ԿարևորՀասարակություն

Վերջին շտկումները՝ ՍԴ իրավիճակը հանգուցալուծող օրենսդրական կարգավորումներում

Այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանով Ազգային ժողովը  վերջին «շտրիխներն» է արել ՍԴ-ի  շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծող օրենսդրական կարգավորումներում։

Հունիսի 22–ին ընդունված և հունիսի 26–ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած հակասությունները շտկվել են «Սահմանադրական դատարանի  մասին» օրենքում, չեղարկվել է նաև ապրիլի 5–ին նշանակված հանրաքվեի որոշումը։

Մինչ խորհրդարանը  օրենքները համապատասխանեցրել  է սահմանադրական փոփոխություններին, Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ է հրավիրվել, որը չի  կայացել քվորում չլինելու պատճառով։

ԱԺ–ում «թագավարակակիր» պատգամավորների թիվն ավելանում է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից  Լիլիթ Ստեփանյանը երեկ ստացել է թեստի դրական պատասխանը։ Նա 88 հոգանոց խմբակցության արդեն  8-րդ  պատգամավորն է, որ համավարակի պատճառով  ԱԺ նիստերին չի մասնակցում։ Իսկ բացակաների թիվն էական է, քանի որ խորհրդարանի այսօրվա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը փոփոխություններ էին սահմանադրական օրենքներում, որոնց ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5–ը։

«Բարգավաճ» և «Լուսավոր» Հայաստան խմբակցությունները հերթական նստաշրջանը բաց թողեցին, հետևաբար ՍԴ թնջուկը լուծելու վերջին «շտրիխներն» արվեցին մեծամասնության քվեարկությամբ։ «Իմ քայլը» խմբակցության ներկա 80 պատգամավորի ձայները բավարարեցին  պահանջվող 3/5–ի շեմը հաղթահարելու և օրակարգում ընդգրկված հարցերն ընդունելու համար։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ դա ամենևին չի ստվերում կատարած աշխատանքը․ «Պառլամենտարիզմը ենթադրում է, որ օրինակ 2 կամ 3 ընդդիմադիր ուժ կարող են քաղաքական քայլ անել և չմասնակցել, բոյկոտել, չքվեարկել, հանձնաժողով ստեղծել։ Այսինքն՝ դա իրենց դիրքորոշումն է, ու դրա հիման վրա կարող է եզրակացություն անել միայն ՀՀ քաղաքացին։ Տեսնելով, որ ժամանակին գնացել և քվեարկել է ԲՀԿ–ի կամ ԼՀԿ–ի համար և մշտապես ամենաօրհասական պահին նրանք բացակայելու պատճառներ են գտնում»,- ասաց Սիմոնյանը։

Խորհրդարանն այսօր չեղարկեց ապրիլի 5–ին նշանակված սահմանադրական հանրաքվեն և «Սահմանադրական դատարանի» մասին օրենքը համապատասխանեցրեց մի քանի օր առաջ ընդունված սահմանադրական փոփոխությանը, որով դադարեցվում են ՍԴ նախագահի և 3 դատավորների լիազորությունները։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ կատարվող քայլերի հաջորդականությունը ճիշտ է,  որևէ սխալ չեն գործել, ինչպես փորձ է արվում ներկայացնել։

Հովհաննես Իգիթյանի և Սուրեն Գրիգորյանի ելույթները՝ ստորև։

Հովհաննես Իգիթյան . «Շատ է շահարկվում և այդպիսի տպավորություն էին ուզում ստեղծել մարդիկ, որ մենք թերացել ենք՝ այս օրենքի փոփոխությունը չմտցնելով սահմանադրական 213 հոդվածի փոփոխության ժամանակ»։

Սուրեն Գրիգորյան . «Քանի որ այս պահին առաջարկվող փոփոխությունները ածանցվում են սահմանադրական փոփոխություններից , որոնք ուժի մեջ են մտել արդեն, տրամաբանական չէր լինի դրանք բերել միաժամանակ կամ առավել ևս դրանից առաջ, որովհետև պետք էր ունենալ փաստ, որ Սահմանադրությունը փոփոխվել է, ուստի այդ կանոնակարգումների անհրաժեշտությունն առաջացել է։ Անդրադառնամ նաև մեկ այլ շահարկման, որը կատարվում է. այն, որ այս օրենքի փոփոխությունը պարտադիր էր, որպեսզի Սահմանադրության փոփոխությունները, ըստ էության,  մտնեին ուժի մեջ և հետո միայն  3 դատավորների կամ անդամների լիազորությունները դադարեին։ Իրականում այս կարծիքի հետ ոչ մի կերպ չի կարելի համաձայնել։ Ըստ էության՝ մենք հիմա կանոնակարգումներ ենք անում, որպեսզի չունենանք հակասություն և որպեսզի որոշ հարցերին տրվեն կարգավորումներ։ Բայց դրանից չի բխում, որ եթե այս օրենքը չարժանանա խորհրդարանի դրական քվեին, ապա սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ չեն մտել։ Այդպես չէ»։

Օրենքում ամրագրվում է, որ ՍԴ նախագահն ընտրվում երեք թափուր պաշտոնները համալրելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Իսկ մինչ այդ, հաշվի առնելով, որ ՍԴ երեք անդամները, որոնց լիազորությունները դադարել են, ընթացիկ վարույթ գործեր ունեն, նախատեսվում է սահմանված ժամկետում հրավիրել ՍԴ աշխատակարգային նիստ, որպեսզի նրանց մակագրված գործերը վերամակագրվեն և նոր զեկուցողներ սահմանվեն։

Մինչ խորհրդարանը  օրենքները համապատասխանեցնում էր սահմանադրական փոփոխություններին, Սահմանադրական դատարանում այսօրվա աշխատակարգային նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Օրակարգում 8 հարց կար, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ Քոչարյանի դիմումը հետ վերցնելու հարցը։Նիստին ներկա են եղել Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև առաջին անգամ նիստին մասնակցել է Վահե Գրիգորյանը։ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են, իսկ 3 դատավորները, որոնց պաշտոնավարման ժամկետն ավարտվել է ըստ սահմանադրական փոփոխությունների, չեն ներկայացել նիստին։

Նույն  ընթացքում խորհրդարանը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններով կենսաթոշակ սահմանեց պաշտոնավարումը դադարեցրած ՍԴ դատավորների համար՝ գործունեության ժամկետն ավարտվելու հիմքով: Այս նախագծին միակ դեմ քվեարկողը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր։

«Այն մասին, որ մենք ունեցել ենք ոչ թե ՍԴ, այլ դրա անվան տակ գործող հանցավոր խումբ, վերջին օրերին հրապարակավ խոստովանել են նաև ՍԴ արդեն նախկին նախագահն ու նրա օգնականը՝ հայտարարելով, թե ՍԴ–ում կա մեծամասնություն։ Իսկ այսօր այդ մեծամասնությունը, իրենց իսկ խոսքերով Երևանի կենտրոնում փորել է «խրամատ», ՍԴ–ն վերածել է «բաստիոն»–ի ու պատերազմ է մղում իշխանության ու ժողովրդի դեմ։ Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք ՍԴ, որը բոլոր հնարավոր միջոցներով արժեզրկել է ժողովրդավարությունն ու երկրի ինքնիշխանությունը ու դրա համար աշխատավարձ է ստացել հարկատուներիս հաշվին»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Օրեր առաջ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, որի լիազորություններն այժմ դադարած են համարվում,  հայտարարեց, որ խնդրի լուծման լավագույն ձևը նշանակված հանրաքվեն էր։

Նա որևէ խոչընդոտ չէր տեսնում, որ այն կազմակերպվեր համավարակի պայմաններում․

-Հարցի էությունը հասկացեք Թոխյանի և մյուս իմ կոլեգաների անհատական, մարդկային իրավունքների տեսակետից։ Չի կարելի երեկոյան քնել, առավոտը զարթնել ասել դու էլ դատավոր չես։ Դու գիտեք՝ ինչ–ինչ պատճառներով, այդ թվում նաև ես , մենք հրաժարվել ենք կամավոր թոշակի գնալուց։ Իմ կարծիքով ՝ամենաճիշտ որոշումը հանրաքվեով հարցի լուծումն էր։ Այն ժամանակ դեռ այսպիսի կորոնավիրուսային վիճակ չէր և հանրաքվեն հնարավոր էր անել։ Մեր հարազատ Արցախում արեցին ընտրություններ, այն էլ՝ երկու փուլով։ Վիճակը կորոնավիրուսային մեզանից 10 անգամ ավելի լավ է։ Ֆրանսիայում են արել, էլի կան երկրներ, այսինքն՝ որոշ տեխնիկական բաներով կարելի էր հանրաքվեն անել։Այսինքն, հանրաքվեն սահմանադրակա՞ն էր, որովհետև ասում էին, որ հակասահմանադրական է։

Այսինքն, հանրաքվեն սահմանադրակա՞ն էր, որովհետև ասում էին, որ հակասահմանադրական է։

Ես չեմ կարող ասել։ Կարող եմ ձեզ ասել վենետիկցիների ասածը, այդ թվում նաև՝ վերջինը։

Թոխյանի ձևակերպումով «վենետիկցիներից» վերջինը խնդրին անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ ցավ ապրելով, որ զարգացումները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Իշխանությունը հակադարձում է, որ անձնական նամակագրության հրապարակումը «փրփուրներից կախվել» է նշանակում, քանի որ մեկ անհատի գնահատականները չեն համապատասխանում կառույցից ստացված պաշտոնական նամակին։

։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close