ԿարևորՎերլուծական

Հաջողվել է կանխել թուրքամետ և ադրբեջանամետ թեկնածուների հաղթանակը․ տեղական ընտրությունները Ֆրանսիայում

Ֆրանսիայում կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները  գոհացնում են ֆրանսահայ համայնքին․ «Ֆրանսիայի ընտրություններում հայ համայնքի համար երկու կարևոր հանգամանք կա․ առաջինը թուրք-ադրբեջանական աջակցությունը վայելող  թեկնածուների չընտրվելն է։ Երկրորդը՝  հայ համայնքի, հայկական կազմակերպությունների բարեկամների հաջողությունը»,—  «Ռադիոլուրին»  փոխանցում է  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության եւ հանրային կապերի  պատասխանատու Հարութ Շիրինյանը։ 

Հունիսի 28-ին անցկացված տեղական ընտրությունների  երկրորդ փուլի արդյունքներով Փարիզի քաղաքապետ է վերընտրվել  Անն Իդալգոն։  Վերջին ամիսներին ֆրանսահայերն ահազանգում էին․Իդալգոյի քաղաքական հակառակորդը՝  Ռաշիդա Դատին Ադրբեջանի և Թուրքիայի մեծ բարեկամն է․ եղել է Ադրբեջանի բարեկամների ասոցիացիայի անդամ, որը համարվում է Ֆրանսիայում «խավիարային դիվանագիտության» գլխավոր գործիքն ու հայտնի է ավտորիտար Ադրբեջանի իշխանությունների  հետ սերտ կապերով: Դատին բազմիցս հրապարակայնորեն  գովերգել է Հեյդար Ալիևի հիմնադրամն  ու անձամբ Մեհրիբան Ալիևային։

Հայաստանի, Հայ Դատի և հայ համայնքի լավ բարեկամ Անն Իդալգոյի վերընտրվելը չէ միայն, որ հունիսի 28-ի  ըտընտրությունների արդյունքներով գոհացնում է հայ համայնքին․ «Ֆրանսիայի կենտրոնական շրջաններում, որտեղ Էրդողանի ջանքերով որոշ ցուցակներում ընդգրկված էին թուրքական ծագումով ֆրանսիացիներ, որոնք ավելի ավղ հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտել էին։ Եվ հայ համայնքը մեծ պայքար տարավ, որպեսզի այդ թեկնածուները ձախողեին»,- ասում է Հարութ Շիրինյանը։

2017 թվականից Լիոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ֆրանսահայ բժիշկ և քաղաքական գործիչ Ժորժ Քեփենեկյանը հունիսի 28-ի ընտրությունների արդյունքներով չի վերընտրվել քաղաքապետի պաշտոնում, նա տեղ կզբաղեցնի Լիոնի քաղաքային խորհրդում։

Բայց կիրակի կայացած քվեարկությունից հետո  «յան» -ով է ավատվում ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրամիության կարևորագույն քաղաքաներից մեկի ղեկավարի ազգանունը․  Ժաննա Բարսեղյանն է Ստրասբուրգի նոր քաղաքապետը։ 

Ֆրանսահայության համար շատ կարևոր է, որպեսզի հայկական համայնքի ներկայացուցիչները ներկայացված լինեն երկրի քաղաքական կյանքում, ասում է Հարութ Շիրինյանը։ Ժաննա Բարսեղյանի հետ համագործակցության եզրեր են նախանշում․ «Տիկին Բարսեղյանը բավականին հետաքրքրված է Հայաստանի բնապահպանակն ոլորտով։ Հնարավոր է Հայ Դատի գրասենյակը և հայ համայնքը նրան աջակցություն ցուցաբերեն, որպեսզի միասին ծրագրեր իրականացնենք»:

Ժաննա Բարսեղյանը Ֆրանսիայում հայտնի բնապահպան է, ընտրություններում գլխավորում էր «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Բնապահպանական տարբեր շարժումները  մեծ թափ են հավաքում Եվրոպայում ու նրա առաջատար պետություններից Ֆրանսիայում։ Հունիսի 28-ի ընտրություններն արդեն ստացել են  «կանաչ ալիք» անվանումը․ ոչ միայն Ստրասբուրգի, այլև Լիոնի, Անսիի, Բեզանսոնի, Գրենոբլի, Բորդոյի, ընդհանուր առմամաբ՝  երեք տասնյակ քաղաքների ղեկավարներ հունիսի 28-ի ընտրություններից հետո «կանաչ» են։

«Առաջ, Հանրապետություն» իշխող ուժի թեկնածուները հիմնականում պարտություն են կրել։ Սակայն ամենացավոտ հարվածը նախագահ Մակրոնի կուսակցությանը հասցվել է մայրքաղաք  Փարիզում․ կուսակցոթյան թեկնածու Անիես Բյուզենը ոչ միայն չի դարձել քաղաքապետ, այլև անգամ քաղաքային խորհրդում ներկայացված չի լինի։

Ֆրանսիայում ընտրատեղամասերը կիրակի բացվել էին՝ չնայած կորոնավարակի վտանգին։ Անվտանգության միջոցառումները եղել են աննախադեպ՝ ախտահանումից, սոցիալական հեռավորության պահպանումից մինչև սեփական գրիչներով ընտրատեղամասեր ներկայանալը։ Վարակը, սակայն ազդել է մասնակցության վրա․ 47,7 միլիոն ֆրանսիացիների մոտ 40 տոկոսն է կատարել քաղաքացիական պարտքը։

Back to top button