ԿարևորՀասարակություն

Կթանկանան արդյո՞ք բնակարանները գույքահարկի պատճառով

«Բնիկ երևանցիների» ֆեյսբուքյան  ֆլեշմոբին   ավելացել է ևս մեկը՝  ստորագրահավաք  change.org հարթակում։ Այս նախաձեռնության հիմքում էլ գույքահարկի փոփոխություններն են, մասնակիցները կոչ են անում դադարեցնել  սկսված  գործընթացը, նշում են, որ  անշարժ գույքի հարկերի բարձրացումն առաջացնելու է շղթայական հետևանքներ, ներառյալ` տարածքների վարձակալության գների աճ, ինչն առաջին հերթին վնասելու է  փոքր և միջին բիզնեսին։

Գործադիդրի ու օրենսդիրի ներկայացուցիչները շարունակում են պարզաբանել խնդրահարույց հարցերն ու պնդել, որ գույքահարկի փոփոխությունները իրավիճակային չեն ու  բխում են նախորդ տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխություններից։

Հայաստանում կա մոտ   9500 բնակարան  կամ բնակարանների  շուրջ 2.5 տոկոսը, որոնց  գույքահարկը լինելու է տարեկան 64 հազար դրամից բարձր։  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն  Թունյանը վստահեցնում է՝  գույքահարկի բարձրացումը բիզնեսի վրա  էական ազդեցություն չի ունենա։

«Ավելին ասեմ, սա կարող է բիզնեսի վրա ունենալ խթանող ազդեցություն։ Մարդիկ ժամանակին կոպեկներով գույք են սեփականաշնորհել ու իրենց համար դա պահելը ոչ մի բան չարժե, քանի որ գույքահարկը շատ ցածր է։ Սկսնակ կամ որոշակի  մակարդակի հասած գործարարը, եթե ցանկանում է գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ  խնդրի առաջ․  պարզապես չեն կարողանում սեփականատիրոջից  հարմար գնով վարձակալել կամ գնել։ Գույքահարկի ավելացումը չօգտագործվող գույքի համար ստիպելու է կամ աշխատեցնել կամ վարձով տալ , վաճառել նրանց, որոնք ցանկություն ունեն»,- ասաց Թունյանը։

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն ասում է, որ  գույքի   կադաստրային արժեքները   սահմանվել են 1994թ․-ից  սկսած, դրանք թեև մի քանի անգամ փոխվել են, բայց մինչև վերջին փոփոխությունները գույքի  կադաստրային ու շուկայական արժեքները իրարից շատ հեռու են եղել։

Անցյալ տարի օրենքի փոփոխությամբ անշարժ գույքի կադաստրային արժեքները մոտարկվեցին շուկայական արժեքներին:

Կադաստրի կոմիտեն,  ամփոփելով  անշարժ գույքի  3 տարվա տվյալները,  գնահատել է գրեթե  50 հազար անշարժ գույք, որոշել գոտիականության սկզբունքները  և ՀՀ տարածքը բաժանել 20 գոտիների։ 

Ներկայում, ըստ կադաստրի կոմիտեի ղեկավարի,  գործում է 2 տիպի կադաստրային արժեք, դրանցից մեկը հարկման հիմքում ընկած կադաստրային արժեքն է, մյուսը՝ համայնքային և պետական սեփականության հողերի օտարման համար հաշվարկվող կադաստրային արժեքը:

 «Եվ եթե ելնենք այս տեսանկյունից, ուրեմն սկսած 1994-ից, սահմանվել է հարկման հիմք հանդիսացող կադաստրային արժեք՝ օրինակ Երևանի կենտրոնի համար 1 քմ-ի համար 2585 դրամ: Սա նշանակում է, որ կենտրոնում 1-ին գոտում գտնվող 1000 քմ հողը, ըստ էության, արժե 2 մլն 585 հազար դրամ՝ հարկման համար և որպես հարկ գեներացվում է դրա 1 տոկոսը: Վերլուծելով իրավիճակը՝ մենք հասկացանք, որ շուկան և ներկա իրավիճակը բացարձակապես աղերս չունեին իրար հետ: Եվ այս գործընթացի կազմակերպման ամբողջ իմաստն այն էր, որ արտացոլեինք իրական պատկերը և շուկայում ստեղծենք մի իրավիճակ, որ յուրաքանչյուր թիվ ունենա հստակ հիմնավորում»,- ասում է Սուրեն Թովմասյանը:

Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80 տոկոսը։ Այսինքն՝ եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարել 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։

Կենտրոն համայնքում մեկ քմ հողի բազային արժեքը սահմանված է 330 հազար դրամ, նորակառույց շենքում բնակարանի 1 քմ-ն՝ 700 հազար դրամ և անհատական բնակելի տան համար՝ 420 հազար դրամ։ Գոտիականությունից կախված՝  դրույքաչափերը նվազում են։ 

Գույքահարկի բազան  2021թ հունվարի մեկից աճում է` արձանագրում է  «Ռեդ ինվեստ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը։ Նա միաժամանակ նշում է՝ միջին վիճակագրական բնակարանի  արժեքի  վրա գույքահարկի բարձրացումն էական ազդեցություն չի ունենա։

«Եթե դիտարկենք Երևանում  100-120 հազար դոլար արժեքով բնակարանները, ապա նրանց գույքահարկը  տարեկան առավելագույնը    300- 320 դոլար կարող է կազմել։ Այս պահի դրությամբ նույն բնակարանի գույքահարկը  շատ փոքր է՝  մինչև  20 հազար դրամ։ Անշարժ գույքի գնագոյացման գործոն այս պարագայում դա չի հանդիսանա»,- ընդգծում է Էդուարդ Ապրիյանը։

Նա ասում է, որ արտերկրում էլ գույքահարկը նույն տրամաբանությամբ է գանձվում՝ 0․1-ից  մինչև 1 տոկոս՝ շուկայական արժեքի հիմքով։ Էդուարդ Ապրիյանը կարծում է, որ Հայաստանի բնակիչները հարկերի վճարումն ավելի թեթև կտանեին, եթե  գումարները նպատակային ծախսվեն։

«Եթե ես ապրում եմ մի բակում, որտեղ սկսում եմ ավելի շատ հարկ վճարել՝ օրենքի փոփոխության համաձայն, ապա գոնե այդ գումարները ուղղվեին բարեկարգված բակ ունենալուն, զրուցարաններ, խաղահրապարակներ կառուցվեին։ Այս պարագայում արդեն հարկ վճարողի համար շոշափելի չէր լինի»,- նկատում է Ապրիյանը։

Գույքահարկը վճարվում է համայնքային բյուջե։ Նախաձեռողները վստահեցնում են՝  գումարները կուղղվեն համայնքների բարեկարգմանը։

Գույքահարկի նոր համակարգն ուժի մեջ է մտնելու աստիճանաբար։ Առաջին ամբողջական վճարումը սեփականատերերն անելու են 2026 թվականին, իսկ դրան նախորդող հինգ տարիներին վճարումներն անելու են մասնակիորեն.  առաջին տարում՝ 2021-ին, վճարելու են գույքահարկի 25 տոկոսը, 2022-ին՝ 30, 2023-ին՝ 35, 2024-ին՝ 50, 2025-ին՝ 75 տոկոսը, 2026-ին՝ 100 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close