ԿարևորՀասարակություն

Հայկական թեստերը ճշգրիտ են, մատչելի, կարող են բավարարել Հայաստանի ամբողջ պահանջարկը

Covid 19-ի ախտորոշման  հայկական  թեստերի արտադրությունը  պահանջել է շուրջ մեկ  ամիս՝ անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը ստանալուց հետո: Աշխատանքներում ներգրավվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի երեք լաբորատորիաների շուրջ 20 աշխատակից․ այս մանրամասները  մեզ պատմել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։  Նրա խոսքով՝ հայկական թեստերը ճշգրիտ են, ավելի էժան ու ամենակարևորը՝  գիտություն-կառավարություն համագործակցության լավ օրինակ են։

Լուրջ առաջընթաց՝  մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ այսպես էր արձագանքել  Covid 19-ի ախտորոշման  հայկական  թեստերի արտադրությանը՝ տեղեկացնելով,  որ  կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ  (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) տեղական  թեստերը կօգտագործվեն պետպատվերով իրականացվող հետազոտությունների համար։

🧪 Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության…

Gepostet von Arsen Torosyan am Mittwoch, 24. Juni 2020

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 2000 թեստ արտադրել՝  ասում  է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, թիմի աշխատանքները ղեկավարող Արսեն Առաքելյանը։ Նրա փոխանցմամբ՝ արդեն պատրաստ է  6500 թեստ: Ինչ վերաբերում է իրենց կողմից արտադրված թեստերի արժեքին. «Փոքր շուկայի հետազոտման արդյունքում մենք պարզել ենք, որ միջին արժեքը 10 դոլար է, իսկ մեր թեստի արժեքը շուրջ 2,5 դոլար է, քանի որ գործն անում ենք տարեկան բազային ֆինանսավորման շրջանակներում եւ միայն նյութերի արժեքն է խնդիրը»:

Նախապես պատրաստել են փոքր քանակով՝ մոտավորապես 650 թեստ, որից 350-ն ուղարկվել է փորձարկման: Փորձարկումը հաջող է անցել։ «Փորձարկման փուլն անցկացվել է ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնում: Փորձարկումներով համեմատվել են այդ կենտրոնում արդեն առկա տարբեր թեստերը եւ հայկական թեստերը»:

Նախապես հայտարարվել էր, որ օրական 2 հազար թեստ արտադրելու հնարավորություն կա: Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրենը նկատում  է, որ եթե արտադրողականությունն ավելացնելու անհրաժեշտություն լինի, կկարողանան նաև ավելի մեծ քանակ ապահովել: Արսեն Առաքելյանը վստահեցնում է՝ Covid 19-ի ախտորոշիչ թեստերի Հայաստանի պահանջարկը բավարարելու հնարավորությունն առկա է: 

Այս պահին ինստիտուտի տրամադրության տակ եղած նյութերը, որոնք օգտագործվում են կորոնավիրուսի հայտնաբերման թեստերում, կբավականացնեն 100 հազար թեստ պատրաստելու համար: Հիշեցնենք, որ թեստերի մշակման համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար կառավարությունը հատկացրել է 250 000 դոլար։ Իսկ արդյոք ինստիտուտնը հետագայում կկարողանա արտադրական շղթան ապահովել և արդեն իր եկամուտների հաշվին գնել անհրաժեշտ նյութերը:

«Ինստիտուտը թեստերի արտադրությունից շահույթ չի ստանում, որովհետեւ պետությունը մեզնից  դրանք ոչ թե գնելու է, այլ  նյութերը գնել եւ տրամադրել է, որի դիմաց մենք նույն քանակով կառավարությանը վերադարձնելու ենք թեստեր»:

Նախաձեռնությունը կարող է դառնալ հետաքրքիր բիզնես-նախագիծ: Դրանով, սակայն, պետք է հետաքրքրվեն դեղագործական ընկերությունները՝ կարծում է Արսեն Առաքելյանը:

Թեստերը կօգտագործվեն պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Տեղական թեստերի պատրաստման գործընթացն, ընդհանուր առմամբ, տևել է մոտ մեկ ամիս՝ նյութերի վերջին խմբաքանակը ստանալուց հետո: Աշխատանքներում ներգրավվել է ինստիտուտի երեք լաբորատորիաների շուրջ 20 հոգանոց թիմը։  Արսեն Առաքելյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում արտերկրի և Հայաստանի բոլոր այն հաստատություններին ու գործընկերներին, որոնց աջակցությամբ հնարավոր է  եղել հասնել արդյունքի։ Ծրագրին նաև աջակցել է ՀՀ ԳԱԱ-ն։

Հայաստանի համար բացառիկ այս հաջողությունը ընդունված պրակտիկա է աշխարհի շատ երկրներում՝ նկատում է Արսեն Առաքելյանն ու գնահատում բժշկագիտության ոլորտի այս ձեռքբերումը: Սա վառ օրինակ է, թե ինչ արդյունքի կարելի է հասնել գիտություն-կառավարություն համագործակցության արդյունքում։ Գիտությանն ընդամենը հարկավոր են հնարավորություններ լիարժեք դրսևորվելու համար։ Այս պահին Հայաստանին անհրաժեշտ է ներդրումների միջոցով հզորացնել գիտահետազոտական ենթակառուցվածքները, և նման հաջողությունների պակաս չի լինի՝ եզրափակեց մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close