ԿարևորՀասարակություն

Արագիլների սև օրերը վերադարձել են

Արագիլները կրկին սկսել են սևանալ, վերջին ահազանգը Արմավիրի մարզի  Երասխահուն համայնքից է։ Թեև համայնքապետն այս պահին լուրջ խնդիր չի տեսնում, բայց  բնապահպաններն անհանգստացած են,  իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առայժմ լուռ է։  Նկատենք, որ արագիլների աղտոտման դեպքերը սկսել են գրանցվել դեռ 2017-ից, բայց մինչ օրս որևէ մեկը հստակ չի կարողանում պատասխանել հարցին՝ ինչպես և որտեղ են  սևանում արագիլները։

Արագիլները երասխահունցիներին չեն լքում, այս տարի նրանց թիվն անգամ աննախադեպ աճել է, որովհետև, ինչպես համայնքապետ Արմեն Ավետիսյանն է ասում, մարդիկ այստեղ բարի են։ Արագիլները Երասխահունը չեն լքում, բայց այստեղ սևանում են։ Համայնքապետն ասում է՝ պատճառը չգիտեմ, հենց իմանամ, առաջինը ձեզ կասեմ։ Ասում է այն, ինչ միայն ենթադրում  ու այս պահին աչքի առաջ տեսնում  է․

«Արագիլներն ամբողջությամբ չեն սևացել, ավելի շատ թևերն են աղտոտվել, դա էլ ինչ-որ կեղտոտ ջրերի հետ է կապված, բայց նորմալ թռչում են, նորմալ որսն անում են։ Անցած տարվա նման վատ վիճակի մեջ չեն։ Քանակը չափից ավելի շատացել է, մեզ  չեն լքում, հավատարիմ են, ծառայում են մեզ։ Հիմա արագիլների ձագերը սկսում են թռչել, խառը իրավիճակ է նրանց մոտ։ Ձագերը շատ հեռու չեն կարողանում թռչել, մի հինգ, վեց հարյուր  մետր, մինչև մեկ կիլոմետր»,- ասում է Ավետիսյանը։

Լուսանկարը՝ Վասիլ Անանյանի ֆեյսբուքի էջի

Մինչև մեկ կիլոմետր թռչող արագիլների ձագերը միանգամայն մաքուր են  վերադառնում, ինչը Երասխահունի համայնքապետին հիմք  է տալիս ենթադրելու, որ արագիլների աղտոտման աղբյուրը  համայնքից բավականին հեռու է։ Այսպես թե այնպես, Ավետիսյանն  այս պահին արագիլների կյանքին սպառնացող վտանգ չի տեսնում։

«Նրանց կյանքին, ապրելակերպին վնաս չէ սա։ Բայց չեմ կարող ասել՝ կարող է տասը օր հետո թռչեն այնտեղ, մի բան լինի ու չկարողանան որս անել։ Իսկ եթե որս չարեցին, չեն կարող ապրել։ Ձմռանը, երբ կեր հայթայթելը դժվարանում է, մենք նրանց կեր ենք տալիս, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է, վտանգ չկա ընդհանրապես»,- նշում է համայքապետը։

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Civil Voice կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանի մասնագիտական փորձն այս հարցում  նրան նման լավատեսության հիմք չի տալիս։  Արարատի մարզի Ռանչպար ու Հովտաշատ գյուղերի արագիլների դիերը մինչ օրս չի մոռանում․

«2017 թվականին  Ռանչպար և Հովտաշատ գյուղերից ստացանք ահազանգ, որ արագիլների դիեր են հայտնաբերել։ Մեր կազմակերպությունը մեկնեց այնտեղ, դիերից մեկի փետուրները բերեցինք և հանձնեցինք Ամերիկյան համալսարանի մասնագետներին։ Նրանք  հայտնաբերեցին, որ յուղային մասսա կա այդ դիերի վրա»,- ասում է Ադամյանը։

2019-ին ևս արագիլների աղտոտման դեպքը կրկնվեց նույն Հովտաշատ գյուղում, բայց, ինչպես նախկինում, այնպես էլ  այդ ժամանակ  որևէ մեկը չկարողացավ ասել՝ ինչպես և որտեղից է յուղային մասսան հայտնվել արագիլների վրա։  Բնապահպաններն ընդամենը մաքրեցին արագիլներին, փրկեցին նրանց կյանքը, բայց խնդրին, ինչպես թռչնասերների կենտրոնի նախագահն է ասում, այդպես էլ լուծում չտրվեց։

«Մենք գրեցինք նամակ տեսչական մարմնին և խնդրեցինք , որպեսզի իրենք գտնեն  խնդրի արմատը՝ որտեղից է այդ յուղային մասսան հայտնվել   ջրային տարածքներում։ Ոչ մի հստակ պատասխան չստացանք, և նորից լռություն, լռություն, լռություն»,- ասում է Սիլվա Ադամյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ուղղված մեր բազմաթիվ հեռախոսազանգերին  ևս այսօր հետևում էր  լռություն,  լռություն,  լռություն։

Սա ոչ թե անգամ հետազոտության, այլ հետաքննության  նյութ է, կարծում է բնապահպանը։ Բայց լուրջ հետազոտությունների փոխարեն այսօր ստիպված են միայն շրջանառվող հիպոթեզների շուրջ մտորել։

«Այսպիսի մի հիպոթեզ եղավ, որ  դա կարող է լինել ձկնաբուծարաններից, բայց դա ևս չհաստատվեց։ Այսօր կարող ենք ասել, որ և՛ բնապահպանները, և՛ տեսչական մարմինը չեն կարող ասել, թե յուղի արտահոսքը որտեղից է, բայց մի բան հստակ է, որ դա սպառնում է արագիլների կյանքին։ Նրանք չեն կարող թռչել, իսկ դա հավասարազոր է մահվան»,- ասում է բանապահպանը։

Տեխնիկական լայն հնարավորությունների մեր օրերում արագիլների թռիչքի ու վայրէջքի ուղղությունները պարզելը բարդ չէ, բայց դրա համար, ինչպես բնապահպանն է նկատում, ֆինանսներ  ու նախաձեռնողներ են անհրաժեշտ։

Back to top button