ԿարևորՔաղաքական

Հայն ամեն պահի պատրաստ է իր տրակտորը փոխարինել տանկով․ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ

Շուրջ  մեկ ժամ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ:

Թե ինչ են քննարկելու երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները,  պարզ կդառնա ավելի ուշ։ Փորձագետները ենթադրում են, որ քննարկման առանցքում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակն է։

Այսօրվա տեսաքննարկման  մասին պայմանավորվածությունը հստակեցվել էր երեկ՝ Հայաստանի արտգործնախարարի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի տեսակոնֆերանսի ժամանակ։

Երկու տարվա ընթացքում Փաշինյան-Ալիեւ 6 հանդիպում՝ երկարատեւ ու կարճատեւ, պաշտոնական ու ոչ պաշտոնական։ Ամենակարճատեւը  2018–ի սեպտեմբերի 28–ին էր, Դուշանբեում, հիշարժան է օպերատիվ կապի ստեղծման պայմանավորվածությամբ։ Այս հանդիպումների ընթացքում հստակ շեշտվող մոտեցումը Արցախին բանակցային կողմ դարձնելու հայկական կողմի պնդումն է, որը մինչ օրս ընդգծվում է։  Վերջինն այս տարվա փետրվարին էր՝ Մյունխենում։

Երկու երկրների  արտգործնախարարների հանդիպումներն ավելի շատ  են, նրանք Արցախի   հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկել են անգամ կորոնավիրուսի պայմաններում։  Հերթական հանդիպումն  այսօր է՝ տեսակապի միջոցով։ Մինչ ավելի ուշ պարզ կդառնան  այսօրվա հանդիպման շեշտադրումները, արձանագրենք, որ ողջ աշխարհում առկա հակամարտություններն իրենց տեղը զիջել են այսօրվա աղետի՝ վիրուսի դեմ պայքարի գործին։

Այս չգրված պայմանավորվածությունը,  սակայն,  պարբերաբար անտեսում է հակառակորդ երկիրը՝  խախտելով հրադադարի ռեժիմը կամ  երկրի ղեկավարի ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  սպառնալիքներ հնչեցնելով։ Թերեւս դա էլ պատճառներից մեկն էր, որ երեկ կայացած ՀՀ ԱԳՆ ԶոհրաբՄնացականյան–ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահներ տեսակոնֆերանսի ընթացքում միջնորդները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը համոզված է, որ այսօր այդ նույն հարցը քննարկվելու է նաեւ արտգործնախարարների մակարդակով։

«Քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր։ Խոսքը վստահության մեխանիզմների եւ Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին է»,- ասում է Տաթեւ Հայրապետյանը  

Այլ կանխատեսումներից պատգամավորը զերծ մնաց, սակայն չարձագանքել վիրուսի պայմաններում Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ չկարողացավ․

«Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները փաստում են, որ իրենք պատրաստ չեն խաղաղ գործընթացին եւ երբ խոսում ենք մթնոլորտի առողջացման մասին , որպես կարեւոր նախապայման հետագա բանակցային գործընթացը շարունակելու համար, հենց դա նկատի ունենք։ Վստահ եմ, որ տեսակոնֆերանսի ընթացքում կխոսվի այդ վերջին ելույթների, սպառնալիքների մասին։ Համավարակի այս շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները իսկապես տարակուսանք են առաջացնում»,- նշում է Հայրապետյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վստահ է, որ վիրուսով պայմանավորված Ալիեւը ռազմական արկածախնդրության չի գնա, հակառակ դեպքում՝ հայկական կողմը միշտ պատրատ է հակահարվածի․

«Միայն հիվանդ մարդը կարող է ասել, որ Երեւանը ադրբեջանական է։ Մենք դեռ Գանձակի, Գետաշենի, Շահումյանի մասին չենք խոսում։ Ռազմատենչ հայտարարություններով չեն կարող վախեցնել ։  Հայը, արցախցին ամեն պահ պատրաստ է տրակտորը՝ տանկով, բահը՝ հրացանով փոխարինելու»,- նշում է Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահը կարծում է, որ ՄԽ–ի միջնորդները շատ ավելին գիտեն Ալիեւի մասին․

«ՄԽ–ի երկրները չեն վստահում Ալիեւին, ու Ալիեւի դուրս գրման պրոցեսն արդեն սկսված է»,- ասում է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close