ԿարևորՀասարակություն

Հայ ինժեներների 3D պայքարը կորոնավիրուսի դեմ

Պայքարին զուգահեռ համավարակն աշխարհին ստիպում է կատարելագործել պայքարի միջոցները, օրինակ` մտածել նոր դիմակների արտադրության մասին՝ ըստ երևակայության ու հնարավորությունների։ Հայաստանում էլ նման գաղափարներ  կան։ Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում, օրինակ, փորձարկում են եռաչափ մոդելավորմամբ պատրաստված դիմակները և  մտածում դրանց արտադրության մասին։

Սև, սպիտակ եզրերով, մեզ ծանոթ դիմակներից տեսքով բավական տարբեր․եթե Երևանի որևէ փողոցում արտասովոր դիմակով մարդ տեսնեք, չզարմանաք։ Ինժեներ, Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում  իզոտոպների արտադրման հետազոտման բաժնի գիտաշխատող  Անդրանիկ Մանուկյանն իր տպած դիմակն է փորձարկում  հասկանալու  համար՝ հարմա՞ր է, թե՞ ոչ։

«Իրականում շոգ է, քանի որ դիմակը պլաստիկից է, միայն ֆիլտրի տեղն է բաց։ Մյուս կողմից՝ եթե դեղատնից ֆիլտրով  դիմակը  պետք է գնեմ 2 հազար դրամով, որը, ըստ դեղատան աշխատողի, կարող եմ կրել մեկ ամիս, ապա այս տարբերակով  կարող եմ  4 ամիս դիմակ ունենալ ու վճարել 5 հազար դրամ»,- ասում է ինժեները։

Այն, ինչ մենք տեսել կամ կրում ենք, կապ չունի եռաչափ մոդելավորմամբ պատրաստված դիմակի հետ։ Մարդկանց առաջին արձագանքն, ըստ Անդրանիկի, բուռն է, հատկապես երեխաներինը։ 

«Երեխաները շատ զվարճանքով են նայում, երևի ինչ-որ ֆիլմերի են նմանեցնում։ Տարիքով ավագներն  էլ  հետ են քաշվում։ ֆուտուրիստական ֆիլմերում օգտագործվող դիմակներին  մի քիչ  նմանություն ունի»,- ասում է Անդրանիկ Մանուկյանը։

Իզոտոպների արտադրման  հետազոտման բաժնում  համավարակի առաջին իսկ օրերից են սկսել մտածել, թե ինչ առաջարկներ ներկայացնեն համավարակի դեմ պայքարելու համար։  Նախ` որոշեցին եռաչափ տպիչներով արհեստական սարքերով զբաղվել, ուսումնասիրեցին, նախագծեցին, եղածները վերանորոգեցին, սակայն, հասկացան, որ մեկ կամ երկու հոգով այս գործը գլուխ բերել չեն կարող։

«Եթե անգամ սարքեինք, որևէ մեկը դա չէր լիցենզավորելու, և բնական էր, որ որևէ մեկը միանգամից հիվանդին դա չէր միացնելու։ Իմաստը կորավ, թեման մի կողմ դրեցինք, ուսումնասիրեցինք դիմակները»,- պատմում է Մանուկյանը։

Ուսումնասիրեցին  ու  որոշեցին  եռաչափ  տպիչով դիմակներ  պատրաստել։

«Եռաչափ մոդելավորմամբ դիմակներն աշխարհում ընդունված ու քննարկվող թեմա է, համացանցում բաց դրված են տարբեր ձևեր ու մոդելներ։ Մենք վերցրեցինք դրանցից մեկը,  որոշակի փոփոխություններ արեցինք։ Քանի որ չունենք 3D սքաներ, որ կարողանանք մարդու դեմքը սքանավորել, որ շատ ավելի հարմար տարբերակ անենք։ Ես չեմ լսել, որ մեզ մոտ էլի լինեն նման առաջարկներ»,- ասում է ինժեները։

Դիմակներն այժմ  փորձարկման փուլում են,  թեստավորվում են  նաև ֆիլտրերը։

«Ստանդարտ թեստավորումը, որն անցնում են բոլոր ֆիլտրերը, մեզ մոտ չեն արվում։ ֆիլտրերը բազալտի մանրաթելիկներից են, որոնք մշակվում են քիմիական մեթոդով և վիրուսները պահում են իրենց վրա։  Նաև ռադիոավիացիոն հատվածն ենք փորձարկել»,- նշում է Մանուկյանը։   

Նախնական տվյալներով դիմակը  հնարավոր կլինի կրել մեկ ամբողջ օր, Ավելին մանրամասն հեղինակները խոստանում են խոսել թեստավորման արդյունքներն ունենալուց հետո։      

Back to top button