ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Մեկ քննություն՝ ԲՈՒՀ ընդունվելու համար. դիմում են ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակները

Ընդունելության մեկ քննություն հանձնելու ՝ համավարակով պայմանավորված որոշումը մեծացրել է դիմորդների ակտիվությունը․ ավելացել է ոչ միայն դիմորդների, այլեւ՝ մեծահասակ դիմորդների քանակը։

«Օրինակ՝ այս տարի ԲՈՒՀ  ընդունվելու համար դիմել է 1964 թ․ ծնված քաղաքացի», -«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը և նշել,  որ  տարիքով  մեծ դիմորդները հիմնականում ընտրում են արվեստի բուհերը։

Ընդունելության քննությունների մեկնարկից առաջ ԳԹԿ փոխտնօրենի հետ զրուցել ենք քննությունների կարգի  ու  համավարակով պայմանավորված փոփոխությունների մասին։

Կարո Նասիբյանը հաստատել է  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությունը, որ ջերմություն ունենալու դեպքում  դիմորդը չի մասնակցի քննական պրոցեսին։

«Այդ դիմորդներին  երկրորդ հնարավորություն  չի տրվելու, ու նրանք չեն կարող քննություն հանձնել»,–ասել  է Նասիբյանը ու նշել, որ   բացառություն կլինեն այն դիմորդները, որոնք առողջական այլ խնդիրներ ունենալու մասին բժշկական տեղեկանք կներկայացնեն։

Այս տարի կարևոր փոփոխություն է եղել նաև դիմում-հայտերում։ Եթե նախկինում առաջին անվճար հայտն էր գերակա, ապա հիմա անվճարի հետ գերակա է նաև  վճարովին։ Ի՞նչ է սա նշանակում։

«Դիմորդը, ենթադրենք, դիմել է իրավագիտություն մասնագիտության համար, ուրեմն՝ առաջին տողով նշել  է և՛ վճարովին, և՛ անվճարը։ Այդտեղից դուրս մնալու դեպքում նա երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ  հայտերով կարող է ընդունվել  միայն այն դեպքում, եթե դրանցով նշված  մասնագիտություններում թափուր տեղեր կան»,- ասել է  Նասիբյանը։

Back to top button