ԿարևորՄշակույթ

Ամառային Երևանը՝ առանց «Ոսկե ծիրան»-ի

2004 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի  ամառային Երևանը չի նշանավորվի հերթական «Ոսկե ծիրան»-ով։ Անսովոր վիճակ է ոչ միայն միջազգային փառատոնի կազմակերպիչների համար, այլև՝ հազարավոր կինոսերների։ Փառատոնի երիտասարդ ղեկավարները որոշում են կայացրել հնարավորության դեպքում փառատոնն անցկացնել նոյեմբերին, եթե մինչև այդ կորոնավիրուսի համավարակը քիչ թե շատ հաղթահարված լինի: Ստեղծված իրավիճակի ու փառատոնի անցկացման հնարավորությունների շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար  Կարեն Ավետիսյանի հետ։

Թագավարակը խախտում է նաև «Ոսկե ծիրան»-ի պլանները։  Անցկացման ժամկետներում ու  ձևաչափում  ստիպված են փոփոխություններ անել  բոլոր այն փառատոնները, որոնց օրացուցային ժամկետը համընկել է համաշխարհային համաճարակին։ Ոմանք չեղարկում են փառատոնները, ոմանք տեղափոխում են առցանց հարթակ, մի մասն էլ փառատոնի անցկացման ժամկետն է տեղափոխում։ Հայաստանն ընտրել է վերջին տարբերակը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն է մանրամասնում․ «Մենք փառատոնը տեղափոխում ենք նոյեմբեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ի դեպքում կենդանի մթնոլորտը և կապվածությունը  Երևանի հետ , այնուամենայնիվ, շատ կարևոր է եղել և մեծ շեշտադրում է ունեցել»,- ասում է կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարը։

Թե ինչ ձևաչափով կանցկացվի փառատոնը,  պայմանավորված կլինի նոյեմբերյան սահմանափակումներով։  Ֆիլմերը կդիտեն դահլիճում՝ որոշակի հեռավորություն պահպանելով, թե առցանց, գուցե բաց կամ փակ տարածքներում, ինչպես կանցկացվեն մարդկային հավաքներ ենթադրող մյուս միջոցառումները , կհստակեցնեն պարետատան հետ՝ առաջնորդվելով տվյալ պահի իրավիճակով։  Ավետիսյանի խոսքով՝ փորձելու են, այնուամենայնիվ, չկորցնել նաև հուլիսը՝  ներկայացնելով կրթական ու արտադրական այն ծրագրեր, որոնց հարմար է նաև առցանց հարթակը։  Առցանց ձևաչափով, ինչպես ավանդաբար, իրականացվել է նաև հայտերի ընդունման  գործընթացը։

«Մոտ հարյուր երկրից 751 հայտ ունենք այսպիսի իրավիճակում, երբ թվում է՝ կինո չի նկարահանվում, կինոպրոցեսը կանգնած է։ Իհարկե կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք պատրաստ են եղել մինչև պանդեմիան։ Ունենք երկու ծրագիր, որտեղ ներկայացաված է լինելու հայկական կինոարտադրանքը»,- նշում է Ավետիսյանը։

Հուլիսին, ինչպես նաև նոյեմբերին, աստղերի բացման  արարողություններ կլինեն։ Հինգ հոբելյար ունի այս տարի փառատոնը, հուլիսի երկրորդ կեսին արդեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի անունը կրող աստղերը։ Ոսկե ծիրանի թերևս ամենագայթակղիչ  կողմը համաշխարհային կինոաստղերի հյուրընկալումն է Երևանում։ Համավարակի պայմաններում  աստղերի հետ անմիջական  շփումները փառատոնի տնօրենը քիչ հավանական է համարում։

Հայկական կինոփառատոնի գլխավոր խորհրդանիշը՝ ծիրանը, նոյեմբերին չի լինի, հետևաբար՝ փառատոնը ծիրանի օրհնությամբ չի մեկնարկի, բայց «Ոսկե ծիրանն» այս հարցում որևէ այլընտրանք չի առաջարկի։ Ըստ տնօրենի՝ սահմանափակումը ժամանակավոր է, փոփոխությունների կարիք չկա։ 2020-ը, առհասարակ, սահմանափակումների տարի է։

Back to top button