Ծովահայեր

Քամիների ու ալիքների տիրակալները. Սևանի առագաստանավորդները. «Ծովահայեր»

  Ծովերով բաժանված երկրները առագաստանավերով միմյանց կապելու, ալիքների լեզուն հասկանալու և քամու հետ ներդաշնակվելու ավանդույթները ձևավորվել են  անհիշելի ժամանակներում։ Բեյրութի հնագիտության թանգարանում սարկոֆագի վրա առագաստանավ է քանդակված, թվագրվում է  մ.թ. 1-ին դար, հայտնի է որպես Տարսուսի առևտրային նավ։

Հայկական պատմական առագաստանավի մասին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բարձրաքանդակն է պատմում։ Հնում՝ առագաստանավերի հիմնական գործառույթը առևտուրն էր ու ծովամարտերը, այսօր՝ գլխավոր դերը սպորտինն է ու զբոսանքինը։

 Ամառ, ծովի տենչ ու փակ սահմաններ. ի՞նչ անել: Փակ սենյակում առագաստանավեր ուսումնասիրելուց մի քիչ հոգնած՝ որոշում եմ գնալ Սևան, տեսնել, շոշափել, բայց վարել՝ մտքովս էլ չի անցնում։ Նախ՝ Հայաստանի առագաստանավային ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանն է ծանոթացնում իրենց գանձարանին, որը Ֆեդերացիայի նախագահ Բագրատ Սողոմոնյանի նվերն է։

«Սա մեր հարստությունն է, ախպերն ախորն այսպիսի նվեր չի անում, որ արեց մեր նախագահը։ Այստեղ 30 առագաստանավ ունենք ու 2 մոտորանավակ, որ մարզումների ընթացքը հսկենք», — ասում է Սմբատ Հակոբյանը։ 

 Ոչ աշխատանքային օր էի գնացել, բայց խնդիր չէր, պատրաստակամ առագաստանավ տրամադրեցին ու փորձառու մարզիչ։ Առաջին անգամ էի նման առագաստավնավ մոտիկից տեսնում, երկյուղած  նստեցի ու ջրից վախս հաղթահարելով՝ կենտրոնացա առաջին դասին։  Ռազմիկ Հակոբյանը՝  մարզիչս, համբերատար բացատրում էր նախ՝ քամիների ուղղությունն ու առագաստի գործառույթները, հետո՝ ղեկի աշխատանքն ու շրջադարձերի հմտությունները։ ամենից դժվարը կարծես թե քամու լեզուն հասկանալն է։

«Առաջասգանավային սպորտով զբաղվելու համար հարկավոր է խելք, ուժ և ցանկություն։ Առաջին դասը սկասում ենք առագաստանավի տերմիններին ծանոթանալուց, հետո կսովորենք ինչպես որոշել քամու ուղղությանը և առագաստի կառավարումը պարանների օգնությամբ կծանոթանանք ղեկի աշխատանքին ու կանենք գործնական մարզումներ», — ասում է մարզիչս։   

Առաջին օրը թվում էր՝ սա իմ բանը չէ։

 Հաջորդ օրը գալիս եմ ևս մեկ փորձ անելու։ Օրն աշխատանքային է, մարզումները սկսվում են ժամը 11-ից, պատանի առագաստանավորդները սակայն անհամբեր էին, ավելի շուտ էին եկել։ Առագաստանավային սպորտը նրանցից շատերի միակ զբաղմունքն է ու ավելի լավ ապագայի ուղեգիրը։

Իրենց գործին տիրապետելու առաջնային կանոնները գիտեն, մնացածը՝ տեխնիկայի հարց է։

Պատանի առագաստանավորդների առաջին գործը նավակները  ափ իջեցնելն է։ Հետո ինքնուրույն մարտական դիրքի են բերում առագաստանավերն ու ծով մտնում։ Պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հավաքականներն այս տարի պատրաստվել էին  հերթական միջազգային մրցաշարերին, համավարակը խանգարեց։

12-ամյա  առագաստանավորդ  Նարե Սուքիասյանը տխրել․ է այս տարի նոր ձեռքբերումների էր սպասում:

«Հայրիկս էր զբաղվում այս սպորտով, ես էլ շարունակեցի, ինձ շատ է դուր գալիս։ Արդեն հաղթանակներ ունեմ Հայաստանում՝ միջազգային մրցումներին, իսկ Վրաստանում առաջին տեղն եմ գրավել», — ասում է Նարեն:

  Պետությունը գումար քիչ է հատկացնում, բայց  դրանից մարզիչների նվիրվածությունն ու երեխաների սերը սպորտաձևի հանդեպ չի պակասում, ասում է առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը։  

«Առագաստանավային սպորտը գոյատևում է այս սպորտաձևի մի քանի սիրահարների և նվիրյալների շնորհիվ։ Ֆանատներ են, որ ուզում են Հայաստանում զարգանա այս սպորտաձևը», — նշում է Հակոբյանը։ 

Առագաստանավերի ավելի մեծ քանակի դեպքում Սևանա լճում կարելի է զարգացնել ոչ միայն սպորտաձևը, այլ նաև տուրիզմը, վստահ է Սմբատ Հակոբյանը, սակայն ամենահավակնոտ ցանկությունները սպորտի հետ են կապված։ 

«Կարծում եմ, եթե Սևանում ստեղծենք առագաստանավային ճամբարներ, շատերը կգան, ամբողջ աշխարհից կգան,  Ռուսաստանից շատերը ցանկություն ունեն գալ Սևան, մասնակցել ճամբարների։ Առագաստանավային զբոսանքներով, անշուշտ, չենք զարմացնի, կարող ենք զարմացնել մեր քամիներով ու ջրով ու առագաստանավային սպորտով։ Մեզ մոտ ավելի դժվար է առագաստանավային սպորտով զբաղվել, ջուրը քաղցրահամ է, առագաստանավն ավելի խորն է նստում ջրի մեջ և դանդաղեցնում ընթացքը։   Իմ ասմենամեծ ցանկությունն է՝ ունենալ ուժեղ մարզիկներ ու աշխարհում գրավել բարձր տեղեր, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի Հայաստանն ու Սևանա լիճը»,  — ասում է Սմբատ Հակոբյանը:

 Կծածանվե՞ն արդյոք եռագույն դրոշով առագաստները միջազգային ասպարեզում համավարակի անտեսանելի վարագույրները բացվելուն պես։ Սմբատ Հակոբյանը սպասում է նոր ձեռքբերումների։

Ցուցադրել ավելի
Back to top button