ԿարևորՀասարակություն

Կորոնավարակակրի հիշատակարանը կամ դժոխքի միջանցքից

«Դուք Քովիդ 19 ունեք». հեռախոսի այն ծայրում առավոտ շուտ հնչող կնոջ ձայնը չէի ասի անակնկալի բերեց։ Արդեն երրորդ օրն է ջերմում եմ։ Բայց… անմիջապես վեր կացա բազկաթոռից եւ սկսեցի սենյակով մեկ անհանգիստ քայլել։ Ի՞նչ եմ անելու. անընդհատ ուղեղս ծակող հարցի պատասխանը մինչ փորձում էի ինքս ինձ համար գտնել, Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից զանգահարած աշխատակցուհուն ամենաքիչը երեւի հետաքրքրում էր, թե ինչ եմ անելու։

Տանը կա՞ն ուրիշ մարդիկ, նրանց անունները, տվյալները կարո՛ղ եք հայտնել, նրանք պետք է մեկուսանան, արագ արագ ասում էր ձայնը հեռախոսի մյուս ծայրից։ Մի պահ հասկացա, որ մտքերս խառնվում են իրար։

Վերջում արդեն՝ «Երեք օր է ջերմություն ունեմ» հայտարարությանս հեռախոսի ձայնը պատասխանեց՝ դիմեք պոլիկլինիկա։

Նրանք այդ օրը եւս 455 հոգու դեռ պետք է գուժեին. «Դուք Քովիդ 19 ունեք»։

+++

«Երկու օրից ավելի կվատանաս»,- հեռախոսի մյուս ծայրից ասում է գործընկերուհիս, որը զանգահարել է աջակցություն հայտնելու։

Իմ տեղամասային բժշկի նշանակումները  կասկածանքով է ընդունում, կոչ է անում հենց հիմա գնալ ԿՏ անելու, պարզել թոքերիս վիճակը։ Շարունակում է ինձ ահաբեկել վարակի հետեւանքներով։

Վարակված լինելու լուրից մեկ ժամ էլ չէր անցել, երբ սկսեցին զանգել կամ գրել ընկերներս ու գործընկերներս։ Ոմանք փորձում էին ինձ համոզել հոսպիտալացվել, ոմանք բուժման տարբեր խորհուրդներ տալիս, ոմանք ծանոթ կամ բարեկամ բժիշկների համարներ փոխանակում։ Բոլոր զանգերի ու գրառումների համար բոլորից առանձին առանձին շնորհակալ եմ, կուզեի խոսել բոլորի հետ էլ, որ մեկուսացման մենակությունն ինչ- որ կերպ փարատվեր, բայց ընդհանուր թուլությունն իր գործն անում է։ Ուզում եմ միայն պառկել, ոչ կարդալ եմ կարողանում, ոչ հեռուստացույց նայել, ոչ համակարգչի մոտ նստել։ Միայն պառկել ու ոչինչ չլսել, չտեսնել…

Արդեն մեկ շաբաթ ջերմությունս չի իջնում, ախորժակի կորուստ ունեմ եւ ոչինչ չեմ ուտում, վիճակս անհանգստացնում է նաեւ բժշկիս։ Հիվանդությանս 7- րդ օրը շտապ օգնությունն ինձ տեղափոխում է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն։

Միջանցքը

Դուրս եմ գալիս մեքենայից։ Մուտքում դիմավորում են ամբողջապես սպիտակ համազգեստով բուժաշխատողները, դիմակն ու թափանցիկ վահանը փակում են դեմքը, ուղեկցում են վերելակ, ապա մեկ այլ աշխատակից բացում է միջանցքի դուռն ու ասում՝ այսինչ պալատ ու հետեւիցս փակում դուռը։ Դիմացս դատարկ միջանցքն է։ Միայնակ գնում եմ այդ միջանցքով դեպի հիվանդասենյակ։

Հետո ավելի ուշ իմ բախտակիցներից մեկը պետք է ասեր, որ մենք ավելի թեթեւ հիվանդներն ենք, որոնք դժոխքի միջանցքում ենք մնացել, դժոխք չենք մտել։ Իսկ «դժոխք» վերակենդանացման բաժանմունքն էին անվանում։

Մեր բաժանմունքում բուժվող սիրիահայ հիվանդ մի կնոջ փորձում էին բացատրել, թե ինչ է վերակենդանացման բաժանմունքը, քանի որ իր սենեկակցին այնտեղից էին բերել։ Ռեանիմացիա, վերակենդանացում. բացատրում են շարունակ։ Մահամերձական բաժանմունքն է՝ կարճ բացատրում եմ։

— Ամա՞ն, դու մահամե՞րձ էիր,- զարմացած ու վախեցած կինը նայեց իր պալատակցին։

-Բա ի՞նչ էի, ինչերի միջով եմ անցել,- պատասխանեց երիտասարդ կինը։

Բուժմանս ընթացքում իմ երկու տարբեր պալատակիցների շնչառությունը կտրվելուց եւ վատանալուց հետո տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։ Սովորաբար մարդիկ վատանում էին ուշ երեկոյան կամ գիշերը։ Ունեինք հերթապահ բուժաշխատողի հեռախոսահամարը, որին անմիջապես զանգահարում էինք։  

Միայն վերջին պալատակիցս էր, որ վերակենդանացման բաժանմունքից էր եկել։ «Ամեն 20 րոպեն, 30 րոպեն մեկ բժիշկները վազում էին հերթական հիվանդի մոտ ու տեսնում էիր, թե ինչպես են եւս մեկին կյանք վերադարձնում, տեսնում էիր, թե ինչպես ինչ-որ մեկի կյանքը չկարողացան փրկել, հասկանում ես, որ դու էլ կարող ես լինել նրա տեղում, տեսնում ես բժիշկների անձնազոհությունը»,- պատմում է երիտասարդ հարեւանս, որն այլեւս մեր բաժանմունքում է, սակայն թթվածնի սարքից հաճախ է օգտվում, շունչը դեռ կտրվում է։

Ընտանեկան ողբերգություն

Նիհար այդ մարդու ձայնը, կարծես, դուրս էր գալիս թոքերից խորքից։ Հազիվ էր լսվում։ Թվում էր, որ մի փոքր հազա, կարող է ձայնի խզվածությունն անցնի։ Առաջին անգամ նրան տեսա բաժանմունքի պատշգամբում։ Հեռախոսով խոսում էր։ Չեմ հիշում որքան  խոսեց, ինձ թվաց ժամեր, որովհետեւ ամեն միջանցք դուրս գալուց տեսնում էի նրան հեռախոսով խոսելիս։

Խոսակցությունն ավարտելուց հետո միշտ արագ- արագ քայլում էր միջանցքով մեկ, վարժություններ էր անում, այդ թվում շնչառական, որպեսզի թոքերը վերականգնվեն։ Նրա եւ վարժություններում, եւ քայլերում նյարդայնություն էի զգում։

Ինքը մոտեցավ ինձ, հասկացա, որ մարդ է ման գալիս, որպեսզի կիսվի, իր ապրումները պատմի։

«Կինս մահացավ, ինձ չասացին»,- սկսեց խոսակցությունը։ Եւ ինքը, եւ կինը կորոնավիրուսով են հիվանդացել։ Արագ-արագ պատմում է, որ կինը չէր հավատում, որ հիվանդ է, որ չէր ցանկանում բժշկի գնալ, անգամ զոքանչի թաղմանն է իրեն վատ զգացել, բայց ոչ մեկի չի լսել, մտածել է, որ բրոնխիտ ունի եւ դա կանցնի։ Երբ հասկացել են, որ հիվանդ են, ապա կնոջ համար արդեն ուշ էր։

Պատմում է իր ընտանեկան դժբախտության մասին, մարդ փնտրում, որ կիսի իր վիշտը, ու անհանգստությամբ նշում, որ կնոջը թաղել են առանց իրեն, որ կնոջ գերեզմանին դեռ չի գնացել ու հիվանդանոցից դուրս գրվելուց հետո էլ դեռ երկու շաբաթ չի կարող գնալ։ Իսկ իրար հետ մի ամբողջ կյանք էին ապրել, երեխաներ մեծացրել…

Ընտանեկան խնջույքի հետեւանքները

Միջանցքում սկզբում հիմնականում տղամարդիկ էին քայլում։ Գեղեցկատես այդ կնոջ համար, սակայն, նշանակություն չուներ։ Նա դուրս էր գալիս, ման էր գալիս միջանցքում, վարժություններ անում։ Կողքի բաժանմունքում՝  ռեանիմացիայում, պառկած էր մայրը, որի մասին կցկտուր տեղեկություններ էր կարողանում ստանալ։

«Երեք ամիս կարանտին էինք պահում,- պատմում է։ Հետո մտածեցինք, որ վտանգն անցել է, եղբայրս էր արտասահմանից եկել, որոշեցինք ընտանիքով հավաքվել։ Զարմիկս չգիտեր, որ հիվանդ է ու հավաքն ավարտվեց այսպես»։

Ընտանիքի 10 անդամները բուժվում էին Երեւանի, Վեդիի ու Արտաշատի տարբեր բուժհաստատություններում։ 10 հիվանդներից միայն իր մոտ էր հիվանդությունը թեթեւ անցնում։ Թեթեւ ասելիս՝ նկատի ունեմ ոչ թե դժոխքում, այլ՝ դժոխքի միջանցքում։

Մանվելը

«Ուխա՜յ, ուխա՜յ»,- Մանվելի (անունը փոխված է) ձայնը հաճախ էր լցնում միջանցքը։ Մանվելը կորցրել էր համի ու հոտի զգացողությունը։ Ովքեր կորցնում էին այդ զգացողությունները, պատմում էին, որ ուժեղ գլխացավեր են ունենում, ուտելիքի մեջ լիքը աղ են լցնում, որ կարողանան ինչ- որ բան զգալ, բայց չեն կարողանում։ Դրանից էլ սրտխառնոց են ունենում։

Մանվելը բուժմանը զուգահեռ վերագտել էր համի ու հոտի զգացողությունը եւ ամեն միջանցք դուրս գալիս ձեռքին լցնում էր ալկոգելը ու խորը հոտ քաշում։ Ասում էր, որ մինչեւ հիվանդանալը չէր հավատում, որ կորոնավիրուսն իրականում կա։ Եվ այժմ ալկոգելի հոտը ոչ միայն վերադարձրել էր աշխարհը հոտոտելու հմայքը, այլեւ հավատը, որ կորոնավիրուսն իրական է, անկանխատեսելի։

Միջանցքի սպիտակ հրեշտակները

-Տիկին Թամարա, հիմա ո՞նց ես,- ներքեւից պաշտգամբում կանգնած կնոջը ձայն է տալիս մեր նախորդ օրվա հերթապահ երիտասարդ բուժակը՝ Ռաֆոն։

-Մերսի տղա ջան,- վերեւից արձագանքում է տիկին Թամարան։ -Դու մեզ այստեղ բերած շոֆե՞րն ես,- հարցնում է՝ չճանաչելով այն տղային, որ գիշերը իր կողքին էր։

Սպիտակ անթափանցիկ հագուստով, դիմակով ու վահանով պաշտպանված բուժաշխատողներին դրսում դժվար թե ճանաչեմ։ Նրանց միայն անուններն եմ հիշում։

Ուշ երեկո է, երբ Ռաֆոն հերթական երակային ներարկումներն է անում։ Տեսնում եմ, որ հոգնած է, ինչպես որ հոգնած են լինում նրա մյուս գործընկերներն այդ ժամին՝ Ռուզանը, Սամվելը, Դավիթը, մյուսները։

Ասում եմ՝ Ռաֆո, շա՞տ ես հոգնում։ «Չէ,- պատասխանում է,- հերթափոխից հետո հոգնություն չի մնում, իսկ ամեն դուրս գրվող հիվանդի հետ մենք էլ ենք ուրախանում»։

Մինչ խոսում ենք, ապագա վնասվածքաբանը բինտով ամրացնում է ձեռքիս կաթետրը, որ գիշերը հանգիստ քնեմ ու ասում. «Ռուզա՞նն է դրել, Ռուզանը անոթների գիժ է, ինքն է ինձ սովորեցրել երակ մտնել»…

Երբ ասում են վարակի առաջնագիծ, դա տեսնում ես հենց հիվանդանոցում, որտեղ հիմնականում երիտասարդ կամավորականներն են։ Թող վերամբարձ չհնչի, բայց այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում է կայանում առողջապահության մեր ապագան, այդ պայքարում, դժվարին պայքարում են երիտասարդներն անցնում իրենց մասնագիտական իրական դպրոցը։

Անի Կառլենովնան

«Հիվանդանալուց հետո ես արդեն կունենա՞մ իմունիտետ»,- հարցնում եմ բժշկուհուս՝  Անի Կառլենովնային։ Լսում եմ ժպիտը. «Ասում են»։ Ու այդ ժպիտի մեջ հասկանում եմ, որ նրա փորձը հուշում է՝ անիմաստ ու անապացույց հույս չտալ։

Ընդհանրապես՝ բժիշկներին, բուժաշխատողներին այստեղ չեն տեսնում, լսում են։ Լսում են նրանց մտահոգությունը, անհանգստությունը, գոհունակությունը։ Արդեն գրել եմ, որ բոլորն էլ սպիտակ արտահագուստով են, դեմքը պաշտպանված դիմակով ու թափանցիկ վահանով։ Անի Կառլենովնան, սակայն, տարբերվում է։ Նրա վզին ֆոնենդոսկոպ կա՝ թոքերը լսելու սարքը։ Դա է բժշկի տարբերանշանը։

Երիտասարդ եւ առույգ ձայնով, վառվռուն աչքերով կին է բժիշկս։ Նրան սպասում են բոլորը։ Անկախ, թե ինչպես ես զգում քեզ, ուշադիր լսում է, խորհուրդ տալիս ու ամենակարեւորը, որ այդ պահին ամենաշատն է պետք հիվանդին, հուսադրող խոսք ասում։ Ինչպես ասում են՝ այստեղ բուժում են ոչ միայն հիվանդությունը, այլեւ՝ հիվանդին։ Գուցե չհավատաք, բայց վարակը միայն թոքերդ չի ախտահարում։

Կորոնավիրուսի մի առանձնահատկությունն էլ նրա բերած դեպրեսիան է, թվում է վարակը մտնում է ուղեղիդ մեջ, փորձում քեզ զրկել հույսից, քեզ դարձնում ջղագրգիռ, ու բժշկի հանգստացնող ձայնն այստեղ ամենակարեւորն է։

Երկու Գուրգենները

Հիվանդանոցում բուժման ընթացքում երկու տարբեր հիվանդասենյակներում եմ եղել։ Դրանց միացնողը ինձ համար երկու Գուրգեններն էին (անունները փոխված են)՝ մեկը ճարտարապետ- դիզայներ, մյուսը՝ ֆիզիկոս-մեխանիկ։ Նրանք երկուսն էլ սիրում էին ռադիո լսել, ու ինձ համար հաճելի էր, որ Հանրային ռադիո էին լսում։ Մեկը սիրում էր առավոտյան միացնել Հանրային ռադիոյի առավոտյան լրատվական ալիքը, մյուսը՝ «Ռադիոլուրի» թողարկումը։

Նրանք երկուսն էլ սիրում էին երաժշտություն, ու լսում էին լավ երաժշտություն, նրանց երկուսին էլ հետաքրքրում էին քաղաքական իրադարձությունները (միջանցքում քաղաքականությամբ հետաքրքրվում էին բոլոր տղամարդիկ)։ Բայց նրանց կապող եւս մի հանգամանք կար. նրանց երկուսի մայրերն էլ բուժվում էին կորոնավիրուսից այլ բաժանմունքներում։

Առաջին Գուրգենը, երբ դուրս էր գրվում հիվանդանոցից, մայրը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Սկզբում նրանք բուժվել էին նույն պալատում, հետո մորը տեղափոխել էին ռեանիմացիա։ Չեմ մոռանա, թե դուրս գրվելուց ինչպես էր հավաքում իրերը, պահարանում դրված էր մոր խալաթը։ Հանեց, ծալեց, դրեց պայուսակը, հետո նորից հանեց՝ դրեց պահարանը, ասաց՝ պետք կգա։ Ու այդպես մի քանի անգամ։ Նա բուժվել էր, գնում էր, բայց իր համար ամենաթանկ մարդն այստեղ էր մնում, իրեն կապում էր հիվանդանոցի պատերին։

Երկրորդ Գուրգենի մայրն էլ էր բուժվում նույն հիվանդանոցում։ Այս Գուրգենն ավելի երջանիկ էր, երբ իմացավ, որ իրեն ու մորը նույն օրն են դուրս գրելու հիվանդանոցից։ Մեր ողջ հարկը այդ օրը պաշտգամբում էր, երբ եկավ շտապօգնության մեքենան։ Հիվանդանոցի շենքից նախ Գուրգենը դուրս եկավ, հետո սայլակով բերեցին նրա 95-ամյա մորը։ Ու մի ամբողջ բաժանմունքի հիվանդներ բարի երթ էին մաղթում նրան ու մորը, որոնք կարողացան հաղթահարել կորոնավիրուսը։

Վերջաբան

Բուժմանս 10- րդ օրը բժշկուհիս հայտարարեց, որ թոքերիս երրորդ ռենտգենի պատկերն արդեն ավելի լավ է եւ հաջորդ օրն ինձ դուրս են գրում։ Հրաժեշտ էի տալու Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որտեղ ես կարողացա բուժանձնակազմի հոգատարության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաղթահարել կորոնավիրուսը։ Հաջորդ ողջ օրը սպասում էի շտապօգնության մեքենային, որն ինձ տուն պետք է տաներ։

Իմ դուրս գրված օրը Հայաստանում կորոնավիրուս հայտնաբերել էին 711 մարդու մոտ։ Այդ օրը հերթական գերհագեցած օրն էր առողջապահական համակարգի համար։ Միայն ուշ երեկոյան շտապօգնության մի մեքենա ազատվեց։ Նստեցի, ոտքերիս ամուր սեղմեցի իրերով տոպրակը եւ ճանապարհվեցի տուն։ Բայց այդ օրը ծնկերիս եւս մի բան էի պինդ բռնել. սանիտարուհիների՝ հետեւիցս նետված «անեծքը». «Գնալդ լինի, գալդ՝ չլինի»…

Կարդացեք նաև
Close
Back to top button