ԿարևորՄիջազգային

Կմնա՞ Պուտինը մինչև 2036-ը. սահմանադրական փոփոխություններ` ՌԴ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել  է Սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեին: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության շենքում է արդեն ավելի քան  քսան տարի բոլոր ընտրություններին քվեարկում Ռուսաստանի անփոփոխ ղեկավարը։ Ընտրատեղամասում  պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով էին բոլորը, միայն Պուտինն էր չպաշտպանված եկել ընտրատեղամաս․  պաշտպանիչ միջոցներից  միայն անձնական գրիչն էր։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Սանկտ-Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում այսօր կորոնավարակ է հաստատվել հանձնաժողովի անդամներից մի քանիսի մոտ։ Չնայած վարակի ակտիվ տարածմանը՝  ակտիվ է նաև քվեարկության ընթացքը։ Ռուսաստանում այսօր սահմանադրական հանրաքվեի վերջին օրն է։Կորոնավիրուսի համաճարակի պատճառով թույլատրվել էր հեռավար քվեարկություն՝ հունիսի 25-30-ը, այդ ընթացքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հանրաքվեին մասնակցել է մոտ 50 միլիոն ռուսաստանցի կամ ընտրողների մոտ 45,7 տոկոսը։

Տասնյակ փոփոխություններ են առաջարկվում Ռուսաստանի Մայր օրենքում, բայց ամենաշատը խոսվում է դրանցից մեկի մասին․ռուսաստանցիները քվեարկում են Պուտինի  նախագահության նախորդ բոլոր ժամկետները զրոյացնելու շուրջ։ Եթե նրանք «այո» ասեն, ՎլադիմիրՊուտինը հնարավորություն կստանա  Կրեմլում մնալ մինչև 2036 թվականը։ Ինքը՝ գործող նախագահը, կրկին առաջադրվելու հնարավորությունը վերջերս  չէր բացառել։

Ռուսական լրատվամիջոցները հարցումներ են արել՝ կողմ են թե դեմ փոփոխություններին։ Մերձմոսկովյան Բալաշիխայից երկու ուսուցչուհիներ են , ասում են, որ  գոհ են Պուտինից, կսատարեն նրան։ Շեշտում են նաև՝  ՌԴ իշխանությունները կորոնավարակի պայմաններում ընտանիքներին նաև նյութական օժանդակություն են ցուցաբերել։ 

Կան ռուսաստանցիներ, սակայն, որոնք կարծում են, որ լավ չէ, երբ նույն անձը տասնամյակներով է իշխանության ղեկին։

«Իշխանությունը պետք է փոխվի, դա միանշանակ է, 20 տարի է՝ ոչինչ չեն անում»,- վրդովված ասում է Մոսկվայի բնակիչ թոշակառուն։

Ռուսաստանում կազմավորվել է «Ոչ» հակասահմանադրական շարժումը, դրա ակտիվիստներն այս քվեարկությունը «սահմանադրական հեղաշրջում»  են անվանում,  ասում են, որ սպասվող փոփոխություններով Վլադիմիր Պուտինը ոչ միայն ցանկանում է պահպանել իշխանությունը, այլև ընդլայնել այն` ստեղծելով կլասիկ ավտոկրատիա:

Ռուսաստանի գործող ղեկավարը  միայնակ չէ երկրի ղեկը ստանձնելու համար Մայր օրենքի սահմանափակումները շրջանցելու իր ցանկության մեջ։ Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Թուրքմենստան․․․Բայց երևույթը բնորոշ է ոչ միայն հետխորհրդային երկրներին։

Ինչպես հաշվել են Constitution Unit միջազգային միավորման մասնագետները, 1875-ից մինչև մեր օրեր դա փորձել են անել մոլորակի պետական գործիչների մեկ քառորդը։ Կրկին նույն կառույցի հաշվարկներով`դա այս կամ այն կերպ հաջողվել է անել մոտավորապես 20 տոկոսին կամ 71 առաջնորդի։Նրանցից շատերը հիմա էլ կառավարում են, որոշները մահացել են նախագահության օրոք, որոշներին էլ  պաշտոնանկ են արել։

Back to top button