ԿարևորՀասարակություն

Սեփականության պայքար՝ Վայքի մութ սարերում․ հարձակվողը հայտնի է

Մինչ աշխարհը տարված է կորոնավիրուսի դեմ պայքարով, Վայքի սարերում ամեն գիշեր մի այլ պայքար է ընթանում։ Մեր մեղվապահ զրուցակիցը պատմել է, թե ինչու է ամեն գիշեր լուսաձայնային հնարքների մի ողջ փաթեթ գործի դնում Արտավան գյուղի մութ սարերում։

Այսպիսի սարքեր մեկ Պենտագոնն ունի, մեկ էլ ես՝ կատակում է մեղվապահ զրուցակիցս։ Նարեկ Վարդանյանն է, ցերեկը քնել, փոքր-ինչ հանգստացել, գիշերվա դեմ պատրաստվել է տանից դուրս գալ։ Սար է գնում, որտեղ մեղվի իր փեթակներն են։ Արտավան գյուղի շքեղ բնությունն ամեն տարի էլ շռայլ է ընտիր մեղր ստանալու հարցում։ Միայն թե այս տարի մեղրի մասով իրենց անբեկանելի հավակնությունն են պարտադրում սարերից իջած արջերը։ Նարեկն արդեն մեկ անգամ չէ, որ մի քանի մետրի վրա՝ իր շնչին մոտիկ, լսել է սարը հեւիհեւ բարձրացած արջի շունչը։

Նարեկն արջի դեմ իր հերթապահության չակերտավոր «դարդերը» պատմում է Համլետին։ Վերջինիս էլ են պատմություններ հայտնի, երբ մեղվափեթակներն արջից պաշտպանելու գնացած ընկերներին  գիշերը հաղթել են թե՛ քունը, թե՛ արջը։ Արթնացել են՝ փեթակներն արդեն արջի ատամների ու թաթերի հետքերով գտել։ Միայն թե մեղր արդեն չկար։

Նարեկն էլ մի օր այդ վիճակում էր գտել իր փեթակը։ Մեղրի շրջանակների, իր խոսքով՝ ռամկաների վրա՝ արջի կծվածքը։ Երեւի փոքր է եղել, որ շուտ է կշտացել՝ մեկով, ենթադրում է Նարեկը։ Բայց փաստ է՝ արջն առանձնացրել ու կոտրել էր ամենամեղրաշատ փեթակը։

Արջին Վայքում ուստա որսորդ են ասում։ Գիտեն՝ այս կենդանին տարբերում է անգամ քնած եւ արթուն մարդու շնչառությունը։ Գիտեն նաեւ՝ արջի դեմ անգամ հրացանով ուղիղ պայքարի դուրս գալն է վտանգավոր։ Հատկապես, եթե քաղցրակեր գազանը թմբլիկ է, ինչը հիմնականում այդպես է, փամփուշտը կարող է չթափանցել մորթու ու ճարպի շերտի տակ։ Ու այս դեպքում պայքարի դուրս եկող մարդը կարող է կորցնել ոչ միայն մեղրը։ Հումորով հանդերձ՝  Նարեկը նաեւ լուրջ քայլեր է ձեռնարկել․ սարք-արքավորումներ տարել սար։

Նարեկն Արտավանի սարերում միակը չէ իր հակաարջ-հակահետախուզական պայքարում։ Վայքի այս գյուղում շատերն են նման պայքարի դուրս եկել։ Գիշերն այստեղ պարբերաբար հրավառություն է լինում, բայց ոչ տոնական։ Ճայթուկներն այստեղ աղմկում են մոտեցող արջերին վախեցնելու համար։ Ամեն գիշեր այստեղ նոր տարի է՝ կատակում է խոսակցությանը միացած Գոռը։

Արջերը նախորդ տարիներին էլ են այցելել մեղվապահներին։ Բայց այս տարի նրանց ներկայությունը խիստ զգալի է։ Զրուցակիցներս դա կապում են անցյալ տարվա հրդեհների հետ։ Էկոհամակարգի խաթարումն է ծուռթաթ բարեկամների ուղին ծռել դեպի գյուղեր։

Իսկ փեթակներում էլ այս շրջանում մեղրը շատանում է, ծորում, բուրում, խելքահան անում համադամասեր կենդանուն։ Օգոստոսի կեսին մեղրաքամն է, պայքարին քիչ մնաց։  Իսկ պայքարի ելքը կանխատեսել դժվար է։  

Back to top button