ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ընտրեց երրորդ ճանապարհը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ օրինագիծը՝ հարակից փաթեթով,  չի ստորագրելու․   նախագահի աշխատակազմի՝ երեկ ուշ երեկոյան տարածած այս հաղորդագրությունը հրապարակվելուց անմիջապես հետո թեժ քննարկումների առիթ դարձավ։  Նախագծերը նույն օրը հատուկ ընթացակարգով ընդունվել էին ԱԺ արտահերթ նստաշրջանում։

Ինչո՞ւ  Արմեն Սարգսյանը չի ստորագրում օրենքները, ի՞նչ  է լինելու հետո, որո՞նք են հավանական սցենարները։ Իշխանական եւ ոչ իշխանական թևերից հնչող  մեկնաբանությունները հակասական են, գնահատականները՝ իրարամերժ, իսկ հանրապետության նախագահն իր դիրքորոշումն առայժմ չի մեկնաբանում։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը մի քանի օր առաջ ստորագրել էր ՍԴ-ին առնչվող գործընթացում հիմնական՝ Սահմանադրության մեջ փոփոխություն նախատեսող օրինագիծը։

Երեկվանից համացանցում և դրանից դուրս  բուռն  քննարկումների առիթ է դարձել հանրապետության  նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքները:

Թե ո՞րն է չստորագրելու պատճառը, նախագահականի տարածած հաղորդագրությամբ չի հստակեցվել:

Միայն նշվում է, որ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ վերոհիշյալ օրենքներն  իր կողմից չեն ստորագրվելու»: 

Ավելի վաղ՝ հունիսի 26-ին, նախագահը ստորագրել էր ՍԴ-ին վերաբերող հիմնական նախագիծը: Խոսքը Սահմանադրության մեջ  խորհրդարանի կատարած  փոփոխությունների և համապատասխան օրինագծի մասին է, որի արդյունքում դադարեցվում են 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ 3 անդամների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահի  լիազորությունները: Սահմանադրական այս փոփոխությունների՝  ուժի մեջ մտնելու համար, սակայն, անհրաժեշտ էր նաեւ «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքում և հարակից  այլ օրենքներում փոփոխություններ կատարելը, ինչը եւ երեկ արել էր խորհրդարանը։  Հենց այդ նախագիծը չստորագրելու մասին է հայտարարել հանրապետության նախագահը:

Մասնագետների մի մասը չի բացառում, որ նախագահի չստորագրելու նպատակը ՍԴ հեռացող դատավորներին կենսաթոշակի  հնարավորություն տվող նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչելն է:

Սահմանադրագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ նախագահի ստորագրությունը զուտ արարողակարգային բնույթ ունի: Նա նաեւ այսպիսի կարծիք հայտնեց․

«Այստեղ կարեւոր է նախագահի՝ որպես պետության գլխի, ըստ էության, քաղաքական ուղերձը, որ նա այս պահին նպատակահարմար չի համարում օրենքը ստորագրել: Այսինքն՝ ինչ-որ առումով իր բացասական վերաբերմունքն է արտահայտում այդ օրինագծի նկատմամբ: Երեւի թե: Խոսքը խնդրի՝ միայն Սահմանադրությանը համապատասխանության մասին չէ: Այո՛, Սահմանադրության հետ այդ օրենքը խնդիր չունի: Պարզապես, կարծում եմ նախագահը՝ որպես պետության գլուխ, ցանկանում է հավասարահեռ լինել իշխանության երկու ճյուղերի միջեւ կոնֆլիկտի լուծման որեւէ տարբերակից, քանի որ նա հետեւում է ընդհանուր Սահմանադրության պահպանմանը եւ այդ առումով չի ցանկանում որեւէ մեկի կողմը բռնել, գոնե ֆորմալ առումով»,- ասաց փաստաբանը։  

Իշխանական պատգամավորները մինչդեռ  պնդում են, որ հանրապետության նախագահի՝ օրենքների նախագծերը ստորագրելուց հրաժարվելը բավարար հիմք է, որ ԱԺ խոսնակը դրանք ստորագրի և հրապարակի, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն:

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան․ «Գործընթացը նախատեսված է օրենքով, այսինքն՝ նախագահն ունի լիազորություն ստորագրելու-չստորագրելու: Էս պարագայում, երբ չի ստորագրում նախագահը, որոշ ժամանակ անց օրենքը ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից եւ մտնում է ուժի մեջ»:

Ալեն Սիմոնյանը նկատի ունի Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը նշում է, թե ինչ քայլերի հնարավորություն ունի նախագահը։   Հոդվածի համաձայն ՝ հանրապետության նախագահը 3 տարբերակ ունի․ քսանմեկօրյա ժամկետում ստորագրել օրենքը , նույն ժամկետում դիմել Սահմանադրական դատարան կամ  չանել այս երկու քայլերից և ոչ մեկը․այդ դեպքում  արդեն Ազգային ժողովի նախագահն է ստորագրում  օրենքը: Արմեն Սարգսյանը, ըստ էության, ընտրել է երրորդ տարբերակը։

Ընդդիմադիր ճամբարում կարևորում են ժամկետները․ նշում են, որ նախագահը օրենքը ստորագրել-չստորագրելու համար ունի 21-օրյա ժամկետ եւ այդ ժամկետից շուտ  եթե խորհրդարանի խոսնակը ստորագրի օրենքն ու հրապարակի այն, ապա դա կխախտի  Սահմանադրությունը:

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ՖԲ-յան գրառումից մի մեջբերում․ «21 օրը իշխանության հաշվարկներում տեղավորվում է, թե ոչ, դա արդեն իրենց որոշելիքն է, բայց դրանից շուտ ստորագրելը հանցագործությունների փնջի մեջ ևս մեկ՝ խիստ կարմիր ծաղիկ է առաջացնում»:

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի պարզաբանմամբ, մինչդեռ, նախագահի կողմից օրենքի չստորագրելն ու այդ մասին ի սկզբանե հայտարարելը, միաժամանակ՝ օրինագիծը ՍԴ չուղարկելը, նշանակում է, որ նախագահը սահմանադրականության հետ կապված խնդիր չի տեսել:

«Այնուամենայնիվ, պարոն Սարգսյանն ուղղակի որոշում է կայացրել երեք տարբերակներից ընտրել չստորագրելու տարբերակը, որի քաղաքական հետեւանքի եւ քաղաքական արձագանքի մասին, կարծում եմ, դեռ կզրուցենք, բայց այս փուլում ես զերծ կմնամ, մինչեւ տեսնենք-հասկանանք, թե ինչ է կատարվում՝  նաեւ իրավական ինչ հստակ հետեւանքներ կարող են լինել»:

Իշխող մեծամասնության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ չստորագրելով օրինագիծը, նախագահը Սահմանադրության 129 հոդվածի  3-րդ կետի ուժով ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: Սահմանադրագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը, սակայն, մեզ հետ  հեռախոսազրույցում նկատեց, որ 21-օրյա ժամկետը պետք է  պահպանել: 

«Իրավաբանական տեսանկյունից այդ 21 օրը պահպանելը, կարծում եմ, պարտադիր է: Բայց, բնականաբար նախագահի չստորագրելը չի ազդելու որեւէ կերպ՝ օրենքի իրավաբանական ուժի մեջ մտնելու առումով»,- ասաց Արտաշես Խալաթյանը:     

Սահմանադրության մեկնաբանությունն այն դեպքում, երբ նախագահը չի ստորագրում, կարծես թե այլ մոտեցման տեղիք չի տալիս՝ եզրափակեց սահմանադրագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close