնում  Գևորգյանը։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը  ոլորտի խնդիրներից տեղյակ է։ Նշում է, որ վիճակը վատանում է նաև  այն ընկերություններում, որոնք աշխատում էին տուժած ոլորտների հետ։ Կոնկրետ օրինակով է բացատրում, նաև  հնարավորությունները առանձնացնում

«Օրինակ, ես հաշվապահական ընկերություններ գիտեմ, որոնք  կենտրոնացած էին  այս ոլորտի ընկերությունների վրա, նրանց մոտ եկամտի անկում կա։ Կա  մի գործընկեր կազմակերպություն, որը աշխատում էր կազինոներից մեկի հետ, իրենց խոշորագույն  պատվիրատուն էր,  այժմ չգիտեն ոնց են փակելու ծախսերը։ Ամեն ինչի հետևանքով այս  ոլորտներում գործազրկությունն աճում է, ինչը բերում է նաև  աշխատավարձերի կրճատման։ Սակայն, նաև   այլ ոլորտներում աշխատող գտնելու հեշտությանն է բերում։ Այսինքն՝ այստեղ և վատ բան կա, և հնարավորություն բիզնեսի համար։   Եթե կարճ ասեմ, վիճակը տագնապալի է այն առումով, որ  կանխատեսելի չի, տեսնում ենք նաև, թե համավարակից տուժած ոլորտներում վիճակն ինչպես է, տագնապ է գալիս բիզնեսի վրա»,- նշում է Ռուբեն Օսիպյանը։ 

Համավարակը հաղթում են այն ընկերությունները, որոնք  բիզնեսը  փոխակերպում են, վերապրոֆիլավորում։ Նման ընկերությունները քիչ են, բայց կան, շատ են սպասողական վիճակում գտնվողները.

«Ես իմ ընկերների շրջապատում տեսնում եմ, որ իրենց բիզնեսը դեռ չեն տրանսֆորմացրել։ Նախ՝ ժամանակ է պահանջվում։  Պատկերացրեք, դու տարիներ շարունակ   իքս ոլորտում ես աշխատել, բիզնես կապերդ այդ ոլորտում են, մեկ էլ պետք է միանգամից փոխես, օրինակ, ռեստորան ես, պետք է դառնաս ատամնաբուժարան։ Պետք է կապեր ստեղծես, ներդրումներ անես»,- ասում է ՓՄՁ  ասոցիացիայի նախագահը։

Ռեստորանների հայկական միության  գործադիր տնօրեն Վահե  Գևորգյանն ընդգծում է՝ ոլորտում մտածում են  բիզնես մոդելի փոփոխությունների մասին, սակայն սահմանափակում կան․  ինչ էլ անեն,  ռեստորան հայեցակարգում պետք է մնան։  Փորձեր իհարկե արվել են.

«Մեր անդամների մոտ 30 տոկոսը ավելացրեց առաքման ծառայությունները։Մինչ այդ չունեին։ Սակայն կան այնպիսիք, որ չստեղծեցին այդ ծառայությունները՝ միգուցե  ազատ գումար չունեին, կամ  հաշվարկներն էին պատճառը։ Նույնը կապված է նաև օնլայն մարկետինգի  հետ»,- ասում է Գևորգյանը։

Հակաճգնաժամային երրորդ ծրագրից  ոլորտի ընկերությունների մի  մասն օգտվել է, սակայն, Ռեստորանների հայկական միության  գործադիր տնօրենն ասում է, որ  տրամադրվող վարկի ժամանակը  կարճ է, գումարը՝ քիչ։   Ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ կարող են մեջքը շտկել,   եթե    նորարարություններ անելու համար դրամաշնորհ կամ երկարաժամկետ  (մինչև  5 տարի) արտոնյալ պայմաններով  վարկեր ստանան։

Back to top button