ԿարևորՀասարակություն

Արմավիրը 89 տարեկան է. քաղաքի տոնը կնշվեր, եթե համավարակ չլիներ

Արմավիրը 89 տարեկան է. քաղաքի տոնը կնշվեր, եթե համավարակ չլիներ:  Կնշվի հաջորդ  հոբելյանական տարում, իսկ քաղաքի օրվա մասին այս  անգամ  հիշեցրել են միայն  դրոշներն ու ցայտող  շատրվանները: Արմավիրում  փոփոխություններն առայժմ տեսանելի  են միայն կենտրոնում: Արմավիրցիները չեն հիշում, թե քաղաքում վերջին անգամ երբ են բակեր բարեկարգվել։ Քաղաքային իշխանությունը խոստանում է մինչև հաջորդ տարեվերջ տասնյակից ավելի բակեր բարեկարգել,  փողոցներ վերանորոգել և Արմավիրում մութ անկյուն չթողնել։

Պատմությունը հուշում է, որ  1931 թ հունիսի 26-ին Արարատյան դաշտի ամայի մի հատվածում, որն  օձերի ու կարիճների բնակատեղի էր, իսկ շրջակայքում  ճահճուտներ էին,  սկսվեց աշխատավորների դեպուտատների շրջանային խորհրդի գործկոմի շենքի կառուցումը: Սա  նախկին Հոկտեմբերյան քաղաքի հիմնաքարն էր, որը հետո դարձավ Արմավիր: Քաղաքի հնաբնակներից մանկաբույժ Զուրաբ Իբոյանը հիշում է Արմավիրի պոլիկլինիկայի կառուցման պատմությունը.

«1967-1968 թվականներն  էին, պոլիկլինիկան էին սարքում, նախատեսվել էր եռահարկ, բայց մեր էն ժամանակվա գլխավոր բժիշկ Արամ Մկրտչյանի համառության շնորհիվ, նա խնդրեց, պահանջեց, որ 4-րդ հարկն էլ կառուցվի: Պոլիկլինիկայի մի մասը տեղակայված էր առանձին երկհարկանի սև շենքում, մի մասը՝ հիվանդանոցի 1-ին հարկում: Դա շատ փոքր տարածք էր բնակչության սպասարկելու համար: Մենք ու բոլոր արմավիրցիներս շնորհակալ ենք Արամ Մկրտչյանին: Այդ շենքը հիմա մի կերպ է բավարարում»:

Թամանյանի ձեռագրի հետքն Արմավիրի հատակագծում կա․ արևի ճառագայթները ձգվում են տարբեր ուղղություններով, մեկը  հասնում է հյուսիս-արևմուտք՝ 108-րդ թաղամաս: Գրեթե 30 տարվա պատմություն ունեցող թաղամասի բնակիչներն անջատ են ապրել Արմավիրից և անտեսված.

«Թաղամասը, որտեղ ես ապրում եմ, բավականին անբարեկարգ վիճակում է, ուշադրությունից դուրս, բայց վերջին  երկու տարվա աշխատանքները թույլ են տալիս այլ կարծիք հայտնել»:

Իսկ ուշադրությունը ճանապարհի մասնակի բարեկարգումն էր, թաղամասում հայտնված տեխնիկան: Վերջերս Երևանյան փողոցում Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղու հիմնանորոգման աշխատանքների արդյունքում քանդված ու աղացած ասֆալտով հարթեցվել է  թաղամասի մուտքի քարուքանդ եղած ճանապարհը.

«Անհնար էր այդ ճանապարհով գնալը, այժմ բավականին բարեկարգված է, հեծանվորդների ենք տեսնում: Առաջ հեծանիվ քշող երեխա չկար, հեծանիվները ջարդվում էին: Ես էլ քանի անգամ փոխել եմ իմ հեծանիվի ակերը, որովհետև շատ շուտ էին փչանում»:

Թաղամասը չունի նաև գիշերային լուսավորություն, բնակիչները դիմել են քաղաքապետին: Դավիթ Խուդաթյանն ասում է, որ մինչև հաջորդ տարվա ավարտը Արմավիրում մութ անկյուն չի մնա.

«Լուսավորության ցանցն ենք ընդլայնում: Այս տարի աննախադեպ ծավալի  լուսավորության ցանց ենք անցկացրել, 10 կմ և ավելի նոր ցանց կկառուցվի և 2021թ վերջում կկարողանանք հայտարարել, որ Արմավիրում չլուսավորված կետ ուղղակի չկա»:

108 թաղամասի տարածքում անցյալ տարի հիմնադրվեց քաղաքի 2-րդ այգին, անցկացվեց ոռոգման համակարգ: Թաղամասը կարծես  միանում է քաղաքին։

«Ջրաշխարհի դիմաց ամայի տարածք էր, հիմա այնտեղ նոր տնկված այգի ունենք, որը պարբերաբար ջրվում է: Համոզված ենք, որ մենք այստեղ լավ կանաչ տարածք կունենանք»:

Արմավիրը  նոր տեսք ու ենթակառուցվածքներ կունենա ծառերի աճին զուգընթաց: Մինչ այդ քաղաքային զբոսայգում  մանկական զվարճանքի նոր վայր է ավելանում, մանկական կարուսելներն արդեն տեղադրվել են: Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է՝տարածքի կառուցումը կավարտվի օգոստոս ամսին.

«Տեղադրվող ատրակցիոնները լրիվ նոր են, քաղաքի համար հրաշալի պրոյեկտ է իրականացվում: Այգին նաև մանկական ժամանցի լավ վայր կլինի»:

89-ամյա Արմավիրի տոնը կնշվեր, եթե համավարակ չլիներ:  Կնշվի հաջորդ  հոբելյանական տարում, իսկ քաղաքի օրվա մասին հիշեցրել են  դրոշներն ու ցայտող  շատրվանները: Արմավիրում  փոփոխություններն առայժմ ակնառու  են կենտրոնում

«Էս շատրվանը փոփոխություն է, ճանապարհային շինարարություն է արվում՝ փոփոխություն է»

«Շառլ Ազնավուրի պուրակը շատ հաճելի է, որ կա, տարածքը սիրուն է, մաքուր, խնամված: Ազատամարտիկների հուշարձանի տարածքը ոնց որ թե բարեկարգում են, առաջ անխնամ վիճակ էր: Փողոցներում ծառեր են տնկել, վարդեր: Կուզեի ուշադրություն դարձնեին բակերի մաքրությանը, աղբը, ճիշտ է, ամեն օր տանում են, բայց բակերում  շատ ահավոր վիճակ է»:

Արմավիր քաղաքում հատուկենտ բակեր կան, որոնք համեմատաբար  բարվոք վիճակում են,  մյուսները  քանդված են:

«Մեր բակը շատ վատ վիճակում է՝ քանդված, փոշոտ, քարքարոտ, երեխեքը մեծանում են էդ փոշու մեջ: Խաղալիս ամեն անգամ երեխեքը ընկնում են ու մի լավ վնասվում՝ ոտքը, ձեռքը: Մի քանի օր առաջ մեր հարևանի երեխեն հեծանիվից ընկավ, քիթը ջարդեց »:

Պետության հետ համաֆինանսավորմամբ բակերի բարեկարգման մեկնարկը տրվելու է օգոստոս ամսին: 216 մլն դրամով բարեկարգվելու են 12 շենքի բակային տարածքներն  ու միջբակային ճանապարհները : Պետությունը համաֆինանսավորելու է  ծախսի 45, Արմավիր համայնքը՝ 55 տոկոսը:

«Սա ընդամենը սկիզբն է, մենք փորձելու ենք ամեն տարի էլ ավելի մեծացնենք քաղաքի զարգացման և քաղաքաշինության տեմպը, որպեսզի շատ կարճ ժամանակ հետո մենք ունենանք կոմպակտ, հարմարավետ, գեղեցիկ, կանաչ, ապահով քաղաք», -ասում է Արմավիրի քաղաքապետը:

Համաֆինանսավորմամբ բարեկարգվելու է նաև Արմավիրի շուկայի Չարենցի փողոցը ՝ Շահումյանից-Երևանյան ընկած հատվածն ու հարակից Շահումյան փողոցը՝ Չարենցից   Ջիվանու  միջանկյալ հատվածը:  Իսկ մինչ այդ Արմավիրի քաղաքապետը շնորհավորում է արմավիրցիներին, հորդորում կրել դիմակ, պահպանել կանոնները, խուսափել կորոնավիրուսը տարածելուց.

 «Կցանկանամ մեզ՝ բոլորիս, ուժ, կամք, համբերություն քաղաքի զարգացման գործում մեր լուման ներդնելու համար, որպեսզի մեր քաղաքը շարունակի լավագույն բնակության վայրը լինի եկող սերունդների համար»

89-ամյա քաղաքը հանգցնում է լույսերն ու սպասում նոր օրվան՝ նոր սպասելիքներով:

Back to top button