ԿարևորՀասարակություն

Գյուղում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքը ևս կստանա խնամքի նպաստ

Հուլիսի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքները՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։  Նոր կարգը նախատեսվել է «Պետական նպաստների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով։

Բարձրացել է նաև խնամքի նպաստի չափը։ Հուլիսի մեկից աշխատող կանանց կվճարվի 26 500 դրամ՝ 18000-ի փոխարեն:  Գյուղական բնակավայրում ապրող ծնողը, որը նաև վարձու աշխատող է, ըստ էության, կստանա կրկնակի նպաստ, այսինքն` 53 հազար դրամ։

ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում  հաշվառված ծնողը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը կարող է դիմել և ստանալ նպաստ, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյան․

«Այսօր խնամքի նպաստ հատկացվում է այն ծնողներին, որոնք գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նպաստը տրվում է մինչև երեխայի երկու տարեկան դառնալը։ Սա նշանակում է, որ երեխայի ծնվելու պահին կինը պետք է հանդիսանա վարձու աշխատող։ Նոր փոփոխությամբ՝ խնամքի նպաստ կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքին ՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից»,-ասում է Սաիյանը։

2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը բարձրացել է և 18000-ից դարձել 26500 դրամ։ Գյուղական բնակավայրում ապրող ծնողը, որը նաև վարձու աշխատող է, ըստ էության, կստանա կրկնակի նպաստ, այսինքն` 53 հազար դրամ։  Նոր կարգավորումներով վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Սա նշանակում է, որ ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը  կպահպանվի: Պարզեցվել է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացը:

Լուսանկարը՝ արխիվային

«Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլեւս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:

Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար եւ այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ՝ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում: Սմբատ Սաիյանի տեղեկացմամբ՝  առաջարկվող կարգավորումներով խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել են 12 ամիս:Եթե նախկինում  ծնողի դիմելուց հետո վերականգնվում էր նրա 6 ամսվա չստացած նպաստը, ապա նոր նախագծով դիմելուց հետո ծնողը կարող է ստանալ նախորդ ամբողջ ժամանակահատվածի համար չստացած գումարները:

Սմբատ Սաիյանը ներկայացնում է նաև իրականացված փոփոխությունների գումարային արժեքը.

«Այս տարվա պետական բյուջեով նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք նախատեսված  լրացուցիչ գումարներ։ Հուլիսի մեկից աշխատող կանանց վճարվող նպաստի չափը  18000-ի փոխարեն սահմանվել է 26 500 դրամ։  Սրա համար պետբյուջեից հատկացվել է շուրջ մեկ միլիարդ դրամ, ևս 450 միլիոն դրամ գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքների խնամքի նպաստը նշանակելու համար»։

Գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին հատկացվող խնամքի նպաստի գումարը 2021-ին բյուջեի վրա կնստի  շուրջ չորս միլիարդ դրամ, 2022-ին` ութ միլիարդ։

Ավելի վաղ կատարված փոփոխություններով 2020 թվականի հուլիսի 1-ից  բարձրանում  են նաև առաջին և երկրորդ երեխայի ծննդյան համար վճարվող նպաստի չափերը։ Հուլիսի մեկին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի համար  ծնողները կստանան 300 հազար  դրամ միանվագ օգնություն:

Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի  չափերը տարբերակված էին, մասնավորապես, առաջին երեխայի ծնվելու դեպքում  նպաստի չափը սահմանված էր 50.000, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ:

Back to top button