ԿարևորՀասարակություն

«Հարուստների դեմ» օրենքը ընկճել է «բնիկներ»–ին

Անցած շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և  ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք միանշանակ չընդունվեցին  ոչ միայն Ազգային ժողովում, այլև՝ հանրության շրջանում։ Խոսքը գույքահարկի փոփոխության մասին  է, որով փոխվում է  բնակարանների և առանձնատների՝ անշարժ գույքի հարկման համակարգը։

Արդեն օրենք դարձած փաստաթուղթը ֆեյսբուքյան ֆլեշմոբի պատճառ է դարձել։ Ընդ որում՝ «բնիկ» երևանցիների ֆլեշմոբը նույնքան հակասություններ է առաջացրել, որքան գույքահարկի փոփոխությունը։ Թեև օրենքն արդեն ընդունվել է և նախատեսվում է, որ  ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից, բայց օրենսդիրները ֆլեշմոբի մասնակիցներին առաջարկում են հանդիպել և քննարկել խնդրահարույց հարցերը։

Հարուստներին հարկային դաշտ բերելու արդարացի նպատակը կրկին «ծանրացնում է» շարքային քաղաքացու հարկային բեռը։ Վերջին օրերին սա ամենատարածված և ամենատարածվող կարծիքն է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին։

Եթե դիտարկենք սանդղակը, որը հրապարակել է «իմքայլական» պատգամավորներից Արման Եղոյանը, ապա պարզ է դառնում, որ հանրապետությունում այսպես ասենք «գերհարուստ»՝ 130 միլիոն դրամը գերազանցող ընդամենը 1460 գույք է գրանցված։ 60–ից 100 միլիոն դրամ արժողությամբ շուրջ 8500 գույք կա։ Անշարժ գույքի ոլորտում ամենաշատը մինչև 35 միլիոն դրամ արժողությամբ գույքն է, որի քանակը մոտավորապես 387 հազար է։

Մի քանի օր է սոցիալական տիրույթում սկսվել  է «բնիկների» ֆլեշմոբը՝ «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» կարգախոսով:

Խնդիրն այն է, որ նախկինում մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ գույքը չէր հարկվում, այժմ ոչ միայն փոխվում է հարկման ձևը, այլև վերանում է չհարկվող շեմը։ «Բնիկ երևանցիներ»–ի ֆլեշմոբի մասնակիցների համար այս մոտեցումն անընդունելի է։ Առաջիններից այդ ֆլեշմոբին միացավ «Բարգավաճ Հայաստան»–ից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Ասում է՝ իր համար չէ, որ պայքարում է։

 «Այստեղ խնդիրը ես չեմ, որովհետև իմ բնակարանը բավականաչափ փոքր բնակարան է, «խռուշչովկա» է Աբովյան փողոցի վրա, և չեմ էլ բացառում, որ իմ դեպքում անգամ դա կարող է իջնել։ Ես չգիտեմ։ Բայց, իհարկե, սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին, որովհետև ես ճանաչում եմ նույն կենտրոնում բազմաթիվ կիրթ մտավորական ընտանիքներ, որոնք ասենք իրենց ծնողներից ժառանգել են ամենափոքր կենտրոնում բավականաչափ մեծ տարածքով բնակարաններ։ Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, այդ մարդիկ հիմա թոշակառու են, և իրենց համար իսկապես շատ դժվար է լինելու այդ գումարը վճարել»,- նշեց Զոհրաբյանը։

Այս պահի դրությամբ պետական որևէ կառույց չունի առցանց հաշվիչ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչքան է կազմելու իրենց վճարելիք հարկը՝ զբաղեցրած բնակարանի, տան կամ առանձնատան համար։ 2021–ի դեկտեմբերին ուժի մեջ է մտնելու անշարժ գույքի հարկման նոր կարգը, բայց արդեն այսօր բոլորս փորձում ենք հասկանալ՝ ինչ է փոխվելու և որքան է թանկանալու։  Առցանց հաշվիչ ամեն դեպքում առաջիկայում լինելու է, ավելին, այն արդեն մշակված է, վստահեցնում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Մենք կադաստրի կոմիետում առկա տվյալների բազայի հիմա վրա ստեղծել ենք հաշվիչ, որով հնարավոր է տարատեսակ սցենարների պարագայում հաշվարկել հին և նոր գույքահարկերի տարբերությունը։ Հաշվիչը արդեն իսկ ստեղծված է, մեր գործընկերներն էլ՝ ֆիննախից և կառավարությունից , ունեցել են հնարավորություն օգտագործելու դա։ Սակայն, դա դեռ առցանց դրված չէ, ընթանում են այն աշխատանքները, որ ավարտենք ինտեգրումը առցանց ծառայությունների մատուցման հարթակի հետ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան հավաքել կադաստրային ծածկագիրը կամ վկայականի համարը, կամ հասցեն և համապատասխանաբար ստանալ հին և նոր գույքահարկերը։ Համապատասխանաբար բաշխված առաջիկա տարիների վրա՝ անցումային ժամանակահատվածից ելնելով»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Անցումը նոր համակարգին տեղի է ունենալու փուլերով՝  6 տարվա ընթացքում։ Հաջորդ տարվանից գույքահարկը նոր կարգով սկսելու ենք վճարել 25 տոկոսից՝ մինչև 2026 թվականը հասցնելով 100 տոկոսի։ Իշխանական պատգամավորներից շատերը այս օրերին փորձում են բացատրել, թե ինչ են նախատեսում նոր փոփոխությունները։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը օրինակ է բերել․ 30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։ 2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։

Քանի դեռ առցանց հաշվիչը չի գործարկվել հաշվարկների գործը հեշտացնելու համար սանդղակ է հրապարկել Արման Եղոյանը։ Նա հստակեցնում է՝ «Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ»։

Կրկին «իմ քայլական» պատգամավորներից Տիգրան Ուլիխանյանն էլ փորձում է հիմնավորել, որ փոփոխությունները գույքահարկի միանշանակ ավելացում չեն ենթադրում, հնարավոր է նաև նվազում լինի։

«Այս օրենքի չընդունման դեպքում նախորդ տարվա մեր ընդունած օրենքի շրջանակներում՝ կադաստրային արժեքը էականորեն մոտարկելով շուկայական արժեքին, քաղաքացիները շատ ավելի շատ գույքահարկ կվճարեին այսօրվա կարգավորումներով, եթե մենք չփոխեինք օրենքը։ Այսինքն՝ իրականում գույքահարկի վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էականորեն ավելի քիչ են վճարելու։ Ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ այնուամենայնիվ, ավագանին կարող է և ունի իրավունք հավաքագրվելիք գումարի 10 տոկոսի չափով իր որոշմամբ՝ անհրաժեշտ և օբյեկտիվ պայմանների առկայության դեպքում իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես 0–անցնել գույքահարկի գանձման չափը»,- նշեց Ուլիխանյանը։

ԱԺ–ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը առաջարկել է հավաքվել և «բնիկ երևանցիների» ֆլեշմոբի մասնակիցների հետ քննարկել վիճահարույց խնդիրները։ Թե ինչ արդյունք կարող է տալ այդ հանդիպումը և արդյոք կփոխի արդեն փոփոխված օրենքը, հայտնի չէ։

Խորհրդարանական մեծամասնության ոչ բոլոր պատգամավորներն են, սակայն, ընդունում այդ մոտեցումը։

Տիգրան Ուլիխանյան․«Արդյո՞ք սահմանամերձ համայնքի մեր բնակիչները և Երևանի կենտրոն համայնքի մեր բնակիչները նույն չափով գույքահարկ պետք է վճարեն։ Արդյո՞ք կենտրոն համայնքում բնակվողները, ինչպես իրենք են նշում նաև «բնիկները», ինչ-որ առավելություններ ունեն այլ համայնքների և ծայրամասերում բնակվողների համեմատ։ Կարծում եմ ՝այս երկու հարցը ընդհանրապես հերիք է այս թեման փակելու համար»։

Նախկին ֆինանսների նախարարներից Էդվարդ Սանդոյանը նույնպես անմասն չի մնացել գույքահարկի քննարկումներից։ Նա պնդում է, որ գույքահարկին առնչվող փոփոխությունները պետք է կատարվեն եկամուտների համընդհանուր  հայտարարագրման համակարգի հետ միաժամանակ: Համընդհանուր հայտարարագրման մասին իշխանությունը խոսել է և հայտարարել, որ մտածում է այն ներդնելու ուղղությամբ։ Խոսքն այս դեպքում քննարկվող գաղափարի մասին է, իսկ գույքահարկի դեպքում ՝ արդեն կատարված քայլի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close