ԿարևորՀասարակություն

Հետվիրուսային բարդություններ․ ցուցումներ վիրուսը հաղթահարած բժշկից

Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մարդը, պարզվում է,  կարող է հայտնվել հետվիրուսային բարդությունների փուլում։ COVID-19 հաղթահարած բժիշկը մեզ  հետ զրույցում իր օրինակով  է խոսել  խնդիրների մասին և փորձել խորհուրդներ տալ։  

Հետվիրուսային խնդիրների մասին առողջապահական  միջազգային հանրությունը  հստակ վերլուծություն և կոնկրետ ցուցումներ դեռևս չունի։ ԱՀԿ ներկայացուցիչներն առայժմ գերխնդիր համարում են Сovid 19-ի դեմ պայքարը ու վարակը հաղթահարելը։

Հերթական ահազանգը ԱՀԿ եվրոպական գրասենյակից է։  Կառույցը  Եվրոպայի 11 երկրներում,  որոնց թվում նաև Հայաստանն է,  վիրուսի տարածման դինամիկան  տագնապալի  է համարում։

«Մայիսի վերջին եմ  դուրս գրվել հիվանդանոցից, բայց մինչ օրս թուլություն, գլխապտույտ ու սրտխառնոց  ունեմ, նաեւ օդի պակաս եմ զգում» ։

Օրեր շարունակ  24 ժամ աշխատելն  ու  հոգնածությունը թուլացնում են անգամ վիրուսի դեմ պայքարող բժիշկներին։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ, վարակաբան Ելենա Սիլկան ամիսներ շարունակ պայքարել է այլոց կյանքի, առողջության համար, բայց վարակից խուսափել չի կարողացել։  Արդեն   մեկ ամիս է հաղթահարել է վարակը, բայց  մինչ օրս իրեն լիարժեք չի զգում։ Նա այս վիճակում  միակը չէ․շատերն են վիրուսը հաղթահարելուց հետո  դժգոհում թուլությունից , ախորժակի բացակայությունից ու այլ խնդիրներից։ Պարզվում է՝ պակաս լուրջ չեն նաեւ հետվիրուսային բարդությունները։

«Իմուն համակարգը հյուծվում է վարակի ընթացքում եւ առաջացնում  բարդություններ։ Գերհոգնածության, հիշողության վատացման կարող է բերել այս վարակը։ Այն վնասում է նաեւ բջիջները։ Այս երևույթները  կարող են տեւել 3–6 ամիս» ։

Պայքարի միջոցը դեղորայքային չէ, առողջ ապրելակերպ, առատ հեղուկներ, սննդարար ուտելիք՝  հուշում է բժիշկը։ Զուգահեռաբար  կարելի է վիտամին D եւ պոլիվիտամիններ ընդունել:

Համաճարակաբան Արման Բադալյանը դեռ վաղ է համարում հետվիրուսային բարդությունների մասին խոսելը։

Համաճարակաբանը բացատրում է, որ կապ ունի, թե ինֆեկցիոն ինչ դոզա է ներթափանցել օրգանիզմ։ Հետվիրուսային կազդուրման հարցում կարևոր է նաև տեղային իմունիտետը, վիրուսները  չեզոքացնող բջջային իմունիտետի վիճակը։ Համաճարակաբանը իմուն հիշողության բջիջների ուսումնասիրությունը կարեւորում է նաեւ պատվաստանյութի ստեղծման առումով։

Հետվիրուսային խնդիրների մասին առողջապահական  միջազգային հանրությունը  հստակ վերլուծություն և կոնկրետ ցուցումներ դեռևս չունի։ ԱՀԿ ներկայացուցիչներն առայժմ գերխնդիր համարում են Сovid 19-ի հաղթահարումը։

Կազմակերպությունը մտահոգված է կորոնավիրուսի տարածման նոր ալիքով, որը  պայմանավորում է կարանտինային սահմանափակումների մեղմացմամբ։

ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքով՝  Եվրոպայի 11 երկրներում, որոնց թվում նաև Հայաստանն է,  վիրուսի տարածման ցուցանիշներն այնքան մտահոգիչ են, որ եթե անհապաղ պատասխան քայլեր չձեռնարկվեն, առողջապահական համակարգերը կհայտնվեն կոլապսում։

Ո ՞րն է  պայքարի ռազմավարության հաջորդ քայլը։ Հանրային ռադիոյի այս հարցին պատասխանելով ՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կարևորեց անվտանգության կանոնների համընդհանուր պահպանումը։ Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում չկա իրավիճակի համարժեք գիտակցումն ու տրամադրությունը։

Քանի դեռ  պատվաստանյութ չի ստեղծվել, վարակի դեմ պայքարի հիմնական միջոցը դիմակն է։  Զերծ մնալ  հանրային միջոցառումներից,  լիարժեք պահպանել կանոնները։ Հակառակ դեպքում կառավարությունը ստիպված կլինի վերադառնալ սահմանափակումների  խիստ  ռեժիմին, ինչն, ըստ վարչապետի, կարող է կոտրել  տնտեսության ողնաշարը, բայց այլընտրանք չունենալ կյանքեր փրկելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close