ԿարևորՏնտեսական

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը պարտադիր է հանրապետության ամբողջ տարածքում

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտնելու պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր բողոքի ակցիաների պատճառով։ Կառավարությունը հիմնավոր էր համարել  այն պատճառաբանությունը, որ հանրապետությունում բավարար թվով սպանդանոցներ չկան: Պարտադիր պայմանի կիրառումը գործադիրը հետաձգել էր՝ ցանկացողներին առաջարկելով սպանդանոցներ կառուցել: Որքանո՞վ է 6 ամիս անց հանրապետությունը պատրաստ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն։

Սննդի անվտանգության տեսչությունը սպանդանոց կառուցելու 270-ից ավելի հայտ է ստացել, մեզ հետ  զրույցում տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ միաժամանակ փոխանցելով, որ հայտ ներկայացրածներից ոչ բոլորն են սկսել սպանդանոցի կառուցումը. «Հունվարի սկզբին ոգեւորություն եղավ, հետո այդ ոգեւորությունը մի քիչ իջավ»:

Պարտադիր սպանդանոցային մորթի որոշման կատարումը մինչև հուլիսի մեկը հետաձգելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում, երբ խնդրի վերաբերյալ հարց տրվեց:

«Պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային էլ չենք վերադառնալու, ինչ պարզվի-չպարզվի: Սա է մեր դիրքորոշումը»:

Պարզել-չպարզելու խնդիրն էլ մեկն էր՝ հանրապետությունում այն ժամանակ գործող սպանդանոցների թիվն այնքան չէր, որ հնարավոր լիներ անցնել պարտադիր սպանդանոցային մորթի: Անսալով անասնապահների, մսավաճառների, ֆերմերների բողոքներում արտահայտած հիմնավորումներին՝ կառավարությունն այն ժամանակ որոշեց՝ հնարավորինս աջակցել սպանդանոցների կառուցմանը, որից հետո միայն գործի դնել պարտադիր կարգը: Նման լուծումը, ինչպես տեսանք, բավարարեց այն ժամանակ բողոքող կողմին, բավարարել էր նաեւ հարցը վարչապետին ուղղած իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանին: «Պատասխանը նաեւ լուծում է առաջարկում: Ես այս ամբողջ բողոքի մեջ ճշմարտության մեկ հատիկ էի տեսել: Այն էր, որ ասում էին՝ համապատասխան քանակով սպանդանոց չկա»:

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը: Այդ ընթացքում էլ կառավարությունը աջակցեց սպանդանոցների կառուցման գործին, որպեսզի մինչեւ հուլիսի 1-ը սպանդանոցների պակասի մասին պատճառաբանություններ չլինեն: Որքանո՞վ լուծվեց խնդիրը եւ որքանո՞վ են սպանդանոցները պատրաստ հուլիսի 1-ից պարտադիր սպանդանոցային մորթի անցնելուն:  

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս պահին 45 գործող սպանդանոց կա: Նա հույս հայտնեց, որ մինչեւ հուլիսի 1-ը կսկսեն գործել եւս 15 սպանդանոց: «Իրենց ասելով՝ մինչեւ ամսի 1-ը: Պլյուս-մինուս՝ մի քանի օր է լինելու, միանշանակ: Կան նաեւ սպանդանոցներ, որոնք ընթացքում՝ հուլիսին, օգոստոսին են բացվելու: Մինչեւ դեկտեմբեր մենք կունենանք 50-ից ավելի գործող սպանդանոց»:

Ինչպիսի՞ն է պատկերը՝ ըստ մարզերի։ Գեորգի Ավետիսյանի խոսքով՝  բոլոր մարզերում սպանդանոցներ կան, բայց որոշներում դրանց  քանակը մտահոգիչ է: «Մարզ կա, որտեղ ավելի քիչ են, մարզ էլ կա, որտեղ կլինի ավելի թեժ մրցակցություն: Մենք մի փոքր մտահոգություն ունենք Շիրակի մարզի մասով»:

Սպանդանոցային մորթի մասնագետների խնդիր, Գեորգի Ավետիսյանի ձեւակերպմամբ, չկա: Անասնաբույժները, որոնք պետք է սպասարկեն սպանդանոցները, վերապատրաստման դասընթացներ են անցել։

«Իրականացրել ենք դասընթացներ սպանդանոցների անասնաբույժների համար: Դասընթացները օնլայն  ռեժիմով են եղել եւ տեւել են 6 շաբաթ: Վերջին շաբաթը պրակտիկ դասընթաց կլինի: Իհարկե, մասնագետների խնդիրներ էլ կան մարզերում, բայց, կարծում եմ, էս սպանդանոցային մորթի անցումը ոգեւորություն կառաջացնի աշակերտների մոտ եւ իրենք էլ կուզենան գնալ անասնաբուժական ֆակուլտետում սովորելու»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պարբերաբար այցեր են կատարում արդեն գործող սպանդանոցներ, խորհրդատվություն են տալիս, ցուցումներ։ ՍԱՊԾ պետը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից հսկողություն կլինի եւ խախտում թույլ տվածների մասով ոչինչ չի փոխվել՝ նրանք թե՛ կտուգանվեն, թե մսեղիքը նրանցից կառգրավվի:

«Պետք է հաշվի առնել, որ մեր ռեսուրսները անսահմանափակ չեն՝ եւ կորոնավիրուսի մասով, ե՛ւ առօրյա վերահսկողության մասով: Մենք չենք կարողանա, իհարկե, հենց ամսի 1-ին բոլոր մարզերում, համայնքներում մսի բոլոր խանութները մտնել, բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ հնարավորություն կունենանք բոլոր տեղերն այցելելու եւ պահանջելու 5-րդ ձեւը: Կոչ ենք անում նաեւ հասարակությանը, որ իրենք էլ գնումներ անելիս պահանջեն անասնաբուժական 5-րդ ձեւը, որը հավաստում է սպանդանոցային մորթի մասին»:  

Մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի պահանջն ու խիստ վերահսկողությունը սահմանվել էին հունվարի 15-ին: Արգելվել էր բակային մորթը: Հունվարի 16-ից, սակայն,  անասնապահներն ու մսավաճառները ակցիաներ էին սկսել՝ մատնանշելով որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելու ծախսերն  ու սպանդանոցների քիչ լինելը: Կառավարությունը մինչև հուլիսի 1-ը հետաձգել էր պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վայրերի:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close