ԿարևորՔաղաքական

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն) Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հունիսի 29-30-ը տեսակապի միջոցով առանձին, ապա և համատեղ հանդիպումներ ունեցան Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով  տարածաշրջանում առկա առողջապահական իրավիճակը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան, խաղաղ գործընթացին միտված հետագա քայլերը:

Այս քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

Տեսակոնֆերանսի արդյունքների վերաբերյալ համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել: 

«Համանախագահները կարևորել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի խթանումն ու պահպանումը, ինչն օգտակար է լիարժեք ու նպատակային բանակցությունների համար: Համանախագահները դրական են գնահատում հարաբերական կայունությունն ու գոհունակություն հայտնում, որ կողմերը շարունակում են օգտագործել անմիջական հաղորդակցության միջոցները լարվածությունից խուսափելու համար:

Հիշեցնելով 2019 թ. մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները, այնուամենայնիվ, մտահոգությամբ նշում են, որ վերջին սադրիչ հայտարարություններն ու կրքեր բորբոքող հռետորաբանությունը, որոնք միտված են իրավիճակի էական փոփոխությանը, կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Համանախագահները շեշտում են՝ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Նրանք կողմերին հորդորում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:

Համանախագահները շեշտում են նաև մոնիթորինգային գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հուլիսին անցկացնել ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս, հնարավորինս շուտ կազմակերպել նաև անձնական հանդիպում»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close