ԿարևորՀասարակություն

Բուհ ընդունվելը՝ առանց ջերմության ու մեկ քննությամբ

Oտար լեզվի քննությամբ  այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները։ Քննական պրոցեսին մասնակցել է 2012 դիմորդ։ Նրանցից  որևէ մեկը ջերմություն ունենալու պատճառով չի զրկվել քննությանը մասնակցելու հնարավորությունից։

Միլենա Կարապետյանը պատրաստվում է դիմակով քննական սենյակ  մտնել, բայց դռների մոտ նրա դիմակը փոխարինվում է նորով։ Դիմակային այս փոխանակումը բխում է  համավարակային կանոններից։  Հետո ջերմաչափվում  է, ստանում  նոր գրիչ և  մտնում քննասենյակ։ Միլենան 2012 դիմորդներից մեկն է, որն այսօր քննություն է հանձնում օտար լեզվից։

Oտար լեզվի քննությամբ  այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները։  

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը  մեզ հետ  զրույցում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված մեծ էր լարվածությունը, բայց ամեն ինչ նորմալ է ընթացել։ Բոլոր դիմորդները  նախապես ջերմաչափվել են, որևէ մեկը ջերմություն ունենալու պատճառով չի զրկվել քննությանը մասնակցելու հնարավորությունից։

«Քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի՞, թե՞ արեւի տակ կանգնելու հետեւանք է»,- նշում է Խաչանուշ Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքի էջից

Համավարակով պայմանավորված` քննություններն այս տարի  ընթանալու են մեկ փուլով,  դիմորդները երկրորդ  հնարավորություն չեն ունենալու։ Փոխարենը  բուհ են  ընդունվելու՝ միայն մեկ քննություն հանձնելով։

Քննական պրոցեսին հետևող ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը լրագողների հետ զրույցում նշեց, որ առաջին քննությունը սպասվածից ավելի հարթ է  ընթացել։

Դիմորդներն այսօր քննություն են հանձնել ռուսերենից, անգլերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իսպաներենից եւ իտալերենից։

«Ամեն տարի ամենաշատ հայտերը լինում էին  հայոց լեզվից,  այս տարի, մեկ քննությունով պայմանավորված,  ավելի շատ հայտարագրել են մաթեմատիկա՝ 5412 հոգի, հայոց  լեզու՝ 1749 , ֆիզիկա՝ 197,  քիմիա՝ 394, աշխարհագրություն՝ 286, կենսաբանություն՝ 1112», — ասում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղարը։

Օտար լեզուների քննությունից հետո թեստում առկա վրիպակների մասին որեւէ քննակենտրոնից ահազանգ չի ստացվել, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասել  է զանգերի, դրանք, սակայն, չեն եղել  թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ:

Քննության արդյունքները կհրապարակվեն  քննության երրորդ օրը։ Արդյունքները հասանելի կլինեն քննակենտրոններում, և  գործող կարգի համաձայն՝ երրորդ օրվանից հետո 24 ժամվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել, բայց՝ առցանց:

Այսօր Երեւանում  ու մարզերում գործել է 24 քննական կենտրոն, իսկ ընդհանուր հանրապետությունում ձեւավորված կենտրոնները 47-ն են, 4 քննական կենտրոն է լ եղել է Արցախում։ Հաջորդը «Հայոց պատմություն» առարկայի քննությունն է, որը կկայանա հուլիսի 4-ին։

Back to top button