Ստարտափ Հայաստան

17-ամյա Սոնան ունի իր սեփական բիզնեսն ու վաղուց տնից գումար չի վերցնում․ «Ստարտափ Հայաստան»

Քանի՞ անգամ եք փողոցում քայլելիս ուշադրություն դարձրել մեր երիտասարդներին։ Երբևէ մտածել ե՞ք, որ նրացից ոմանք, օրինակ, կարող են արդեն բիզնես ունենալ, լուրջ հաջողությունների հասած լինել, կամ էլ որևէ տաղանդ ունենալ։

Սոնան 17 տարեկան է։ Բիզնեսով սկսել է զբաղվել 13-14 տարեկան հասակում։ Արտաքնի մեջ ոչինչ չկա, որը կմատնի երիտասարդ աղջկա գործունեության ոլորտի մասին։ Մի փոքր ուշադիրները միայն կարող են նկատել աղջկա ուսից կախված ձեռագործ պայուսակը, մի քիչ ավել ուշադիրներն էլ կարող են նկատել, թե ինչպես են աղջկան հաճախ կանգնեցնում և հարցնում, թե որտեղից իր պայուսակը։

Նա բիզնես գործունեությունը սկսել է վաղ տարիքից։ Հաճախել է նկարչության, ազատ ժամանակ շատ է նկարել, որոշել է, որ միայն թղթի վրա նկարելով չի ուզում սահմանափակվել, աշխարհը նկարիչներին ստեղծագործելու շատ ավելի հետաքրքիր հնարավորություններ է տվել, քան թուղթն է։

Սկսել է նկարել կտորների վրա, հետո որոշել է իրեն փորձել կար ու ձևի մեջ։ Էկո պայուսակներ է կարել։ Իր աշխատանքների ընթացքը հաճախ է տեսատարբերակով ցուցադրում մարդկանց, ցույց տալիս այն տեխնիկան, որով աշխատում է պայուսակների վրա, ասում է, որ դա լավ միջոց է, մարդիկ տեսնում են, թե ինչպես է երիտասարդ աղջիկն ամեն բան իր ձեռքով անելով կարողանում գումար վաստակել։

Իհարկե, 17 ամյա աղջկա բիզնեսը դժվար կհաջողեր, եթե չլինեին մեծերի ճիշտ խորհուրդներն ու օգնությունը։ Սոնայի հայրն, օրինակ, հենց փոքր տարիքից է աղջկան սովորեցրել, թե ինչպես պետք է շփվել հաճախորդների հետ, ինչից զգուշանալ և ինչին ուշադրություն դարձնել։

Այսօր, 17 ամյա աղջիկը հպարտությամբ է ասում, որ տնից էլ գումար չի վերցնում։ Հաջորդ անգամ, երբ քայլեք փողոցով ուշադիր նայեք մեր երիտասարդներին։ Զրնգուն ծիծաղով, փայլուն աչքերով և անհոգ դեմքերով երիտասարդներից շատերն այսօր Սոնայի պես բիզնեսով են զբաղվում։ Կարողանում են իրենց մասին հոգ տանել, շատերն անգամ տուն ու ընտանիք են պահում, իսկ նման երիտասարդներին մյուսներից տարբերելը դժվար չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close