ԿարևորՀասարակություն

Տնտեսվարողներն ավելի զգոն են դարձել. փաստում են տեսչական ստուգումները

Արդեն մի քանի ամիս տեսչական տարբեր մարմիններ  այցելում են տնտեսվարողներին ու ստուգում, թե ինչպես են պահպանվում պարետի սահմանած կանոններն ու պահանջները։ Տեսուչներն ասում են՝ անցել են ավելի խստացված ստուգումների։ Արդյո՞ք հաճախակի դարձած այցելությունները փոխում են տնտեսվարողների վարքագիծը։

Տեսչական ստուգումները հուսադրող պատասխան են տալիս։  Սննդամթերքի անվտանգության տեսչության պետը վստահեցնում է, որ զգոնությունն ավելացել է, աշխատանքի   ու առողջապահական  տեսչական մարմնի աշխատակիցներն էլ հարցին վիճակագրությամբ են պատասխանում։

Խախտումներ թույլ տված տնտեսվարողների թիվն աստիճանաբար նվազում է, մարդիկ ավելի զգոն են դառնումփաստում են տեսչական ստուգումները։

Այսօր աշխատանքի   ու առողջապահական  տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում էին։  Ստուգվում է ամեն դետալ, պարետի ցուցումներից յուրաքանչյուրի կատարումը։ ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի մասնագետ Վարդգես Ռուբինյանի խոսքով՝ անցել են ուժեղացված հսկողության, ինչը պայմանավորված է վիրուսի մեծ  տարածվածությամբ։

«Ամեն փոքր խախտում լինելու է մեր ուշադրության կենտրոնում, ոչ մի ներում չի լինելու։  Այնպես որ՝ հորդորում եմ պահպանել կանոնները»,- ասաց Վարդգես Ռուբինյանը։

Առեւտրի խոշոր կենտրոններից մեկում երկարատեւ ստուգումն ընթանում է դաշնամուրային կենդանի կատարման ներքո, ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի համադրությամբ։

Առանց դիմակի ու ջերմաչափման որեւէ մեկը չի կարող մտնել առեւտրի կենտրոն՝ վստահեցնում է գործարար Արա Կարապետյանը։ Կենտրոնն, ըստ նրա,  օրական ունենում է 600–ից 700 հաճախորդ։

«Առանց դիմակի ներս չենք թողնում։ Պարտադիր ջերմաչափում ենք»,- նշեց Կարապետյանը։

Տեսչական մարմնի աշխատակիցներն անցնում են հարկերով ու բաժիններով․ ախտահանիչ միջոցներն առկա են, դիմակների ու ձեռնոցների համար կա առանձնացված աղբաման, աշխատակիցները դիմակով են, գծանշումներն արված են։ Ամեն բան համապատասխանում է պարետի սահմանած պահանջներին՝ արձանագրում է ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի տեսուչ Վարդգես Ռուբինյանը։ Տեսչական խստացված ստուգումների արդյունքում խնդիր է գրանցվել  միայն գրանցամատյանի վարման  հետ կապված․

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանի խոսքով՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների հիմքով պարետի կողմից փակվում էր դիտարկվածների 60.5 տոկոսը, երկրորդ շաբաթում ՝ 50 տոկոսը, ապա այսօր փակվում է ստուգվող կազմակերպությունների շուրջ 30 տոկոսը։

«Հունիսի 26-ի դրությամբ նորմերի խախտման դեպքերով 3840 գործունեության դադարեցում է գրանցվել, 38 հազար  ստուգում է իրականացվել»,- նշեց Լիանա Եղիազարյանը։

Խախտումների թիվը զգալի նվազել է՝  փաստում է նաև  Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը  արտակարգ դրության հայտարարումից ի վեր մոտ 15 հազար սննդի շղթայի օբյեկտ է ստուգել, որից  5 հազարը միայն 1-1,5 ամսվա ընթացքում, 1400–ից ավելի կասեցումներ են գրանցել։ Այժմ հիմնականում անուշադրությամբ պայմանավորված խախտումներ են՝ ասում են Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները, օրինակ` կարող են ջերմաչափել, բայց մոռանալ գրանցել գրանցամատյանում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close