ԿարևորՀասարակություն

Մաքսիմալը՝ կորոնավիրուսի հետ որակով ապրելու հմտություն ձեռք բերելու համար

Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ պետք է կարողանանք մաքսիմալ բարձր որակով ապրել կորոնավիրուսի հետ՝ ապահովելով կանոնների համընդհանուր պահպանումը՝ այսօր պարերատան նիստից հետո ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով  Հանրային ռադիոյի հարցին, թե որն է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության հաջորդ քայլը՝ նկատի ունենալով հանգամանքը, որ ԱՀԿ-ն Հայաստանը դասում է մտահոգիչ երկրների թվին։

ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ կազմակերպությունը մտահոգված է Եվրոպայի 11 երկրներում, այդ  թվում՝ Հայաստանում,  վիրուսի տարածման ցուցանիշներով, կարծում է, որ  եթե անհապաղ պատասխան քայլեր չձեռնարկվեն, առողջապահական համակարգերը կարող են կանգնել կոլապսի առջև։

Միշտ ունենք տնտեսական, առողջապահական և սոցիալական  խնդիրները  ճիշտ բալանսավորելու  անհրաժեշտություն՝ ասել է վարչապետը և ընդգծել․ «Ապրիլին 70 հազար աշխատատեղ փակվել է, և ասել ենք, որ եթե այդ ռեժիմը շարունակվի, կարող ենք սոցիալական կոլապսի առջև կանգնել։ Մեզ համար ակնհայտ էր, որ պետք է մաքսիմալն անել կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություն ձեռք բերելու համար»։

Վարչապետի կարծիքով՝Հայաստանում չկա իրավիճակի համարժեք գիտակցումն ու տրամադրությունը։

Ըստ Փաշինյանի՝ կանոններն ունիվերսալ են, խնդիրը դրանց պահպանման որակի ,  դրանց համատարած, համընդհանուր ու աներկբա կատարումն ապահովելու մեջ է։

«Մեր խնդիրը փողոցում առանց դիմակի քայլող  մարդիկ են, բակերն են , թաղումներն ու հոգեհանգստյան արարողություններն են։ Պետք է կարողանանք անհատական վարքագծի փոփոխություն ապահովել»։

Վարչապետը չի բացառել սահմանափակումները խստացնելու հեռանկարը՝ նշելով, որ դա կարող է կոտրել  տնտեսության ողնաշարը, բայց անհրաժեշտ լինել կյանքեր փրկելու համար։

Back to top button